Книга - Քնքուշ լարեր

a
A

Քնքուշ լարեր
Նար-Դոս


Սեփական խղճի դատաստանի առջեւ Է կանգնեցնում իսկական սերը նաեւ իշխանուհով: Նա ուզում Էր հետ նայել, լսել տարիների, «մանկության հեովոսէ մարած ձայներ», արթնացած խղճի ձայներ: Բայց մոտիկ անցյալը մութ գիշերի նման անթափանց Էր թվում, միայն հատուկենտ լույսեր Էին ասղնտում հուշերի հա֊մատարած սեւ պաստառը… նրա հայացքն ուղղված էր իր ներսը, ՚ ուր մի զարմանահրաշ պատուհան էր բացվել անցած տարիների վրա։ Թելերը, որ նրան կապում էին հին ճանապարհի հետ եւ խաոնվել-խճճվել էին նրա կյանքի թելին, հարազատ էին ու թանկ։ Հուշերը ծանոթ արահետներով նրան տանում են հեռու-հեռու։ Եվ խղճի խայթի պես մի բան ծակում է սիրտը, իրենից հաշիվ էր պահանջում ազնիվ, բարի, հոգատար ամուսինը, որին զոհել էր սեփական հաճույքներին բավարարություն ՛տալու համարՆա մտորում է իր կորցրած տարիների մասին, այն կյանքի մասին, որ նոր էր սկսվել եւ որ կարող էր սկսվել ավելի վաղ։ Իշխանուհին փախչում է մենակությունից, վախենում ինքն իր հետ, ծանր հուշերի ու մտքերի հետ մենակ մնալուց։ Իսկ հուշերն ու մտքերը հնտապնդոլմ են նրան,, անդադրում փնտրում տանջալից «ինչու»-ների պատասխանը, փնտրում տարիների հեռվում, այն օրերում, երբ այնպես թեթեւ էր նայում կյանքին։ Կորցրել էր մի ավելի թանկագին բսւն եւ չէր նկատեք իր կորուստը։ Իշխանուհին մտքերի մեշ աննկատելիորեն փորձում է ճանապարհ հարթել արդարացման համար, իր խղճի հետ հաշտության ելք է որոնում՝ հիմնովին սրբագրելով երեկվա իր հայացքները կյանքի մասին։ Գրողը հոգեբանական ՛երեւույթների պատճառները որոնում է կյանքի պայմանների, միջավայրի ու դաստիարակության եղանակի մեշ։





Նար-Դոս

Քնքուշ լարեր





Ա

ԹԱՏՐՈՆՈԻՄ


Թիֆլիսի Ամառային թատրոնում հայ թատրոնասերները բարեգործական նպատակով ինչ-որ ներկայացում էին տալի: Գուցե «բարեգործական նպատակն» էր պատճառը, որ բոլոր տոմսերը ծախված էին, որովհետև արդեն հայտնի իրողություն է այն, որ հայ «մշտական» խմբի ոչ-բարեգործական նպատակով տված ներկայացումներին գրեթե միշտ տորիչելյան դատարկություն էր տիրում թատրոնում, ժողովուրդը, որ բաղկացած էր գլխավորապես ինտելիգենտ կոչված դասից, նշանակյալ ժամանակից դեռ կես ժամ առաջ արդեն սկսել էր տեղալ դեպի թատրոն: Վերնահարկում, ուր հաճախում են գլխավորապես քաղաքի չքավոր հայ ուսանողները, արդեն սկսվել էր իրարանցումը: Բոլոր օթյակները բռնված էին: Նրանցից շատերի մեջ նստած զրուցում էին երկու սեռի ներկայացուցիչները՝ մարդիկ և կանայք, իսկ շատերի մեջ, աթոռների վրա գտնվում էին միայն նրանց անշունչ ներկայացուցիչները՝ կանանց գլխարկներ, շալեր, դիտակներ, իսկ նրանց տերերը, որովհետև տակավին վաղ էր, զբոսնում էին սրահում:

Երկու հարևան օթյակներ միայն տակավին դատարկ էին: Նրանց այդ գիշերվա վարձողները կամ մյուսների նման անհամբեր չէին, կամ տակավին չէին վերջացրել իրենց զարդարանքների ամենավերջին անճշտությունները: Սակայն շուտով նրանցից մեկի դուռը բացվեցավ, և ներս մտան մի տղամարդ ու կին: Նրանք անմիջապես նստեցան իրենց աթոռների վրա և լուռ սկսեցին նայել հանդիսականներին, որոնցից ոմանք համբերությունից դուրս գալով, ծափահարում էին, մոռանալով, որ մինչև նշանակյալ ժամանակը տակավին կես ժամ կա, իսկ ոմանք ժպտալով, կամ լուրջ կերպով զրույց էին անում միմյանց հետ:

Ստեփաննոս Հարունյանը (այդպես էր կոչվում տղամարդը) մի բարձրահասակ, լայն թիկունքով և վեհանձն մարդ էր: Նա շատ ծանր և լուրջ էր, ինչպես առհասարակ լինում են խելացի և հաստատակամ բնավորությունները: Նրա բոլոր շարժումների և խոսակցության մեջ նկատվում էր զարմանալի զգաստություն, որ միայն բնատուր է լինում և իսկույն որոշվում է կեղծից: Նա կլիներ մոտ երեսունևհինգ տարեկան, բայց նրա դեմքը հենց առաջին հայացքից կեղծում էր, նրան այդ տարիքից ավելի երիտասարդ ցույց տալով: Ազնվությունն ու բարությունը միախառնվելով` նրա գեղեցիկ և փոքր-ինչ այլայլված դեմքին տվել էին մի այնպիսի արտահայտություն, որ նայողը կամենում էր նրան փոքր-ինչ երկար նայել, առավելապես նրա համար, որպեսզի ասեր. – ի՛նչ քաղցր մարդ է դա: Նրա երկար ու լայն շիկագույն մորուքը, որին նա սովորության ուներ ստեպ-ստեպ ձեռքով հարթելու, ծածկում էր գրեթե լայն, դուրս ընկած կուրծքի մի մասը: Երբեմն նա սովորություն ուներ յուր մեծ-մեծ, խոհուն աչքերը կիսախփել և այդ ժամանակ նրա դեմքը փոքր-ինչ մռայլվում էր, գրեթե մելամաղձոտ արտահայտություն էր ստանում, բայց նա բնավ մելամաղձոտ չէր, որին և վկա էր նրա գրավիչ, փափուկ ձայնը: Նա ծառայում էր տեղական արքունական պալատակերից մինում մեծաքանակ ռոճիկով: Ամբողջ տասը տարի նա վարում էր յուր պաշտոնը, և ոչ ոք նրա մասին մի դժգոհություն չէր հայտնել: Բոլոր նրան ճանաչողները սիրում և հարգում էին նրան: Ամենքը մատնացույց էին անում նրա վրա, իբրև մի անկեղծ, ճշմարիտ և յուր կոչմանն ու պաշտոնին հավատարիմ մարդու վրա: Նրա անկեղծությունն ու ճշմարտությունը մի այնպիսի հռչակ էր հանել պալատում, որ ամենքը նրա ստորադրյալներից ամբողջ մարմնով դողում էին, երբ նա հաշիվ էր պահանջում նրանցից իրենց հանձնված գործերի մասին: Նրանք երկյուղ էին կրում, թե միգուցե նա մի որևիցե զեղծումն գտնե իրենց կատարած գործերի մեջ: Եվ վա՛յ նրան, ում մեջ այդ գտնում էր. – նա անմիջապես զրկվում էր յուր պաշտոնից: Շատերին էլ նա առաջին անգամը ներում էր, բայց այն պայմանով միայն, որ ոչ մի ժամանակ այլևս այդ չկրկնվի: Սակայն, ինչպես ամեն մի ճշմարիտ մարդու, նույնպես և նրան, կային մարդիկ, որոնք ատում էին և նրա վրա չարախոսում էին, և այդ հասկանալի է, թե ինչու և ի՛նչպիսի մարդիկ պիտի ատելիս լինեին նրան… ճշմարտության ու անկեղծության անհաշտ թշնամիներն ամեն կերպ աշխատում էին արատ ձգել նրա անբիծ անվան վրա, բայց զուտ փայլուն ոսկին իրեն վրա ոչ մի ժանգ չի ընդունում, նա շարունակում է ավելի ու ավելի փայլել և յուր պայծառ շողերով ծակծկել, կուրացնել նրանց աչքերը…

Նրա կինը, տիկին Նունե Հարունյանը, քսանևհինգ տարեկանից ավելի չէր կարող լինել: Նա այնքան քնքուշ էր, նրա փոքրիկ դեմքի գծերն այնքան նուրբ էին, որ առաջին հայացքից ավելի մի մանկահասակ աղջկա էր նմանում, քան կնոջ, որի դեմքի վրա սովորաբար և բնականաբար այլևս չէին փայլում կուսական թարմությունը, անփորձությունը, անհոգությունը: Նրա դեմքի և ձեռքերի սպիտակ-դեղնագույն կաշին այնքան նուրբ էր, այնքան թափանցիկ, որ իսկույն կարելի էր նշմարել, թե ի՛նչպես ճյուղավորվում էին դրա տակ նրա կապույտ երակները: Նրա սև հոնքերը, փայլուն մազերն և մանավանդ մեծ-մեծ ու միշտ ժպտող ու խոնարհ աչքերը, որոնց մեջ նկատվում էր մի տեսակ, գրեթե կուսական ամոթխածություն – ավելի պատիվ կբերեին մի խոշոր գեղեցկուհու, քան դրան, որ, ըստ երևույթին, մի հիվանդոտ կնոջից ոչնչով չէր զանազանվում: Բայց մի բան, որ ամենաանհարմար կերպով խանգարում էր նրա քնքշատիպ գեղեցկության ներդաշնակությունը – այդ նրա հարթ կուրծքն էր, որ կարծես զուրկ էր ստինքներից – կնոջ արտաքին փայլի այդ պսակներից:

Նրանց մտնելուց հազիվ թե անցել էր հինգ րոպե, երբ հանկարծ բացվեցավ նրանց կից օթյակի դուռը, և մի շքեղ սևազգեստ կին վեհապանծ ներս մտավ: Նրա մտնելուն պես բոլորը` թե՛ օթյակներից, թե՛ պարտերից և թե՛ մինչև անգամ վերնահարկից՝ աչքերը դեպի նա դարձրին և բոլորն էլ, ըստ երևույթին, գրավվեցան նրա հենց առաջին հայացքից աչքի ընկնող հրաշալի գեղեցկությամբ: Եվ իրավ որ նա անզուգական գեղեցկուհիներից մեկը կարող էր համարվել, եթե չհիշենք նրա տարիքը, որ՝ մոտավորապես որոշելու համար՝ բավական չէր հեռվից միայն նայել կամ հարեվանցի ակնարկ ձգել նրա վրա, որովհետև այդպիսի դեպքերում նա քսան, քսանհինգ տարեկան կնոջից ոչնչով չէր զանազանվում, այլ հարկավոր էր ավելի մոտիկից և երկար նայել նրա դեմքին – և նա մոտ երեսուն ամբողջ գարուններ անցրած կին էր երևում: Յուր բոլոր արտաքին տեսքով նա ներկայացնում էր տիկին Հարունյանի բոլորովին հակապատկերը: Կարծես, բնությունը, նրանց ստեղծելով, կամեցել էր ցույց տալ, թե որքան ինքը հմուտ է հակապատկերներ ստեղծելում: Նա բարձրահասակ էր, ոչ հաստ և ոչ բարակ, բայց լի, հարուստ կրծքով, որ միշտ առանձին վեհությամբ դուրս ձգած լինելով` նրան թագուհու էր նմանեցնում: Իսկույն երևում էր, որ նրա՝ առանց այն էլ գեղեցիկ դեմքին կոսմետիկ ասած բանը չէր դիպել երբեք, նայելով նրա բնական սպիտակ ու կարմիր այտերին, որոնց վրա փայլում էր տակավին երիտասարդության թարմության դրոշմր, և որոնք այդ գիշեր սաստիկ վառվում էին և նրա գեղեցկությունը կրկնապատկում: Նշանավոր էր նրա կանոնավոր քիթն և առավել ևս նրա մեծ-մեծ, կրակոտ, թուխ աչքերն երկար թերթերունքներով, որոնք մի ակնթարթում կարողանում են նույնիսկ պաղպսրյուն յուրաքանչյուր երիտասարդի ընկճել և գերել: Այդ գեղեցկուհու ազդեցությունը կրկնապատկում էր նրա շարժունությունը, որ հատուկ է լինում գլխավորապես ազնվական և եվրոպական – արիստոկրատ շրջաններում սնված և մեծացած կանանց

Նախքան նստելը, նա առավ կրծքի վրա կախած պատկառելի պենսնեն և, մոտեցնելով աչքերին, սկսեց անցնել նախ բոլոր օթյակների կարգը, հետո նայեց դեպի ներքև, որից հետո, որպես հպարտ թագուհի, ձգվեցավ աթոռի վրա:

Հարունյանները հետաքրքրությամբ դիտում էին այդ՝ իրենց անծանոթ հարևան գեղեցկուհուն, որ այնպես վեհանձն ու ազատ էր պահում իրեն և, ինչպես երևում էր, բոլորովին մենմենակ էր եկել թատրոն:

Հանկարծ անծանոթ գեղեցկուհին դեմքը դեպի նրանց դարձրեց, և նրա հայացքը հանդիպեց տիկին Հարունյանի հայացքին: Նրանք սկսեցին անխոս և անթարթ նայել միմյանց դեմքին, մանավանդ առաջինը, որի դեմքը հետզհետե հետաքրքրական արտահայտություն էր ստանում: Տիկին Հարունյանն ուղղակի նայում էր նրա աչքերին, որոնք, կարծես, նրան ծանոթ էին թվում, նրա մեջ ինչ-որ մութ հիշողություն էին զարթեցնում: Մինչ նա ամեն կերպ աշխատում էր յուր այդ հիշողության վրա լույս ձգել, անծանոթ գեղեցկուհին, պենսնեն մի քանի անգամ աչքերին մոտեցնելուց հետո, վեր կացավ և մոտեցավ նրան յուր օթյակի մեջ, հարցրեց ժպտալով.

– Ներեցե՛ք ինձ, դուք իմ ծանոթս գալիս եք. ես ձեզ մեկի նմանությանն եմ տալիս և չգիտեմ արդյոք դուք նա՞ եք, թե իմ աչքերս են միայն ինձ խաբում… կբարեհաճեի՞ք արդյոք կասկածս փարատել, հայտնելով ինձ ձեր անունը:

Այն եղանակը, որով նա մի առանձին արագախոսությամբ արտասանեց այդ բառերը, և ընտիր ձևերը, որ գործ դրեց այդ բառերը արտասանելիս – իսկույն ցույց էին տալիս, որ նա հասարակ մարդու կին չէր, կամ հասարակ տեղերում չէր մեծացել, և որ նա յուրացրել էր բարձր շրջանի բոլոր ձևերը:

Տիկին Հարունյանը փոքր-ինչ շփոթվեց այդ արիստոկրատ գեղեցկուհու պատկառելի անձնավորության առաջ, բայց շուտով իրեն հավաքելով, պատասխանեց նույնպես ժպտալով.

– Նունե Հարունյան:

– Նո՞ւնե… Հարունյա՛ն, – արտասանեց իսկույն անծանոթ գեղեցկուհին առաջին բառը շուտ, իսկ երկրորդն` երկարացնելով և մի տեսակ զարմացական և հարցական եղանակով, որի ժամանակ նա աչքերը կիսախփեց և սկսեց ավելի խոր նայել նրան: – Նունե Հարունյա՞ն, թե Նունե Ազարյան:

– Ա՛խ, դուք չեք սխալվում, – շտապով պատասխանեց աբան Նունե Հարունյանը, միևնույն ժամանակ զարմանալով, թե ո՛րտեղից գիտե այդ անծանոթ տիկինն յուր ազգանունը: – Ազարյան հայրական ազգանունս է, իսկ Հարունյան – ամուսնուս…

– Ա՛, ուրեմն ես չեմ սխալվել…

– Բայց ներեցե՛ք հետաքրքրությանս, – ընդհատեց նրան տիկին Հարունյանը, ավելի խոր նայելով նրան, – դուք ո՞րտեղից եք ինձ ճանա…

Նա չվերջացրեց յուր խոսքն և զարմացած ու ապշած նայելով նրա ժպտող աչքերի մեջ, վեր կացավ տեղից, կարծես նրա մութ հիշողությունը հանկարծ պարզվեց:

– Սո… մի՞թե դուք Սոֆիա… իշխանուհի Մելիքյանը չեք, – հարցրեց նա մի տեսակ անվճռական եղանակով:

– Այո՛, Նունե՛, իշխանուհի Սոֆիա Մելիքյանը, – քո նախկին սիրելի ընկերուհին:

– Մի՞թե, – բացականչեց գրեթե ինքնամոռացության մեջ տիկին Հարունյանն այնպես, որ նրա ձայնը ողջ թատրոնում լսելի եղավ, չնայելով, որ օրկեստրն արդեն սկսել էր ուվերտյուրը: Նա իսկույն առավ նրա երկու ձեռքերն ու ամուր-ամուր սեղմեց նրանց: – Սո՛ֆիա… իրավ որ այդ դուք եք… այդ դու ես… Աչքերդ ախար ինձ սաստիկ ծանոթ էին թվում… Ների՛ր, որ ես քեզ իսկույն չկարողացա ճանաչել, Աո՛ֆիա. դու այնքա՛ն փոխվել ես, դու բոլորովին փոխվել ես, Սո՛ֆիա… միայն աչքերդ են մնացել նույնը…

Եվ նա սաստիկ կարկտալից անդադար, ամուր սեղմում էր նրա ձեռքերն ու ամենաքաղցրիկ կերպով ժպտում էր նրա դեմքին:

Իսկ պարոն Հարունյանը հանդարտ նստած, և, ըստ երեվույթին զարմացած, որ շատ քիչ էր նկատվում նրա ծանրախոհ ու լուրջ դեմքի վրա, նայում էր նրանց:




Բ

ԻՇԽԱՆՈՒՀԻ ՍՈՖԻԱ ՄԵԼԻՔՅԱՆ


Իշխանուհի Սոֆիա Մելիքյանը Թիֆլիսի հարուստ կալվածատերերից մեկի միակ զավակն էր: Նրա հայրը հայտնի էր քաղաքի մեծամասնությանը յուր բազմաթիվ կալվածքներով՝ ինչպես քաղաքում, նույնպես և նրա շրջակայքում:

Օրիորդ Սոֆիան, որի գեղեցկությամբ ամենքը հիացած էին, կրթվում էր այն հոգով, որ առաջ մեր հարուստ հայ ընտանիքների մեջ մի տեսակ «մոդայի» կարգն էր դասվում: Կուրացած լինելով իրենց ծնողական ամենաքնքուշ, բայց չափից անցած սիրուց, նրա ծնողները շատ քիչ ուշադրություն էին դարձնում նրա դաստիարակության բարոյական կողմի վրա: Նրանք իրենց այդ միակ, անգին զավակին միշտ և ամեն ժամանակ գգվում, փայփայում և պաշտում էին, ինչպես մի սուրբի. ոչինչ նրանց համար աշխարհիս երեսին գոյություն չուներ, բացի իրենց այդ սիրուն, հրեշտակային փոքրիկ աղջկանից, որի մեջ միայն ևեթ նրանք կենտրոնացած էին տեսնում իրենց գոյությունը: Մի խոսքով՝ ծնողները զավակի ստրուկներն էին դարձած: Այդ փոքրիկ աղջիկը համարձակ կերպով ապտակ էր խփում հորն, ապտակ էր խփում մորը, քաշում էր նրանց մազերը – և նրանք մեծ, հոգեզմայլ բավականությամբ առնում էին նրա փոքրիկ ձեռքերը, որոնցով նա ապտակում էր նրանց, քաշում էր նրանց մազերը, և նրանց վրա լցնում էին անհամար ջերմ համբույրներ… Եվ այդպիսով ծնողները չէին տեսնում կամ չէին ուզում տեսնել, թե ի՛նչպես դեռ վաղ մանկությունից այդ փոքրիկ աղջկա մեջ հետզհետե արմատ էին բռնում ու հաստատվում շատ ու շատ բաներ… թե ի՛նչպես նրա մանուկ, անմեղ սրտում բնակալում էին շատ գարշելի և սոսկալի որդեր…

Տասնևութ տարեկան հասակում, նրանից անսպասելի հաջողությամբ, նա ավարտեց օրիորդական գիմնազիոնը, գիտենալով ընդ նմին հայերեն փոքրիշատե վարժ կարդալ և կոպիտ սխալներով գրել, որն, այնուամենայնիվ, գովելի էր, նայելով այն հանգամանքներին, որոնց մեջ նա մեծանում էր ու սովորում: Իսկ քսան տարեկան հասակում, երբ հագել էր արդեն յուր կուսական գեղեցկության և հասունության գագաթնակետին, նա ամուսնացավ մայրաքաղաքից եկած Մելիքյան անունով մի երիտասարդ իշխանի հետ, որ պատահել էր նրան պարահանդեսում և առաջին հայացքից սիրահարվել էր նրա վրա: Բայց հպարտ և փառասեր օրիորդ Սոֆիային, որին մինչև այդ ժամանակն էլ շատերն առաջարկ էին իրենց սիրտն ու հարստությունն և որոնց նա մերժել էր – ավելի գրավում էր նրա իշխանական տիտղոսը, քան նրա քնքուշ, բարի դեմքն ու միշտ ցնորասեր, թույլ բնավորո՛ւթյունը: Փառասեր Սոֆիան վաղուց ցանկանում էր մի այդպիսի տիտղոս ունենալ, քիչ մտածությունների ու ցնորքների առարկա չէր դարձել փառքի մեջ նստած այդ երեվակայած տիտղոսը: Անթիվ անգամ նա անիծել էր յուր ծնողներին, բնությանը, թե ինչո՛ւ ինքն իշխանական տոհմից չէ ծնված, այլ մի հասարակ տոհմից, որ – ո՞վ գիտե – առաջ ո՞ր գյուղացին էր, ո՞ր հետին չքավորն, աղքատը… բայց այժմ, վերջապես, այդ շատ մտատանջությունների պատճառ դառնող, բայց հոգով, սրտով պաշտած ցանկությունն էլ իրագործվեցավ: Նա հասավ յուր նպատակին այժմ ի՛նքը գիտեր… նա իշխանուհի էր: Իշխանուհի … օ՛: Ի՛նչ հրաշալի հնչյուն… կարծես երկնային դյութական ամենաքաղցրիկ մեղեդի լինի, որ մի տեսակ հոգեզմայլության մեջ է ձգում նրա բոլոր գոյությունը: Բայց արյո՞ւնը… Ա՛խ, ոչի՛նչ, ո՞վ է այժմ արյան վրա ուշադրություն դարձնում, բավական է, որ յուր ամուսնու երակների մեջ վազում է ազնվական տոհմային արյուն, բավական է, որ նա իշխան է կոչվում, իսկ ինքն – իշխանուհի:

Ամուսնանալուց հետո անմիջապես իշխանուհի Սոֆիա Մելիքյանն ստիպեց յուր ամուսնւն գնալ Պետերբուրգ, որի մասին վաղուց ցնորում էր: Հայր ու մայր նրա առջևը չոքած, արտասուքն աչքերին խնդրում էին նրան, որ նա գոնե մի ամիս իրենց մոտ մնա այդ նրանք իրենց ամենամեծ երջանկությունն էին համարում, բայց քմահաճ աղջիկը նրանց վրա ուշադրություն անգամ չկամեցավ դարձնել և բավական չոր կերպով պատասխանեց նրանց, որ նրանք իրեն հետ այլևս գործ չունին: Ծնողները մնացին սառած, զարմացած… Բախտավոր, երջանիկ ամուսինը չէր կարող մերժել յուր պաշտելի կնոջ խնդիրը, նա տարավ նրան Պետերբուրգ, ուր սկսեց ման ածել նրան բարձր հասարակությունների մեջ: Ամեն տեղ, ուր էլ որ հայտնվում էր իշխանուհի Մելիքյանը, ապշում էին նրա սքանչելի գեղեցկությամբ: Բախտավոր ամուսինն այդ տեսնում էր և երեխային վայել միամտությամբ հպարտանում յուր մեջ յուր այդ անգին գանձով: Նա ամբողջ աշխարհիս երեսին իեն ամենաերջանիկն էր կարծում: Շատ անգամ նա սրտի սաստիկ, բայց քաղցր բաբախմամբ առնում էր յուր կնոջ փոքրիկ, սիրուն, քնքուշ, մարմարանման ձեռքերն և, նրանց վրա ջերմ համբույրներ դրոշմելով, անդադար կրկնում էր. «Ո՛րքան ես քեզ սիրում եմ… ո՛րքան երջանիկ եմ… Եթե Սողոմոնը գիտենար, որ մի ժամանակ մենք աշխարհ ենք գալու, նա չէր ասիլ «մարդ կարող չէ յուր մահից առաջ երջանիկ կոչվիլ: Կինը ծիծաղում էր:

Բայց շուտով մայրաքաղաքի հեշտալից կյանքը փչացրեց իշխանուհի Մելիքյանի առանց այն էլ վաղուց արդեն փչացած բնավորությունը: Ի բնե հպարտ լինելով յուր գեղեցկությամբ, նա առավել ևս վեր քաշվեցավ, երբ տեսավ, որ յուր վրա այնքան մեծ ուշադրություն են դարձնում: Նրա քմահաճությունները բազմացան: Այնուհետև նրա բանն ու գործը եղավ` ծառայել յուր արտաքին տեսքի գեղեցկության ավեշի կատարելգործեելուն, որի համար նա անում էր անլսելի շռայլություններ զանազան նորամոդային հանդերձեղենների և կանացի արտաքին զարդարանքների վրա: Նա սկսեց բավական աչքի ընկնող խնջույքներ և երեկույթներ էլ պատրաստել յուր իշխանական պալատանման տներում: Շուտով նրա անունը հռչակվեցավ: Բայց նա գոհ չմնաց ռուսաց մայրաքաղաքի կյանքով, նա կամեցավ նոր երկրներ, նոր քաղաքներ տեսնել և նրանց համն էլ առնել:

Իհարկե, նրանցից առաջին տեղը բռնում էր Փարիզը: Այո՛, Փա՛րիզը այդ ռոմանների ու մոդաների ամենահարազատ մայրը… Դեռ նա տասնևերեք տարեկան էր, որ Ֆրանսիայի մայրաքաղաքը գրավում էր նրա մանուկ հոգին դեպի յուր դյութություններն, երբ նա` ամբողջ ժամերով մի որևիցե ռոման ձեռքին՝ մեծ հետաքրքրությամբ և ուշիուշով կարդում էր գեղեցիկ կոմսուհիների շքեղաշուք բուդուարների նկարագրությունները, մի որևիցե երիտասարդ վիկոնտի և մարկիզուհու սիրային արկածները, կոկետի հեշտալից կյանքն և այլն, և այլն: «Ա՛խ, ի՛նչ հիանալի կլինի, եթե ես ոտք կոխեմ այդ տեղերումս, – մտածում էր այդ ժամանակ Թիֆլիսի կալվածատիրոջ տասնևերեք տարեկան աղջիկը Եվ այդ ցանկությունն այժմ կամեցավ իրագործել: Վերջապես արիստոկրատ լինել և Փարիզը չտեսնե՛լ, մի՞թե այդ երևակայել անգամ կարելի է… նա ոչ թե խնդրեց ամուսնուն, որ կամենում է Փարիզ գնալ, այլ հրամայեց… և նրան պաշտող թուլամորթ ամուսինը չէր կարող նրա հրամանը չկատարել, նա մինչև անգամ ուրախ էր, որ կարողանում է յուր պաշտելի կնոջ հաճույքը, ցանկությունը կատարել: Նրանք գնացին Փարիզ: Ավելորդ է ասել, թե հենց առաջին օրից ի՛նչ տպավորություն գործեց Ֆրանսիայի և բոլոր աշխարհի այդ մայրաքաղաքն ամեն տեսակ ճոխությունների և շքեղությունների սիրահար իշխանուհի Մելիքյանի վրա: Ավելորդ է նույնպես ասել, թե ի՛նչեր արեց նա այնտեղ, ինչեր չարեց… միայն երկու տարուց հետո, շրջելով գրեթե ամբողջ նշանավոր Եվրոպան, նա վերջ ի վերջո ակամայից վերադարձավ Պետերբուրգ: Նոր էր վերադարձել նա Պետերբուրգ, երբ մի հեռագիր ստացավ, որի մեջ հայտնում էին նրան, որ հայրը մերձիմահ հիվանդ է և շուտափույթ պահանջում է նրան` վերջին անգամ օրհնելու և ժառանգությունը նրան կտակելու: (Իսկ նրա մայրը մի տարի առաջ էր մեռել, այսինքն այն ժամանակ, երբ նա ճանապարհորդում էր): Նա շտապեց դեպի Թիֆլիս, ո՛չ թե որդիական սիրուց և պարտաճանաչությունից դրդված (նրա մեջ վաղուց էին մեռած որդիական զգացմունքները), այլ նրա համար, որ ստանա հոր ահագին ժառանգությունը: Նա այն ժամանակ հասավ Թիֆլիս, երբ հայրն արդեն դիակնացած էր, իսկ կտակը՝ պատրաստի: Նա այնքան էլ չցավեց հոր մահվան վրա, բայց ուրախացավ կտակի համար: Հորը թաղեց նա մոր կողքին, մի քանի կարգադրություններ արեց ժառանգական բազմաթիվ կալվածքների վերաբերությամբ և դարձյալ սլացավ դեպի մայրաքաղաք:

Դեպի ամուսինն, ինչպես արդեն ասացինք, նա հենց սկզբից ոչինչ սեր չէր զգում, բացի երախտագիտության զգացմունքից, եթե միայն կարելի է այդպես անվանել այն զգացմունքը, որ ծնվել էր նրա մեջ դեպի երիտասարդ իշխանը նրա համար միայն, որ այս վերջինս էր եղել պատճառը, որ նրա փառասիրական բոլոր ցնորքներն ու ձգտումներն իրագործվել էին: Սակայն այդ զգացմունքն էլ երկար հյուրընկալություն չկարողացավ գտնել իշխանուհի Մելիքյանի նման մի հպարտ կնոջ սրտում: Երբ նա արդեն կշտացավ ամեն բանով, ինչ որ առաջ յուր համար գրեթե անիրագործելի էր համարում, երբ նա արդեն ծանոթացավ յուր վաղուց ի վեր հոգով ցանկացած բաների հետ, և նրա աչքերին ոչինչ այլևս արտասովոր բան չէր երևում – նա ամուսնուն այլևս բոլորովին աչքից գցեց: Նա հետզհետե ավելի ու ավելի սկսում էր ձանձրանալ ամուսնուց, որ դարձյալ շարունակում էր նրան սուրբի տեղ պաշտել: Քմահաճ կնոջը չէին դուր գալիս միամիտ ամուսնու անմեղ սիրային, անմեղ խոսքերն և համբույրները… Շատ անգամ նա բացարձակապես արտահայտում էր յուր զզվանքը: Ամուսինը մնացել էր սառած, տարակուսած:

Օգուտ քաղելով ամուսնու թույլ և բարի բնավորությունից, նա, ինչպես ասում են, սանձը բոլորովին թողեց: Պտտվելով անդադար մայրաքաղաքի ազնվական, թեթևամիտ, գեղեցիկ երիտասարդների շրջանում, նա արդեն գրավել էր դեպի ինքն երկրպագուների մի ահագին լեգեոն, որից ամեն մեկը պարահանդեսում, երեկույթներում և հազար ու մի այդպիսի տեղերում, իրեն հատուկ անգիր սերտած սիրապատիր խոսքերով, բարձրացնում էր նրան մինչև Ոլիմպոսի աստվածուհիների տարփածու կայանը… ոչինչ նրան այնքան չէր դուր գալիս և նրա հպարտությունը, փառասիրությունը կրկնապատկում, որքան այն, որ այդ ազնվական գեղեցիկ երիտասարդները միշտ քծնվում էին նրա շուրջը և հավատարիմ շան նման լիզում նրա ձեռքերը, նրա շրջազգեստի ծայրերը: Տասներեք տարեկան հասակում, երբ նա ռոմաններ էր կարդում, այդպես էին անում և՛ գլխավոր հերոսուհի-կոմսուհիներին, մարկիզուհիներին:

Անցան տարիներ, և մայրաքաղաքի հայտնի շրջաններում սկսվեցան բամբասանքներ իշխանուհի Մելիքյանի մասին: Մասամբ սուտ, մասամբ ստույգ զանազան լուրեր սկսեցին մի նախանձախնդրի բերանից հաղորդվել մյուսին և այդպիսով տարածվել այդ բանով հետաքրքրվողների մեջ: Այդ լուրերից մի քանիսը չհապաղեցին հասնել և իշխանամուսնու ականջին, որոնք նրա թույլ և ազնիվ սրտի վրա մեծ ազդեցություն ունեցան: Այնուհետև հազար ու մի դառն մտածմունքներ շատ գիշերներ խլեցին նրա աչքերից, սիրելի, պաշտելի կնոջ կասկածելի կյանքը, մանավանդ որ նրան կից էր և՛ յուր՝ մինչև այժմ ազնիվ, հարգված անունը – նրա սոսկալի մտատանջությունների պատճառը դարձավ, որոնց հետևանքն այն եղավ, որ նա ամենածանր կերպով հիվանդացավ թոքախտով և, չնայելով բժիշկների ջանքերին, մի քանի ամսից հետո մեռավ:

Ամուսնու մահը մանկահասակ իշխանուհուն այնքան չվշտացրեց, որքան այդ պետք է մի կնոջ, որն եթե ոչ սիրել, գոնե ընդերկար ապրել է յուր ամուսնու հետ, որի կողմից, բացի անկեղծ սիրուց, անվերջ գուրգուրանքից, ոչ մի վատ բան չէ տեսել, ո՛չ մի վատ խոսք չէ լսել: Բայց որպեսզի ընդհանուր կանոնից և քաղաքավարության ու ազնվության սահմանից անցած չլինի, նա մի քանի ամիս «սուգ պահեց»: Նա դրանով ոչինչ չկորցրեց, այլ, ընդհակառակն, ավելի հետաքրքրելի դարձավ շրջապատողների մեջ… Այնուհետև նա նույն գեղեցիկ, մանկահասակ, բայց այժմ ավելի քնքշացած, ավելի սիրելի դարձած իշխանուհի Մելիքյանն էր, ինչ որ առաջ: Այժմ նա արդեն բոլորովին ազատ էր և անկախ, մանավանդ որ, ամբողջ վեց տարի ամուսնացած լինելով, ոչ մի զավակ չուներ…

Ամուսնու մահից հետո անցան դարձյալ տարիներ, և մայրաքաղաքի աղմկալից կյանքը ձանձրացրեց իշխանուհի Մելիքյանին: Նա վերադարձավ յուր հայրենիքը – Թիֆլիս` առաջինը փոքր-ինչ հանգստանալու և երկրորդն – այցելելու յուր ժառանգական կալվածները, որոնք երկար ժամանակ գրեթե անտեր էին մնացած: Թիֆլիսում, որովհետև նա բոլորովին մենակ էր, այդ պատճառով կամեցավ տեսակցել գիմնազիոնական յուր նախկին ընկերուհիների հետ, որոնցից այդ ժամանակ շատերն արդեն ամուսնացած և զավակների տեր էին դարձած, որոնցից էր և Նունեն – այժմ տիկին Հարունյանը: Վերջինիս նա հանդիպեց նրա ամուսնու հետ, ինչպես գիտենք՝ ամառային թատրոնում:




Գ

ԵՐԿՈԻ ՎԱՂԵՄԻ ԸՆԿԵՐՈԻՀԻՆԵՐԸ


Երկարատև անջատումից հետո կրկին տեսակցությունը չափազանց մեծ ուրախություն էր պատճառել երկու նախկին սիրելի և ամենամոտ դասակցուհիներին, որոնք դեռ երկար ժամանակ շարունակում Էին ժպտալ միմյանց աչքերին: Եթե տեղը ներեր, գուցե նրանք այդ ժամանակ միմյանց գրկի մեջ լինեին և կարոտալից համբույրներ լինեին տալիս միմյանց:

– Ես քեզ սաստիկ ցանկանում էի տեսնել, Նունե, – ասաց իշխանուհի Մելիքյանը, – և այժմ զարմանում եմ, թե ի՛նչպես դեպքը հանդիպեցրեց մեզ միմյանց:

– Իսկ ես երազել անգամ չէի կարող, որ քեզ երբևիցե կարող եմ այստեղ պատահել, – ասաց յուր կողմից տիկին Հարունյանը: – Ես կարծում էի, որ դու նախկին սիրելի ընկերուհիներիդ վաղուց արդեն մոռացած կլինես, որովհետև քեզնից ոչ մի տեղեկություն չունեինք, և ամենքն էլ ակամայից ստիպված էին քեզ մոռացության տալ… Ա՛խ, Սոֆիա, սի՛րելի, ո՛րքան բան ունինք խոսելու… հարցնելու միմյանց, այդպես չէ՞… Ե՛կ մեր օթյակը, Սոֆիա… Դու մենա՞կ ես եկել:

– Ինչպես տեսնում ես, – պատասխանեց իշխանուհի Մելիքյանը, – ժպտալով:

– Ուրեմն ե՛կ մեր օթյակը: Ես քեզ կծանոթացնեմ ամուսնուս հետ:

Իշխանուհի Մելիքյանը, ո՛ր մինչև այդ ժամանակ, ըստ երևույթին, չէր տեսնում պարոն Հարունյանին, յուր ընկերուհուց ամուսին բառը լսելուն պես դեմքը դեպի նա դարձրեց և, կիսախուփ աչքերով նրա վրա մի քննական հայացք ձգելուց հետո` դուրս գնաց յուր օթյակից ու իսկույն, պենսնեն ձեռքին պտտեցնելով, հայտնվեցավ Հարունյանների օթյակում:

Տիկին Հարունյանը ներկայացրեց նրան յուր ամուսնուն, որն, իսկույն տեղից վեր կենալով, իրեն հատուկ ծանրախոհ քաղաքավարությամբ, որ գրեթե սառն ընդունելության էր նմանում, գլուխ տվավ նրան և իսկույն ևեթ առաջարկեց նրան յուր աթոռը օթյակի առաջնակողմում:

Իշխանուհի Մելիքյանը ժպտալով հայտնեց նրան յուր շնորհակալությունն և ձգվեցավ առաջարկած աթոռի վրա:

– Դու էլ խո արդեն ամուսնացել ես, Նունե, – ասաց նա նույն ժպիտը դեմքին և շարունակելով պենսնեն ձեռքին պտտեցնել: – Շնորհավորում եմ:

– Օ՛, իհարկե, ես չէի կարող միշտ օրիորդ մնալ, – պատասխանեց տիկին Հարունյանն ուրախ ծիծաղելով և նստելով նրա մոտ, յուր աթոռի վրա:

– Ահա հինգերորդ տարին է, ինչ ես ամուսնացած եմ, և այժմ մի փոքրիկ սիրուն աղջկա մայր եմ… բացի դրանից, պետք է ասեմ, որ ես երջանիկ եմ և այն կողմից, որ իմ ամուսնուց շատ գոհ եմ:

Իշխանուհին նշանավոր կերպով ժպտաց այդ խոսքերի վրա և նայեց պարոն Հարունյանին, որ նույնպես ուշադրությամբ նայում էր այդ գեղեցիկ կնոջը:

– Տեսնում եք, ո՛րպես ձեր կինը գովում է ձեզ, պարոն Հարունյան, – ասաց նա նրան մի այնպիսի եղանակով, որ կարծես նրա հետ երկար ժամանակից ի վեր և մոտ հարաբերություն ուներ: – Նայելով ձեր բարի և խելացի դեմքին, ես չեմ կարծում, որ ձեր կինը չափազանցնելիս չինի, և կարծում եմ, որ դուք նույնքան գոհ պիտի լինեք նրանից, որքան և նա ձեզանից:

Պարոն Հարունյանին թեպետ դուր չեկավ այդ ընտանի եղանակը, որով արտասանեց նա այդ բառերը փորձող ու իրեն բարձր բռնող մարդու հանձն ապաստանությամբ, մանավանդ նոր ծանոթի վերաբերությամբ, որպիսին էր ինքը, – բայց և այնպես, զգալով նրա մի առանձին կերպով ժպտող գեղեցիկ աչքերի խոր ազդեցո՛ւթյունը, պատասխանեց նույնպես ժպտալով

– Դուք այսուհետև այդ բանի մեջ համոզված կարող եք լինել, իշխանուհի:

– Բայց ե՞րբ ես եկել, Սոֆիա, մոռացա հարցնել, – հանկարծ հարցրեց տիկին Հարունյանը, որ դարձյալ շարունակում էր կարոտալից նայել իշխանուհի-ընկերուհու աչքերին:

– Այս երրորդ օրն է, ինչ ես Թիֆլիսումն եմ:

– Մենա՞կ ես եկել Պետերբուրգից… ամուսինդ ո՞րտեղ է:

Իշխանուհի Մելիքյանը հայտնեց, որ ահա հինգերորդ տարին է գնում, ինչ յուր ամուսինը մեռել է թոքախտից: Այդ բանը շատ վշտացրեց տիկին Հարունյանին և սաստիկ կոտրեց նրա ուրախ տրամադրությունը: Նա ծանոթացել էր Սոֆիայի երիտասարդ իշխան-ամուսնու հետ, երբ նրանք դեռ նշանված էին: Նա շատ ափսոսաց և հայտնեց յուր անկեղծ ցավակցությունը, բայց մի բան, որ շատ զարմացրեց նրան, այդ իշխանուհու անտարբերությունն էր, որով նա հաղորդեց յուր ամուսնու մահը, կարծես այդ հասարակ և իրեն չվերաբերող մի դեպք լիներ: Ոչինչ ակնհայտի պատճառ չգիտենալով, նա ստիպված էր այդ վերագրել ավելի ժամանակին, որ գուցե մոռացնել էր տվել նրան այդ վիշտը, քան նրա անտարբերությանը դեպի ամուսնու հիշատակը:

Այնուհետև իշխանուհին սկսեց պատմել յուր անցյալից, յուր ճանապարհորդությո՛ւնից, յուր Պետերբուրգում վարած կյանքից: Նա հայտնեց, թե ինչու համար է եկել Թիֆլիս և որքան ժամանակ է մտադիր այնտեղ մնալու: Նա այդ բոլորը պատմում էր իրեն հատուկ անսխալ արագախոսությամբ և ազնվական քաղաքակիրթ կնոջը վայել համարձակությամբ ու միմիկաներո՛վ: Նայելով ընդ նմին երբեմն տիկին, երբեմն պարոն Հարունյանին:

Վերջինս նստած բոլորովին հանդարտ, ըստ երևույթին, լսում էր նրան հետաքրքրությամբ, բայց նա իսկապես զբաղված էր այն մտքով, թե ի՛նչ տեսակ կին էր այդ կինը: Տակավին յուր կյանքի մեջ նա այդպիսի չքնաղ, համարձակ, շարժուն և ոչ մի բանից չքաշվող կին չէր տեսել: Մանավանդ նրան հիացնում էին նրա երկար թերթերունքներով կրակոտ, թուխ աչքերը, որոնց երբեմն յուր վրա գցած թափանցող հայացքներին նա հազիվ էր կարողանում դիմանալ, չնայելով յուր բոլոր սառնությանն ու անտարբերությանը: Այդ չքերի մեջ նա զգում էր անհաղթ համարելի մի տեսակ ուժ, որ կոչվում էր «կնոջ ուժ», այնպես որ, նա կարծում էր, եթե այդ աչքերը խլեին նրանից և դրանց տեղը դնեին ուրիշ աչքեր, նրա գեղեցկության ազդեցությունը ավելի քան կիսով չափ կթուլանար: Հենց առաջին հայացքից այդ աչքերը նրան վտանգավոր թվացին: Բայց մի բան նրան բո՛լորովին զարմանալի և անհասկանալի էր – այն է` թե ինչու այդ կինը նրան այդպես արտասովոր կերպով է նայում, նրա հայացքները, կարծես, նրան փորձում: Զննում, քննում էին… Եթե նա այդ վերագրում է նրա սովորությանը, առանձնահատկությանը, բայց այդ միևնույն աչքերը նայում էին յուր կնոջը կամ ուրիշներին սովորական կերպով, եթե վերագրում է նրա նոր ծանոթությանն, երբ առհասարակ նոր ծանոթներն առաջին անգամ սկսում են միմյանց խոր դիտել, որպեսզի լավ տպավորեն իրենց մեջ միմյանց կերպարանքը, բայց նրա հայացքները չափից անցնում էին… Ինչևիցե: Բայց բանը սրանումն է, որ այդ միևնույնը զգում էր և՛ յուր վերաբերությամբ դեպի նա: – նա չէր կարողանում նայել այդ գեղեցիկ կնոջը սովորական կերպով: Ակամայից, ինքն էլ չհասկանալով թե ինչու, նա կամենում էր միշտ նայել նրա կրակոտ, թուխ աչքերին…

Օրկեստրն արդեն լռել էր: Ներկայացման նշանակյալ ժամանակամիջոցը լրացել, և վերնահարկն անհամբերությամբ ծափահարում էր: Լսվում էր և մի քանի ձեռնափայտերի թխկթխկոց հատակի վրա, չնայելով, որ այդ արգելված է, որպեսզի թատրոնում թոզ չբարձրանա: Հնչվեցավ փոքրիկ զանգակի ձայնը, որ արդեն երրորդ անգամն էր, և վարագույրը բարձրացավ:

Իշխանուհի Մելիքյանը, շատ բան, հետևաբար և անթիվ այդպիսի ներկայացումներ տեսածի նման, մի անգամ նայեց բեմին և, այնտեղ տակավին ոչինչ չգտնելով, շարունակեց ցած ձայնով յուր զրույցը տիկին Հարունյանի հետ: Իսկ պարոն Հարունյանը, որքան էլ աշխատում էր յուր աչքերն ու ո՛ւշքն ու միտքը կենտրոնացնել բեմի վրա, այնուամենայնիվ չէր կարողանում երբեմն իշխանուհուն չնայել և չպատասխանել նրա մի քանի հարցերին հայոց թատրոնի վերաբերությամբ, որի մասին այդ հայ քաղաքակիրթ կինը գրեթե ոչինչ տեղեկություն չուներ: Պետք է ասած, ի դեպ, օր իշխանուհին շատ քիչ էր հետաքրքրվում այդպիսի գործերով ընդհանրապես և հայոց այդպիսի հիմնարկություններով՝ մասնավորապես: Բայց ի՞նչպես էր եղել, որ այդ գիշեր նա եկել էր թատրոն և այն էլ հայ թատրոն: Իհարկե, «բարեգործական նպատակը» չէր լինիլ դրա պատճառն, այլ նա եկել էր կամ մենակությունից ձանձրանալով, կամ ցույց տալու յուր խոշոր գեղեցկությունն, ինչպես այդ հատուկ է ընդհանրապես նրա նման կանանց:

Խաղամիջոցի ժամանակ պարոն Հարունյանը շաքարեղեն աոաջարկեց իշխանուհուն ու կնոջը, իսկ ինքը դուրս գնաց ծխախոտ ծխելու: Սրահում կանգնած՝ նա ծխախոտ էր ծխում և անուշադիր կերպով նայում էր առջևը զբոսնող ժողովրդին: երբ տեսավ յուր առաջ իշխանուհուն և կնոջը` միմյանց թևթևի տված:

– Ի՞նչ եք այդպես խոր մտածում, պարոն Հարունյան, – ասաց իշխանուհին ժպիտը դեմքին, նայելով նրա աչքերի մեջ:

Պարոն Հարունյանն ակամայից, բայց աննկատելի կերպով շփոթվեց նրա հանկարծակի հայտնվելուց և առավելապես նրա ժպտող գեղեցիկ աչքերից, որո՛նք կարծես ուզում էին թափանցել նրա ներսը և իմանալ, թե ինչ է կատարվում այնտեղ այդ րոպեին:

– Ոչինչ, – պատասխանեց նա մեքենայաբար:

– Ես կարծում էի, թե խաղը ձեզ վրա ազդել է:

– Ոչ, – նույն կերպով պատասխանեց պարոն Հարունյանը:

Այդ պատասխանը բավական կոպիտ թվաց իշխանուհուն, եթե պարոն Հարունյանն ազնիվ և պատկառելի տեսք չունենար, նա կկարծեր, որ յուր առաջ կանգնած է մի անտաշ, անքաղաքավարի մարդ, որ չգիտե, թե նրա պես մի իշխանազն գեղեցիկ կնոջ հետ ինչպես պետք է խոսել: Նա աչքերն յուր սովորության համեմատ կիսախփեց և խոր նայեց պարոն Հարունյանի դեմքին, կարծես ստուգելու համար, որ չլինի թե իսկապես նա անտաշ, անքաղաքավարի մարդ է, բայց, ըստ երևույթին, ոչինչ հետևանքի չհասնելով, նա նորից ժպտաց և ասաց.

– Կարելի է ասել, որ ես առաջին անգամն եմ տեսնում հայերեն ներկայացում, և պետք է ասած, որ ձեր այս դերասանները բավական լավ խաղում են… ես գոնե այս հույսը չունեի հայ դերասաններից:

– Սրանք մշտական խմբի դերասանները չեն, իշխանուհի, – պատասխանեց պարոն Հարունյանը, – սրանք թատրոնասերներ են:

– Մի՞թե, – զարմացավ իշխանուհին: – Եթե թատրոնասերներն այդքան գեղեցիկ են խաղում, ուրեմն կարելի է ևրևակայել, թե մշտական խմբի դերասաններն ի՞նչպես կխաղան:

– Շատ անգամ դրանցից վատ, իշխանուհի, որովհետև այդ արվեստը թատրոնասերները հազարապատիկ ավելի լավ են հասկանում, քան մշտական խմբի շատ դերասանները, որոնք մեծ մասամբ զուրկ են բեմական արվեստի մի որևէ ընդունակությունից:

Խոսակցությունն անցավ օտարազգիների թատրոնական գործի մասին: Իշխանուհին թվեց եվրոպական մի քանի հռչակավոր դերասանների և դերասանուհիների անուններ, որոնց խաղին անձամբ ներկա էր եղել Եվրոպայում ճանապարհորդելիս, նա խոսեց և դրանց խաղի մասին գործին տեղյակ մարդու հանձնապաստանությամբ: Խոսեց և՛ եվրոպական ուրիշ հետաքրքիր և նշանավոր հիմնարկությունների մասին: Նա խոսում էր այնքա՛ն գեղեցիկ, պատմում էր այնքա՛ն կենդանի և ոգևորությամբ, որ տիկին Հարունյանը մինչև անգամ հայտնեց նրան յուր ցավակցությունը, որ ինքը դժբախտաբար կարող չէ տեսնել ոչ մեկն այն բոլորից, որոնց մասին նա խոսում և պատմում էր:

– Ինչո՞ւ, – զարմացած հարցրեց իշխանուհին:

– Որովհետև դրա համար հարկավոր է ճանապարհորդել:

– Դե՛հ, էլ ինչո՞ւ չես ճանապարհորդում, այդտեղ ի՞նչ դժվարին բան կա:

Պատասխանի փոխարեն տիկին Հարունյանը փոքր-ինչ կարմրեց և աչքի տակից նայեց ամուսնուն այնպիսի մի հայացքով, որ, կարծես, ասում լիներ. «Այդ նա գիտե, նրանից է կախված»:

Իշխանուհին հասկացավ այդ հայացքն և նայեց պարոն Հարունյանին:

– Ինչո՞ւ ձեր կնոջ հետ չեք ճանապարհորդում, պարոն Հարունյան, – հարցրեց նա: – Ճանապարհորդությունը խո սքանչելի բան է:

– Տակավին մի առանձին պահանջ ճանապարհորդության մենք չենք զգում, իշխանուհի, – պատասխանեց լրջորեն պարոն Հարունյանը: – Եվ, բացի դրանից, իմ կարծիքով, համեստ և հանգիստ կյանքն ավելի քաղցր է. իսկ այդպիսի կյանքին մենք սովոր ենք և սիրում ենք:

Իշխանուհին այդ խոսքերի վրա ավելի խոր նայեց նրա բոլորովին լուրջ դեմքին, նրա հայացքը ցույց էր տալիս, որ մի այդպիսի օտարոտի դատողություն ճանապարհորդության վերաբերությամբ` նա բոլորովին չէր սպասում պարոն Հարունյանի կողմից: Բայց նա ոչինչ չգտավ պատասխանելու և մնաց լուռ: Լուռ էին և Հարունյանները: Սակայն այդ լռությունը միայն մի րոպե տևեց, և խոսակցությունը շարունակվեց այս անգամ ուրիշ բաների մասին: Իշխանուհին յուր թե՛ գեղեցկությամբ, թե՛ խոսակցությամբ ու շարժումներով գրավել էր ընդհանուրի ուշադրությունը: Պճնասեր, եսամոլ և հպարտ կանայք, ինչպես այդ լինում է միշտ, նախանձում էին նրա գեղեցկությանը, իսկ տղամարդիկ…

Պարոն Հարունյանն ընտելացավ իշխանուհու յուր վրա գցած առանձին հայացքներին, նա հասկացավ այդ հայացքներն, և այնուհետև ամեն անգամ, նրանց հանդիպելիս, նա ամեն կերպ աշխատում էր նրանց սառնասրտությամբ ու անտարբերությամբ տանել, բայց միևնույն ժամանակ նա մութ կերպով զգում էր, որ յուր մեջ ինչ-որ կատարվում էր, ներքին կռվի նման մի բան, մի շատ աղոտ բան, այնպես որ, նույն րոպեին նա հազիվ կարողանար հաշիվ տալու իրեն, թե ինչ է իսկապես…

Ներկայացումը վերջացավ: Բաժանվելիս՝ Հարունյաններն, առավելապես տիկինը, խնդրեցին իշխանուհի Մելիքյանից, որ գա հետևյալ օրն իրենց տունը, շնորհ անե, որի համար և նրան տվին իրենց հասցեն: Իշխանուհին համաձայնեցավ:

– Առանց ձեր խնդրելու էլ ես նեղություն պիտի տամ Ձեզ, – ասաց նա ծիծաղելով և սեղմելով նրանց ձեռքը: – Բացի ձեզանից ես այստեղ, կարելի է ասել, ուրիշ ոչ մի բարեկամ չունիմ և այդ պատճառով ձեզ հանգստություն չպիտի տամ իմ այցելություններով, ինչպես, իհարկե, և դուք ինձ:

– Մեր տան դռները ձեր առաջ միշտ բաց կլինեն, իշխանուհի, – ասաց պարոն Հարունյանը, որի իշխանուհու խոսքերն և՛ ուրախություն պատճառեցին, և՛ մի տեսակ բան, որ ավելի մի անորոշ, մութ երկյուղի էր նման:

Իշխանուհին նրանց բարի գիշեր մաղթեց և նստեց յուր սեփական գեղեցիկ կառքը, որ սպասում էր նրան թատրոնի դռների մոտ: Ծեր կառապանն իսկույն մտրակեց ճարտուկ, անհանգիստ նժույգներին, և կառքը փափուկ, թեթև կերպով առաջ սլացավ:

Հարունյանները նույնպես մի կառք նստեցին և գնացին իրենց տուն:




Դ

ՄԻ ՈԻՐԻՇ ՀՅՈԻՐ


Հետևյալ օրը շաբաթ էր և տոն: Հարունյաններն սպասում էին իրենց թանկագին հյուրին, բայց նա ուշանում էր Տիկին Հարունյանն այդ օրը շատ ուրախ էր, նա անդադար դուրս ու տուն էր անում, համբերությունից դուրս էր գալիս, թե ինչո՛ւ յուր սիրելի ընկերուհին այնպես ուշանում է: Ըստ երևույթին, պակաս ուրախ տրամադրության մեջ չէր և պարոն Հարունյանը: Ամեն օր միշտ լուրջ և զգաստ լինելով, այդ օրը նրա դեմքից չէր հեռանում քաղցր ժպիտը, որ նրա ազնիվ դեմքին մի տեսակ փայլ և պայծառություն էր տալիս: Չնայելով, որ նա առաջ էլ խաղում էր յուր սիրելի փոքրիկ Հայկանուշի հետ, բայց այդ օրը կրկնապատկել էր յուր խանդը դեպի նա: Նա մինչև անգամ իրեն գազան կամ մի ուրիշ բան էր ձևացնում, որի վրա երեխան շատ ուրախանում էր ու կրկչում: Պարոն Հարունյանն ինքն էլ չէր հասկանում, թե ինչու այդ օրն յուր սովորական դրությունից դուրս էր եկել, այս միայն նա գիտեր, որ մեկին սպասում էր: Լա՛վ, ի՞նչ անենք որ… Մի՞թե առաջին անգամն է այդ, որ նա մեկին սպասում է… Ինչո՞ւ ուրիշներին սպասելիս նա միևնույն այդ ուրախ տրամադրության մեջ չէր լինում… կամ ո՞վ է նա, որին այսօր սպասում է. ի՞նչ պիտի բերե նա նրա համար, ի՞նչ մի լավ բան, ի՞նչ մի ուրախալի լուր, որից հենց առաջուց նրա սիրտը ցնծում է: – Նա մի նոր ծանոթ է, ուրիշ ոչինչ, և միայն հյուր պիտի գա նրանց մոտ: Դեհ, շա՛տ բարի, ուրեմն էլ ի՞նչ կա այդտեղ այդպես ուրախանալու, ցնծալու… Հյուր է գալու, թող գա և գնա, պրծանք, գնա՛ց: Հարյուրավոր հյուրերի է սպասել նա, բայց երբեք նրա տրամադրությունն այդպես չի լարվել… Սակայն, ո՛չ – այդտեղ մի ուրիշ բան կա… մի անբացատրելի բան, մի մութ բան, որի մեջ, որպես երկու փայլուն աստղեր, վառվում, շողշողում են երկու կրակոտ աչքեր… որի մեջ, որպես գարնանային երկու միանման թարմ, կարմիր թագուհի վարդեր, սաստիկ վառվում են երկու սիրուն գեղաժպիտ այտեր… վերջապես, որի մեջ, որպես անտառի ուշագրավ հեզասաղարթ շշնջյուն, լսվում է մի հրապուրիչ, քաղցրիկ ձայն…

Պարոն Հարունյանը նստած էր լուսամուտի մոտ` նույն օրվա լրագրի համարը ձեռքին: Նա ոչինչ չէր կարդում, չնայելով, որ աչքերը սևեռած էին լրագրի վրա: Նրա երևակայությունը հափշտակված էր…

– Ինչո՞ւ իշխանուհին այսպես ուշանում է, Ստեփաննոս, – հանկարծ լսվեց նրա կնոջ ձայնը, որ իսկույն ևեթ հանեց նրան յուր անշարժ դրությունից:

– Իշխանուհի՞ն, – մեքենայաբար հարցրեց պարոն Հարունյանը, ձեռքին բռնած լրագիրը վայր թողնելով: Տիկին Հարունյանը կանգնած էր նրա առաջ:

– Այո: Շուտով ժամի տասը կլրանա:

– Ժամի տա՞սը, մի՞թե… իսկ ես մոռացել էի, որ ժամի տասին ուրիշ տեղ պիտի գնամ, – ասաց պարոն Հարունյանը ժամացույցին նայելով և տեղից վեր կենալով,

– Ո՞ւր:

– Մեկի մոտ կարևոր գործ ունիմ: Զարմանալի է, ժամի տասն է, իսկ ես կարծում էի, թե ինն է տակավին:

– Ուրեմն դու չե՞ս կարող սպասել իշխանուհու գալուն:

– Ոչ մի կերպ, սիրելիս… Բայց շուտով կվերադառնամ, շատ շուտով… Մի քանի խոսելու բան ունինք միայն:

Եվ ցիլինդրը ծածկելով, պարոն Հարունյանը դուրս գնաց:

– Հազիվ թե հինգ րոպե էր անցել նրա գնալուց, երբ ծառան շնչասպառ ներս մտավ, ավելի լավ է ասել ներս վազեց տիկին Հարունյանի մոտ, կանչելով.

– Տիկին, տիկին, պարոն Արմենակն եկել է…

– Արմենա՛կը, – կանչեց իսկույն տիկին Հարունյանն ուրախությամբ և հենց կամենում էր դուրս վազել սենյակից, նախասենյակում շտապ ու հաստատ քայլերի ձայն լսվեցավ: Չանցավ մի քանի վայրկյան – մի բարձրահասակ գեղեցիկ երիտասարդ, ճանապարհորդական փոշոտ հագուստով և ուսանողական գլխարկով ներս վազեց նրան հանդեպ և իսկույն ընկավ նրա գիրկը Նորեկ երիտասարդը պարոն Հարունյանի կրտսեր եղբայրն էր և տիկին Հարունյանի տագրը:

– Նո՛ւնե, Նո՛ւնե… – կանչեց նորեկն անպատմելի և անդրի անցանելի ձայնով:

– Արմենա՛կ նույն ձայնով կանչեց և տիկին Հարունյանը:

Եթե կա մի րոպե, երբ մարդ ամենքին ու ամեն բան մոռանում է – այդ անշուշտ երկու սիրող, սրտակից բարեկամների երկարատև անջատումից հետո կրկին տեսակցության առաջին րոպեն է: Ամենայն դեպքում այդ րոպեն սուրբ է, ամենանվիրականը մարդու կյանքի մեջ: Այդ րոպեում, կրկնում ենք, ամեն բան մոռացվում է, և մարդ անմեղ մանկան է նմանում, թեկուզ ամենածանր վիշտ կրծելիս լինի նրա սիրտը, այդ րոպեին ոչինչ լավ է զգացվում, կարծես, այդ վիշտը չքանում է բոլորովին: Նրա սիրտն ակամայից հուզվում է, ցնծում է, թրթռում է, նրա աչքերում ակամայից արցունքի կաթիլներ, երջանիկ արցունքի կաթիլներ են ցոլում և առաջին բառը, որի արտասանության համար կա միայն մի բնական եղանակ, որ ոչ երաժշտական խազերով կարելի է արտահայտել և ոչ մեռած բառերով լինում է յուր սրտակցի անունը: Տիկին Հարունյանն էլ էր սաստիկ սիրում էր յուր տագրին, այդ րոպեին բոլորովին մոռացել էր իշխանուհի Մելիքյանին, որին մինչև այդ րոպեն այնքան անհամբերությամբ սպասում էր: Նրա սերն այնքան մեծ ու անկեղծ էր դեպի յուր տագրը, որ առանց քաշվելու նա ուղղակի փաթաթվել էր նրա վզովն, և, անդադար կրկնելով նրա անունը, սեղմում էր նրան յուր կրծքին: Վերջապես նա ամուր համբուրեց նրա արևից այրված լայն ճակատը, որի վրայից ետ էր ընկել գլխարկն, և բաց թողեց նրան:

Արմենակը (մենք այսուհետև նորեկ երիտասարդին այսպես կկոչենք) իսկույն առավ նրա փոքրիկ, քնքուշ ձեռքերն և համբույրներով ծածկեց նրանց:

– Նո՛ւնե, ի՞նչպես ես, – կանչեց նա. – քանի՞ ժամանակ է չենք տեսել միմյանց, ամբողջ երկո՛ւ տարի… Եղբայրս ի՞նչպես է… փոքրիկ Հայկանուշն ի՞նչպես, նա այժմ մեծացած կլինի…

– Ամոնքս ողջ և առողջ ենք, Արմենա՛կ… դու ի՞նչպես ես… ի՞նչպես վերջացավ հարցաքննությունդ, ավարտեցի՞ր…

– Արդե՛ն, արդե՛ն, սիրելի Նունե… Արդեն թափեցի վրայիցս ո՛ւսանողական փոշին…

– Եվ այժմ համալսարանական ես և իրավաբա՞ն… Ա՛խ, ո՛րքան ուրախ եմ, Արմենակ… Ստեփաննոսն էլ ո՛րքան կուրախանա… Ա՛խ, երանի՛ փոքր-ինչ վաղ գայիր, նա գնաց դուրս… բայց ինչո՞ւ դու այդպես հանկարծ եկար և գալուդ մասին հեռագրով իմացում չտվիր, ինչպես այդ արել ես միշտ:

– Որովհետև ես կամեցա մեր տեսակցության այս քաղցր րո՛պեն ավելի քաղցրացնել և անցյալ տարվա ջիգրը հանել, որ այն ժամանակ չկարողացա գալ: Եվ ահա երկու տարվա կարոտն ես այժմ եմ հանում… Ա՛խ, Նո՛ւնե, ո՛րքան գեղեցկացել ես այժմ, ո՛րքան քնքշացել ես, – վերջապես կանչեց նա հիացած, բռնած ունենալով նրա ձեռքերն սիրով ու կարոտով նայելով նրա գեղաժպիտ աչքերի մեջ:

– Իսկ դու ավելի նիհարել ես, Արմենակ, երևի շատ էիր աշխատում:

– Օ՛հ, էլ մի՛ ասիր, Նունե. երևակայիր՝ վերջին տարին էր, մի րոպե հանգստություն չունեի… Բայց այդ մասին հետո, հետո: Առայժմ… ա՛խ, փոքրիկ Հայկանուշիս ես խո բոլորովին մոռացել եմ, ո՞ւր է նա:

– Դայակի մոտ է… Ահա նա:

Այդ րոպեին դայակը՝ բռնած մի փոքրիկ, սիրուն, քնքշիկ աղջկա ձեռքից` ներս մտավ սենյակը:

Արմենակն երեխային տեսնելուն պես վազեց նրա առաջ և իսկույն առնելով նրան յուր գրկի մեջ, սկսեց համբուրել նրա փոքրիկ, քնքշիկ այտերը: Երեխան իրեն հասակին հատուկ զարմացմամբ և հետաքրքրությամբ նայում էր նրա աչքերին, երևի, ինքն իրեն հարցնելով, թե ո՛վ է նա, որ իրեն այնպես համբուրում է:

– Որքան մեծացել է, Նունե… ինձ չէ ճանաչում չարը: Հայկանուշ, ինձ չե՞ս ճանաչում, ես ո՞վ եմ:

Երեխան յուր խելացի աչքերը դարձրեց մոր վրա, կարծես նրանից հարցնելով, թե ո՞վ է նա:

– Արմենակը, Արմենակը, Հայկանուշ, – հասկացրեց նրան ժպտալով մայրը, որ մի տեսակ, մայրերին հատուկ հրճվանքով ու խանդով նայում էր նրան:

– Ալմա՞կը, – թոթովեց երեխան՝ դարձյալ նայելով Արմենակին:

– Հա՛, չար, Ալմակը, – կանչեց ծիծաղելով Արմենակը պինդ համբուրելով նրա վարդագույն այտից: – Այդպես շուտ սովորիր անունս: Բայց սպասիր, մենք քեզ հետ ավելի մոտ կծանոթանանք, դեռ մի իրեղեններս ներս բերենք: Առայժմ, սիրելի Նունե, ինձ մի սենյակ տուր, որտեղ ես կարողանամ կարգի դնել իմ իրեղեններս, դուրսը կառքի վրա են:

– Ահա տեսնում ես, Արմենակ, եթե առաջուց հեռագրով հայտնած լինեիր գալուստդ, այժմ արդեն սենյակդ էլ պատրաստ կլիներ, ու ամեն բան էլ:

– Ոչի՛նչ, մի անկյուն տվեք, այն էլ ինձ բավական կլինի: Այնքան շատ բան չունեմ, գրքերիս ճամպրուկն է ու անկողինս, ուրիշ ոչինչ:

– Ո՛ր սենյակը կամենում ես՝ վերցրու, Արմենակ: Ստեփաննոսի ննջարանին կից սենյակն ավելի լավ է, եթե կամենում ես:

Ա՛խ բոլորը միևնույն է ինձ համար:

Այս ասելով, նա երեխային վայր դրեց, նախապես պինդ և մի քանի անգամ համբուրելով նրա այտերը և դուրս գնաց: Նրան հետևեց և տիկին Հարունյանը: Ծառան արդեն բարձրացրել էր նրա իրեղեններն և սպասում էր նախասենյակում: Տիկին Հարունյանը հրամայեց նրան տանել այդ իրեղենները նշանակյալ սենյակն, իսկ ինքը տարավ Արմենակին և ցույց տվավ սենյակը: Նույն րոպեին դուրսը լսելի եղավ սաստիկ զանգահարություն:

– Ա՛խ, ինչպե՛ս մոռացել էի, որ այսօր հյուր ունենք, – կանչեց տիկին Հարունյանը՝ լսելով զանգակի ձայնը:

– Ծառան ամեն բան կարգի կդնե, Արմենակ. իսկ դու լվացվիր և հագուստդ փոխիր, – ավելացրեց նա շտապով, – Ես գնում եմ, մի թանկագին հյուր ունեմ ընդունելու:

Արմենակը կամենում էր հարցնել, թե ով է այդ թանկագին հյուրը, բայց նա արդեն դուրս էր վազել սենյակից:




Ե

ՈԻՐԱԽ ՕՐ


Արմենակն, ինչպես արդեն ասացինք, պարոն Հարունյանի կրտսեր եղբայրն էր: Մեծ եղբորից նա փոքր կլիներ ոչ ավելի, քան ութ տարով և շատ նման էր նրան, բայց նա չուներ յուր մեծ եղբոր երկար մորուքն և ավելի ազատ էր խոսակցության ու շարժումների մեջ: Հակառակ յուր մեծ եղբոր՝ նա շատ դյուրագրգիռ և տաքարյուն բնավորություն ուներ, ինչպես որ լինում են ընդհանրապես բոլոր երիտասարդները, մանավանդ ուսանողները: Երկու եղբայր միմյանց չափից դուրս սիրում էին և եղբայրական այդ անկեղծ սերը կարող էր շատ շատերին բարի օրինակ դառնալ: Նշանավորն այն էր, որ այդ սերը նրանց մեջ մնացել էր դեռ վաղ մանկությունից և պահվել էր նրանց սրտում մի այնպիսի անարատությամբ, որպիսին եղբայրների մեջ առասպելական պետք է համարել… Մինչև այդ հասակը նրանց մեջ մի չնչին երկպառակության, մի չնչին տարաձայնության նշան չէր երևացել երբեք: Ծնողների մահից հետո Ստեփաննոսն յուր հոգաբարձության ներքո էր վերցրել յուր կրտսեր եղբորը: Ծնող հայրը չէր կարող այնպես հոգ տանել յուր հարազատ որդու դաստիարակության վրա, ինչպես այդ անում էր Ստեփաննոսը յուր կրտսեր եղբոր վերաբերությամբ: Երբ Արմենակն ավարտեց գիմնազիոնը, Ստեփաննոսը, տեսնելով նրա մեջ սեր և ընդունակություն դեպի ուսումը, ուղարկեց նրան համալսարան` ուսումը շարունակելու իրավաբանական բաժնում: Եվ այժմ, երբ մենք ծանոթանում ենք նրա հետ, ավարտել է ուսումը:

Ծառայի օգնությամբ նա լվացվեցավ. հետո հագուստը փոխեց և կես ժամից հետո՝ արդեն բոլորովին պատրաստ և հայելու առաջ կանգնած` սանրվում էր, երբ ներս վազեց տիկին Հարունյանը:

– Արմենա՛կ, – կանչեց նա, – վերջացրի՞ր, հագա՞ր… Եկ գնանք: Ես քեզ կամենում եմ ծանոթացնել մեր այսօրվա թանկագին հյուրի հետ:

– Այդ ի՞նչ թանկագին հյուր է, Նունե:

– Իշխանուհի Սոֆիա Մելիքյան, եթե ճանաչում ես… կամ լսել ես: Նա մինչև այժմ Պետերբուրգումն էր լինում:

– Իշխանուհի Սոֆիա Մելիքյա՞ն… – հանկարծ զարմացմամբ կանչեց Արմենակը, որ, ըստ երևույթին, բոլորովին չէր սպասում այդ բանը: Նա դադարեց սանրելուց և զարմանքից չռած աչքերով նայում էր յուր հարսի ժպտող դեմքին:

– Իշխանուհի Սոֆիա Մելիքյա՞ն, ասում ես…

– Ի՞նչ պատահեց քեզ, Արմենակ, – պակաս զարմացմամը չհարցրեց յուր կողմից տիկին Հարունյանը: – Ինչո՞ւ այդպես զարմանում ես… Այո՛, իշխանուհի Սոֆիա Մելիքյան: Չլինի՞ թե բան գիտես նրա մասին…

– Բայց նա ո՛վ, մենք ո՛վ, որ մեր տուն հյուր է եկել:

– Նա իմ նախկին գիմնազիոնական ամենասիրելի ընկերուհին է: Մինչև այժմ Պետերբուրգումն էր լինում յուր իշխան ամուսնու հետ, որ սրանից հինգ տարի առաջ մեռել է թոքախտից, իսկ այժմ եկել է այստեղ յուր կալվածքներն աչքի անցնելո՛ւ: Երեկ գիշերը թատրոնում անսպասելի կերպով պատահեցի նրան ու խնդրեցի, որ այսօր մեր տուն շնորհ բերե, և նա այժմ եկել է: Դու նրան ճանաչո՞ւմ ես, Արմենակ:

– Այո՛… այնպես… Անունն այնտեղ շատ եմ լսել… նրան տեսել էլ եմ. բավական և, կարելի է ասել, անզուգական գեղեցկուհիներից մեկն է… Ամբողջ Պետերբուրգն, ինչպես ես էի լսում, հիացած էր նրա գեղեցկությամբ:

– Բայց ինչո՞ւ նրա անունը լսելուն պես դու այնպես զարմացար:

– Իհարկե կզարմանայի, ես բոլորովին չէի կարծում, որ նա այստեղ է կամ կարող է այստեղ լինել, մանավանդ, երբ դու ասացիր, որ նա քո նախկին ամենասիրելի ընկերուհին է և այժմ մեր տանն է:

– Այո՛, մեր տանն: Դե՛հ, շուտով վերջացրու, և գնանք, նա սպասում է:

Արմենակն արդեն վերջացրեց, հագուստն ուղղեց և առնելով յուր հարսի թևը, դուրս գնաց նրա հետ:

Իշխանուհի Մելիքյանը կանգնած էր սեղանի մոտ և ալբոմը ձեռքին թերթում էր, երբ տագր ու հարս ներս մտան հյուրասենյակը: Նրանց մտնելուն պես իշխանուհին վայր դրեց ալբոմը և շուռ եկավ:

Տիկին Հարունյանն Արմենակին ներկայացրեց իշխանուհուն, որ, ըստ յուր սովորության, պենսնեի միջից նախ լավ զննեց յուր նոր ծանոթին:

– Կարծեմ: ես ձեզ տեսել եմ, – ասաց նա յուր մշտական սիրալիր ժպիտով և ավելի խոր նայելով Արմենակին: – Ձեր դեմքը ինձ ծանոթ է թվում:

– Շատ կարելի է, իշխանուհի, – պատասխանեց Արմենակը, փոքր-ինչ շփոթվելով նրա սուր, թափանցող հայացքի տակ, – որովհետև ես ևս ձեզ տեսնելու պատիվն եմ ունեցել: Դուք ինձ տեսած կլինեք Պետերբուրգում Պետրովների հետ…

– Պետրովների՞… այսինքն դուք ուզում եք ասել Պետրովի հետ, գվարդիայի կապիտան Պետրովի հետ, – հարցրեց շտապով իշխանուհին, որի դեմքի վրայով, Պետրովներ անունը լսելուն պես` բարկության արտահայտության նման մի բան վազեց:

– Նրանք երկու եղբայր են, իշխանուհի, մեկը – գվարդիայի կապիտան, որին դուք եք շնորհ անում ասել, իսկ մյուսն – ուսանողը, որ համալսարանում իմ սրտակից և ամենալավ ընկերն էր և որ ինձ հետ միասին ավարտեց:

– Ուրեմն դուք այդ Պետրովների բարեկա՞մն եք:

– Միայն ուսանողինը. իսկ գվարդիայի կապիտանի հետ նոր եմ ծանոթացել յուր եղբոր միջնորդությամբ և նրա հետ այնքան մոտ հարաբերություն չեմ ունեցել:

– Ա՛… – երկարացրեց իշխանուհին մի տեսակ խոր նայելով նրան:

– Ո՞վ է այդ գվարդիայի կապիտան Պետրովը, – հարցրեց տիկին Հարունյանը, որը ոչինչ չէր հասկանում նրանց խոսակցությունից:

Տիկին Հարունյանն յուր այդ հարցով դարձավ իշխանուհուն, բայց վերջինս կամ չլսեց, կամ եթե լսեց էլ, չպատասխանեց, որովհետև այդ ժամանակ նա մի տեսակ փոխվեց, թեպետև աննշան կերպով, և այդ փոփոխությունը նկատելի եղավ միայն Արմենակին, որ յուր կողմից դեռ մի քանի վայրկյան խոր զննեց նրան, և երևի հասկանալով կամ վաղուց հասկանում էր այդ փոփոխության պատճառը – շտապեց նրա տեղ պատասխանելու տիկին Հարունյանի հարցին:

– Գվարդիայի կապիտան Պետրովն, ինչպես արդեն կոչումը ցույց է տալիս, մի աստիճանավոր է, որ հայտնի է Պետերբուրգի բարձր շրջաններում յուր ազատ, բաց բնավորությամբ և բազմաթիվ սիրային արկածներով, որի համար և այնտեղ նրան Դոն-ժուան են կոչում… նրա եղբայրն, ուսանողը, որ, ինչպես ասացի…

Նա չվերջացրեց յուր ասելիքն և մի վայրկյան ականջ դնելով նախասենյակում խոսակցության ձայնին, լսեց յուր եղբոր ձայնը, որ, ինչպես երևում էր, ծառայի հետ էր խոսում: Այդ ձայնը ճանաչելուն պես նա իսկույն ուրախությամբ վազեց դեպի դուռն, այնինչ դուռը բացվեցավ, և շեմքի վրա երևաց պարոն Հարունյանը:

– Եղբայր, – կանչեց Արմենակը փարելով նրա վզովն և համբուրելով նրան:

– Արմենա՛կ… – կանչեց յուր կողմից պարոն Հարունյանը գրկելով նրան: – Ծառան այժմ ինձ ասաց, որ դու եկել ես, բայց ես չէի ուզում հավատալ…

– Ինչո՞ւ:

– Որովհետև գալուդ մասին իմացում չէիր տվել, և ես կարծում էի, որ տակավին ուշ կգաս:

– Դու իրավունք ունիս. Նունեն էլ միևնույնն է կարծելիս եղել:

Պարոն Հարունյանն առաջ եկավ:

– Ա՛խ, իշխանուհի, – ասաց նա հանկարծ տեսնելով նրան ձգված բազկաթոռի մեջ՝ Նունեի մոտ, և շտապով մոտենալով նրան, սեղմեց նրա ձեռքը: – Դուք արդեն շնորհ եք բերել… Բայց ներեցեք ձեզ մի փոքր նկատողություն անելու, որ դուք ուշացաք, և ես կարծում էի, որ այսօր մենք կզրկվենք ձեր այցելության պատվից, ձեր քաղցր տեսությունից:

– Ներեցեք, որ ձեզ ակամայից սպասեցնել եմ տվել, – ասաց իշխանուհին, որին, ըստ երևույթին, պարոն Հարունյանի գալն ուրախություն էր պատճառել, նայելով նրա դեմքի արտահայտությանը, որ նրա ձայնը լսելուն պես փոխվել էր: – Այսօր հանկարծակի ինձ մի գործ պատահեց, այդ պատճառով ակամա ստիպված էի փոքր-ինչ ուշանալ, բայց և այնպես, հիշելով երեկվա ձեզ տված խոսքս, ես շտապեցի: Սակայն դեռ պետք է շնորհավորել ձեզ ձեր եղբոր գալուստը, պարոն Հարունյան, – ավելացրեց նա ժպտալով: – Դուք մի շնորհքով եղբայր էլ եք ունեցել:

– Շատ շնորհակալ եմ, իշխանուհի… Պետք է ասած, որ ես այսօր չափազանց ուրախ եմ, առաջինը` որ ձեր այցելության շնորհին ենք արժանանում և երկրորդ` որ երկու տարի շարունակ անջատումից հետո իմ եղբորս ողջ և առողջ եմ ընդունում, և, իհարկե յուր նպատակին հասած: – Վերջին խոսքերի հետ պարոն Հարունյանը շուռ եկավ դեպի Արմենակը: – Այնպես չէ՞, Արմենակ:

Արմենակը պատասխանի փոխարեն միայն երջանիկ կերպով ժպտաց յուր եղբոր աչքերին:

– Մենք ձեզ կարող ենք խանգարել, – ասաց վեր կենալով իշխանուհին: – Ավելի լավ կլինի, եթե մենք դուրս գնանք, իսկ դուք մենակ առեք միմյանցից ձեր կարոտը: Գնանք դուրս փոքր-ինչ ազատ օդ շնչելու, Նունե:

– Ա՛խ, միևնույն է, իշխանուհի, – շտապեց պատասխանել պարոն Հարունյանը: – Մենք առանձին ոչինչ չունինք, իսկ դուք մեզ երբեք չեք կարող խանգարել:

– Բայց և այնպես ավելի լավ կլինի, եթե մենք ձեզ մենակ թողնենք, – ասաց իշխանուհին ծիծաղելով և առնելով տիկին Հարունյանի թևը: – Գնանք, Նունե:

– Գնանք, իրավ որ մենք էլ խո շատ բան ունենք խոսելու միմյանց հետ, Սոֆիա… Ա՛խ, Սոֆիա, ի՛նչ լավ օր լուսացավ այսօր մեզ համար, ո՞վ կարող էր կարծել, որ այսքան ուրախությունները հանկարծ կարող են տեղալ մեր գլխին:

Եվ նրանք դուրս գնացին պատշգամբը, որ նայում էր քաղաքի մի մեծ և նշանավոր փողոցին:

Երկու եղբայրներ մնացին մենակ: Սկսվեցան այն բոլոր հարցուփորձերը, որ սովորաբար լինում են երկու բարեկամների, առավելապես երկու ջերմ սիրով սիրող եղբայրների երկարատև անջատումից հետո կրկին տեսակցության ժամանակ: Դեռ երկար ժամանակ նրանք նստած խոսում էին, երբ, վերջապես, Արմենակը առավ յուր եղբոր ձեռքը և, խորին զգացմունքով սեղմելով, նրան ասաց,

– Սիրելի՛ եղբայր, ես այժմ, երբ հասել եմ նպատակիս, պետք է մատուցանեմ քեզ իմ խորին երախտագիտության զգացմունքն, իմ շնորհակալությունը: Ես քեզ եմ եղել պարտական իմ երեխա ժամանակս, քեզ եմ պարտական այժմ և քեզ պիտի պարտական լինիմ միշտ, այսուհետև մինչև իմ վերջին շունչս: Դու եղել ես ինձ համար ավելի քան հայր, և այդ պատճառով ես քեզ սիրում եմ այնպես, ինչպես տակավին ոչ մի եղբայր չէ սիրել յուր եղբորը:

– Ես ինձ անչափ երջանիկ եմ համարում, Արմենակ, որ քեզ այժմ նպատակիդ հասած եմ տեսնում, – պատասխանեց միևնույն զգացմունքով Ստեփաննոսը: – Ես միշտ, ինչպես ավագ եղբայր, իմ սեպուհ պարտականությունս եմ համարել բարվոքել քո ապագան և մինչև այժմ անհամբերությամբ սպասում էի այն օրին, երբ իմ այդ պարտականությունս կատարված վերջացած կլիներ – և ահա այդ օրն այս օրն է: Իմ սիրտն այս րոպեին այնպես է ցնծում, ինչպես տակավին երբեք չի եղել… իմ վերջին և սրտաբուխ ցանկությունս է քեզ միշտ այդպես անկեղծ և ազնիվ տեսնել, միշտ ճշմարտասեր և անկողմնապահ քո ընտրած ասպարիզի մեջ:

Մի անգամ էլ նրանք խորին զգացմունքով սեղմեցին միմյանց ձեռքն և դուրս գնացին պատշգամբն, ուր իշխանուհի Մելիքյանը ինչ-որ բանի մասին հռետորություն էր անում յուր վաղեմի ընկերուհուն: Երկու եղբայրներ տեղավորվեցին նրանց մոտ և սկսեցին մասնակցել նրանց խոսակցությանը: Ամենից շատ խոսում էր իշխանուհին իրեն հատուկ շարժունությամբ, որ շատ սազում էր նրա գեղեցիկ, փառավոր տեսքին: Նրա ճարտար լեզուն, ըստ երևույթին, շատ էր դուր գալիս պարոն Հարունյանին, պարոնը մեծ մասամբ լուռ նստած` առանձին հետաքրքրությամբ լսում էր նրան: Նույնպես հետաքրքրությամբ լսում էին նրան և տիկին Հարունյանն ու Արմենակը: Իշխանուհին, այդ տեսնելով, ավելի ու ավելի ոգևորվում էր: Պարոն Հարունյանը դարձյալ զգում էր յուր վրա նրա առանձին հայացքները, որոնք թափանցում էին մինչև նրա սրտի ամենախորին թելերն և ստիպում նրանց թրթռալ մի առանձին՝ մինչև այդ ժամանակ տակավին լոգացված քաղցրությամբ, որի ազդեցության ներքո, հանկարծ նրա միտքն խճճվում էր, և նա դադարում էր որոշակի մտածելուց: Նա գրեթե ինքնամոռացության մեջ էր ընկնում, ոչինչ չէր տեսնում, ոչինչ չէր զգում, միայն իշխանուհու ձայնը, որպես մի դյութիչ մեղեդի, հնչում էր նրա ականջներում և առավել ևս թմրեցնում նրա ուղեղը… Հանկարծ լռում էր այդ ձայնը, և նա լսում էր մի ուրիշ ձայն, նա ճանաչում էր այդ ձայնը – կնոջ ձայնը, որը մի ակնթարթում կայծակի նման շանթում էր նրա ուղեղն ու սիրտն, և հանկարծ նա սթափվում էր յուր ակամա թմրությունից: Նա տեսնում էր, որ ոչ կինն էր նայում իրեն, ոչ՝ եղբայրը, միայն իշխանուհու գեղաժպիտ աչքերը գաղտագողի կերպով հետամուտ են լինում յուր դեմքին…




Զ

ԵՐԵԿՈՅԱՆ


Նույն օրը երեկոյան, երբ իշխանուհու կառքը եկավ նրան տանելու, նա խնդրեց Հարունյաններին, որ կառքով միասին գնան Մուշտաիդ զբոսանքի: Հարունյաններն ուրախությամբ համաձայնեցան, բացի Արմենակից, որ հայտնեց, թե ինքը կարող չէ ընկերակցել նրանց, որովհետև շատ կարևոր գործ ունի յուր ընկերներից մեկի հետ և անկարող է հետաձգել:

Երեկոն գարնան վերջերի ամենասքանչելի երեկոներից մեկն էր: Օրվա մեծ և անթիվ աշխատանքից խոնջած, վաստակաբեկ արևն յուր շողասպառ գլուխը թեքում էր դեպի հորիզոն: Առավոտից մինչև այժմ թեթև կերպով ամպած երկինքը հետզհետե սկսում էր պարզվել և երևան հանել յուր կապուտակությունը: Անթիվ, բեկբեկուն, փոքրիկ ու բարակ ամպի քուլեքը սփռված էին նրա վրա: Մայր մտնող արևի վերջին թույլ ճառագայթները կողքից լուսավորում էին նրանց, որոնք մի կողմից փայլում էին կարմրախառն արծաթագունով, իսկ մյուս կողմից աղտոտ ջրի գույն ունեին: Երկինքն յուր այդ գորշախայտ դիրքով նմանում էր մի խաղաղ լճի, որի մակերևույթն ամենահանդարտ կերպով ծփում է թեթև զեփյուռից, կազմելով միահար փոքրիկ փրփրալից ալիքներ, որոնք միմյանց ետևից անդադար առաջ են գլորվում դեպի եզրը և կորչում, չքանում են այնտեղ:

Իշխանուհու երկձի շքեղ կառքը, որի անիվների հեցերին ռետին էր շրջապատած, փափուկ, անլռելի կերպով սլանում էր Միքայելյան խճամած լայն փողոցով: Լսվում էր միայն նժույգների ոտների միահավասար տրոփը: Կառքը հողմի նման առաջ էր կտրում միմյանց ետևից շարված բազմաթիվ կառքերին, որոնք նույնպես կրո՛ւմ էին իրենց մեջ Մուշտաիդի մշտական այցելուներին: Ամեն կողմից հարյուրավոր հետաքրքիր աչքեր հետևում էին իշխանուհու սրաթռիչ շքեղ կառքին, որի նմանը շատ չէ պատահում Թիֆլիսի փողոցներում: Իշխանուհին և տիկին Հարունյանը նստած էին կառքի ետնակողմում, իսկ նրանց առաջ՝ մեջքը դեպի կառապանը դարձրած՝ նստած էր պարոն Հարունյանը: Կառքում դարձյալ ամենից շատ խոսում էր իշխանուհին:

Այդ միևնույն ժամանակ ինչ-որ ձիավոր նրանց ետևից արշավում էր դեպի նրանց կողմը: Նրա հագուստն և նրա վրա եղած շողշողուն զարդարանքները ցույց էին տալիս, որ նա զինվորական էր: Չնայելով, որ կառքը շատ արագ էր ընթանում, բայց նրա սպիտակ նժույգն էլ պակաս չէր արշավում նրա ետևից: Մի քանի րոպեից հետո վերջապես նա հասավ կառքին և անցնելով այն կողմը, որ կողմը որ նստած էր իշխանուհին, գոռաց ֆրանսերեն լեզվով.

– Պատիվ ունեմ ողջունելու մեծարգո իշխանուհի Մելիքյանին:

Ամենքը նրա կողմը նայեցին:

– Պետրո՛վ… – կանչեց զարմացմամբ իշխանուհին, տեսնելով կառքի կողքից արշավելիս ձիավորի մի տեսակ լրբությամբ ժպտացող դեմքը: Մի ակնթարթում նրա դեմքի արտահայտությունը փոխվեց, նա, երևի ներքին զսպած կատաղությունից, դեղնեց և հոնքերը կիտեց, իսկ աչքերի կոպերն ու շրթունքներն աննկատելի կերպով զողացին: – Դուք Թիֆլիսո՞ւմ…

– Ինչպես բարեհաճում եք տեսնել, իշխանուհի: Ես հեռվից ձեզ տեսա և այնքան սրատես գտնվեցա, որ կարողացա ձեզ ճանաչել:

– Ե՞րբ եք եկել, – կարծես, ակամայից և մի տեսակ արհամարհական եղանակով հարցրեց իշխանուհին:

– Այս երկրորդ օրն է… Ես չէի սպասում, որ բախտն ինձ այդպես շուտ կարող է հանդիպեցնել ձեզ հետ, և պետք է ասեմ, որ ես շատ ուրախացա, երբ հեռվից ձեզ նկատեցի…

– Բայց ինչո՞ւ դուք Պետերբուրգը թողել եք:

– Մի քանի գործերից ստիպված, իշխանուհի…

– Եվ շա՞տ ժամանակ եք մտադիր այստեղ մնալու:

– Նայելով գործերին… Սակայն ես մտադիր եմ այս ամառ Կովկասում անցկացնելու՝ Պուշկինի և Լերմոնտովի սիրած ու փառաբանած աշխարհում:

Կառքը միշտ առաջ էր սլանում, իսկ նրան զուգակից – Պետրովը՝ յուր նժույգ ձիով: Հարունյանները հետաքրքրութքամբ նայում էին իրենց այդ անկոչ ուղեկցին, որ, ըստ բնույթին, շատ չէր հետաքրքրվում, թե ովքեր են կառքի մեջ մյուս նստողներն և ձին զուգընթացաբար միշտ առաջ էր քշում կառքի հետ:

– Դուք Մուշտաի՞դ եք շնորհ անում գնալ, – հարցրեց նա:

– Այո – պատասխանեց իշխանուհին:

– Ուրեմն և ձեզ ուղեկցելու պատիվն եմ ունենում…

Վերջապես նրանք մտան Մուշտաիդի հաստաբուն ու բարձր ծառերի սաղարթախիտ ճյուղերով կազմված կամարի տակ: Մուշտաիդը թիֆլիսեցիների համար նույնն է, ինչ որ զվարճասեր փարիզեցիների համար Բուլոնյան անտառը կամ Եղիսյան դաշտերը:

Յուրաքանչյուր գեղեցիկ երեկո, մանավանդ շաբաթ և կիրակի օրերն, այնտեղ կարելի է տեսնել հարյուրավոր կառքեր, որոնք միմյանց ետևից շարված` պատում են Մուշտաիդի շուրջը: Չունենալով մի ուրիշ ավելի հարմարավոր զբոսատեղի, Թիֆլիսի խայտաբղետ ժողովուրդն այդտեղ է վազում փոքր-ինչ ազատ օդ շնչելու և լսելու երաժշտություն:

Մի քանի շրջան անելուց հետո իշխանուհին կամեցավ իջնել և գնալ այգիի հրապարակը մի բան խմելու: Կառքը կանգնեց: Պարոն Հարունյանը բացեց կառքի դռնակը, ցած թռավ և մեկնեց ձեռքը, որպեսզի օգնե իշխանուհուն կառքից իջնելու: Իշխանուհին տվավ նրան յուր փափուկ, սպիտակ ձեռքը և թեթև կերպով ցած թռավ կառքից: Իջավ և տիկին Հարունյանը՝ նույնպես ամուսնու օգնությամբ: Պետրովը (մենք այսուհետև ձիավորին այդպես կկոչենք), որ մի քայլ անգամ չէր հեռացել կառքից, նույնպես իջավ ձիուց, սանձը տվավ կառապանին և ուղղակի հայտնեց, որ կամենում է նրանց ընկերակցել: Իշխանուհին, որին, ըստ երևույթին, շատ չէր դուր գալիս այդ աստիճանավորի ներկայությունը, ակամայից ստիպված էր ներկայացնել նրան Հարունյաններին: Այնուհետև նրանք խոսելով անցան, հրապարակն, ուր հարյուրավոր մարդիկ՝ ամեն դասակարգի սեռի և հասակի` զբոսնում ու նստած էին: Մեջտեղում նվագում էր զինվորական երաժշտությունը: Նրանք նստեցին և խմելու մի բան պահանջեցին:

Պետրովի շարժումները, խոսակցության եղանակն իսկույն ցույց Էին տալիս, որ աղմկալից կյանքն ու բարձր շրջաններն են եղել նրա դաստիարակիչը: Զարմանալի ճարտարությամբ նա խոսում էր իշխանուհու և նոր ծանոթների հետ: Նա խոսում էր երբեմն ռուսերեն, երբեմն ֆրանսերեն և մինչև անգամ անգլերեն: Հենց առաջին հայացքից նա դուր չեկավ պարոն Հարունյանին: Նրա կարճ հասակը, կլոր ու սափրած կարմիր դեմքը կարճ բեղերով ու ինքնավստահ, գրեթե լիրբ արտահայտությամբ, շեկ մազերն, փոքրիկ ու շարժուն խորամանկ աչքերն և փոքրիկ վեր քաշված քիթը, – նրան մի տեսակ ատելի Էին թվում: Ինչո՞ւ: – «Ինչպես չենք կարող մենք առաջ բերել ուղիղ պատճառը, թե ինչու մեկը չէ սիրում խոզի բացված բերանր, մյուսը՝ կատվի պես անվնաս կենդանուն, երրորդը՝ ձայնը պարկապզուկի», ինչպես պատասխանում է Շեյլոկը, նույնպես և նա չէր հասկանում, թե ինչու այդ աստիճանավորը նրան ատելություն էր ներշնչում: Իշխանուհին խոսում էր նրա հետ կարծես ակամայից և մի տեսակ եղանակով, որից իսկույն երևում էր, որ նրան ևս չէր դուր գալիս այդ շատախոս ռուս աստիճանավորը: Հարունյանները չէին կարող չնկատել այն փոփոխությունը, որ ստացել էր իշխանուհին Պետրովին պատահելու րոպեից: Նրանք ակամայից մտածեցին, որ այդ երկուսի մեջ ինչ-որ կա… Արդեն սկսում էր մթնել, երբ նրանք վեր կացան և ուղևորվեցին դեպի կառք: Հարունյաններն ու իշխանուհին նստեցին կառքը, իսկ Պետրովը հեծավ յուր ձին և մի քանի անգամ դարձյալ շրջան անելուց հետո այգում, նրանք ճանապարհ ընկան դեպի տուն: Կիսաճանապարհին Պետրովը բաժանվեց նրանցից, առաջուց խնդրելով իշխանուհուց նրա հասցեն: Նրա հեռանալուց հետո տիկին Հարունյանը հարցրեց իշխանուհուց, թե նա՞ է այն աստիճանավորը, որի մասին խոսում էր այն օրն Արմենակը:

– Այո՛, – պատասխանեց միայն իշխանուհին:

Պարոն Հարունյանը կամենում էր հարցուփորձ անել իշխանուհուն այդ մարդի մասին, բայց լսելով այն եղանակը որով նա արտասանեց «այո» բառը, նա տեսավ, որ իշխանուհին չէ սիրում նրա մասին երկար խոսել: Նա ոչինչ չհարցրեց` մտքումը դնելով, որ ամեն բան կիմանա Արմենակից, որին, ինչպես նա եզրակացրեց յուր կնոջ խոսքերից: Հայտնի պիտի լիներ նրա ով լինելը և, գուցե, այն կապը, որ, ինչպես նա կասկածում էր իշխանուհու փոփոխությունից, կար նրա և վերջինիս մեջ:

Կառքը կանգնեց Հարունյանների տան առաջ: Հարունյաններն իջան և խնդրեցին իշխանուհուց գիշերը միասին անցկացնելու – կամ մի որևիցե զվարճության տեղ գնալու, բայց իշխանուհին, որից Պետրովի ազդած տրամադրությունը չէր հեռացել, հայտնեց յուր շնորհակալությունը, խնդրեց, որ վաղն իրեն այցելեն, որովհետև մենակ է ինքը, և կառքը քշել տվեց դեպի յուր տուն:





Конец ознакомительного фрагмента. Получить полную версию книги.


Текст предоставлен ООО «ЛитРес».

Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию (https://www.litres.ru/nar-dos-11437014/k-nk-owsh-larer/) на ЛитРес.

Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.



Սեփական խղճի դատաստանի առջեւ Է կանգնեցնում իսկական սերը նաեւ իշխանուհով: Նա ուզում Էր հետ նայել, լսել տարիների, «մանկության հեովոսէ մարած ձայներ», արթնացած խղճի ձայներ: Բայց մոտիկ անցյալը մութ գիշերի նման անթափանց Էր թվում, միայն հատուկենտ լույսեր Էին ասղնտում հուշերի հա֊մատարած սեւ պաստառը… նրա հայացքն ուղղված էր իր ներսը, ՚ ուր մի զարմանահրաշ պատուհան էր բացվել անցած տարիների վրա։ Թելերը, որ նրան կապում էին հին ճանապարհի հետ եւ խաոնվել-խճճվել էին նրա կյանքի թելին, հարազատ էին ու թանկ։ Հուշերը ծանոթ արահետներով նրան տանում են հեռու-հեռու։ Եվ խղճի խայթի պես մի բան ծակում է սիրտը, իրենից հաշիվ էր պահանջում ազնիվ, բարի, հոգատար ամուսինը, որին զոհել էր սեփական հաճույքներին բավարարություն ՛տալու համարՆա մտորում է իր կորցրած տարիների մասին, այն կյանքի մասին, որ նոր էր սկսվել եւ որ կարող էր սկսվել ավելի վաղ։ Իշխանուհին փախչում է մենակությունից, վախենում ինքն իր հետ, ծանր հուշերի ու մտքերի հետ մենակ մնալուց։ Իսկ հուշերն ու մտքերը հնտապնդոլմ են նրան,, անդադրում փնտրում տանջալից «ինչու»-ների պատասխանը, փնտրում տարիների հեռվում, այն օրերում, երբ այնպես թեթեւ էր նայում կյանքին։ Կորցրել էր մի ավելի թանկագին բսւն եւ չէր նկատեք իր կորուստը։ Իշխանուհին մտքերի մեշ աննկատելիորեն փորձում է ճանապարհ հարթել արդարացման համար, իր խղճի հետ հաշտության ելք է որոնում՝ հիմնովին սրբագրելով երեկվա իր հայացքները կյանքի մասին։ Գրողը հոգեբանական ՛երեւույթների պատճառները որոնում է կյանքի պայմանների, միջավայրի ու դաստիարակության եղանակի մեշ։

Как скачать книгу - "Քնքուշ լարեր" в fb2, ePub, txt и других форматах?

  1. Нажмите на кнопку "полная версия" справа от обложки книги на версии сайта для ПК или под обложкой на мобюильной версии сайта
    Полная версия книги
  2. Купите книгу на литресе по кнопке со скриншота
    Пример кнопки для покупки книги
    Если книга "Քնքուշ լարեր" доступна в бесплатно то будет вот такая кнопка
    Пример кнопки, если книга бесплатная
  3. Выполните вход в личный кабинет на сайте ЛитРес с вашим логином и паролем.
  4. В правом верхнем углу сайта нажмите «Мои книги» и перейдите в подраздел «Мои».
  5. Нажмите на обложку книги -"Քնքուշ լարեր", чтобы скачать книгу для телефона или на ПК.
    Аудиокнига - «Քնքուշ լարեր»
  6. В разделе «Скачать в виде файла» нажмите на нужный вам формат файла:

    Для чтения на телефоне подойдут следующие форматы (при клике на формат вы можете сразу скачать бесплатно фрагмент книги "Քնքուշ լարեր" для ознакомления):

    • FB2 - Для телефонов, планшетов на Android, электронных книг (кроме Kindle) и других программ
    • EPUB - подходит для устройств на ios (iPhone, iPad, Mac) и большинства приложений для чтения

    Для чтения на компьютере подходят форматы:

    • TXT - можно открыть на любом компьютере в текстовом редакторе
    • RTF - также можно открыть на любом ПК
    • A4 PDF - открывается в программе Adobe Reader

    Другие форматы:

    • MOBI - подходит для электронных книг Kindle и Android-приложений
    • IOS.EPUB - идеально подойдет для iPhone и iPad
    • A6 PDF - оптимизирован и подойдет для смартфонов
    • FB3 - более развитый формат FB2

  7. Сохраните файл на свой компьютер или телефоне.

Книги автора

Рекомендуем

Последние отзывы
Оставьте отзыв к любой книге и его увидят десятки тысяч людей!
  • константин александрович обрезанов:
    3★
    21.08.2023
  • константин александрович обрезанов:
    3.1★
    11.08.2023
  • Добавить комментарий

    Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *