Книга - Մատեան Ողբերգութեան

a
A

Մատեան Ողբերգութեան
Գրիգոր Նարեկացի


Նարեկացու՝ մեզ հասած գրական ժառանգության կարեւորագուն ստեղծագործությունը «Մատյան ողբերգության» պոեմն է։ «Մատյան Ողբերգության» պոեմը հայ միջնադարյան գրականության մտքի ամենամեծ արգասիքն է, պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը ամփոփում է այն լավագույնը, ինչ ստեղծել է հայ քերթողական միտքը հնագույն ժամանակներից մինչեւ 10–րդ դարը։ Պոեմը բաղկացած է 95 գլխից։ Ժանրային առումով այն քնարական–հոգեւոր է։ Հայտնի չէ, թե քանի տարի է գրվել պոեմը, սակայն ավարտվել է մահվանից մեկ տարի առաջ՝ 1002 թվականին։Պոեմը հայտնի է «Նարեկ» անունով։ Տարբերվելով քնարական պոեմների մյուս հեղինակներից՝ Նարեկացին բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր։ Բայց պոեմն էապես ունի իր սկիզբն ու վախճանը, ներքին գարգացման կուռ միասնությունն ու ամբողջականությունը։ Պոեմում խտացված են բանաստեղծի ողբերգական ապրումները, տարակույսները, թե ինքը կարո՞ղ է միանալ Աստծուն։ Նա տարակուսում է, որ կարող է հասնել իր իդեալին՝ Աստծուն, որովհետեւ գնալով աճում են իր մեղքերը։ Մինչդեռ Աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մաքուր լինի ամեն տեսակ թերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։ Կատարյալ մաքրության հասնելու համար մարդ պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։ Բանաստեղծն իրեն է վերագրում մեղքեր ու հանցանքներ, դատապարտում այն բոլոր բացասականը, ինչ դիտել է մարդկային կյանքում ու իրականության մեջ։





Գրիգոր Նարեկացի

Մատեան Ողբերգութեան





ԲԱՆ ՂԱ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ





Ա


Տէ՜ր, Տէ՜ր գթութեանց եւ Աստուած ողորմութեանց,
Անուն մեծատառ, ձայն ահեղալուր, կոչումն ահաւոր,
Համբաւ անպարփակ, բարբառ սոսկալի, հնչումն հիասքանչ,
Յուսադրութիւն բարերար, ամէնողորմ քաղցրութիւն.
Որից վախեցած սասանւում են ողջ արարածները:
Ահիդ պակուցիչ սպառնալիքից`
Սաւառնում են սերովբեները ու քերովբեները թեւամփոփւում,
Պարուրւում են պարերը լուսակերպների,
Երկնային բոլոր պետութիւնները երկնչում հիազարհուր,
Ու ցնծում են ողջ երկիւղած դողով` նաւակատիքի բերկրութեամբ:
Զարհուրում դեւերն ու ընկրկում են գնդերը չարի,
Չքւում ոգիները խաւարասէր,
Անդունդ գլորւում հրեշտակներն օտարի,
Խաչի նշանով խարխափում են յարձակումները ընդդիմամարտի,
Փակւում են քինօտ ամաղեկացիք բանտի խորքերում,
Անլուծանելի հանգուցումներով պաշարւում խմբերն հակառակորդի,
Մահազէնների գումարտակները արգելափակւում զնդանում անզերծ,
Դեւերը պրկւում ահեղ հրամանիդ մետաղների մէջ`
Ընդդիմախօսներն ամենայն լռում, պապանձւում անձայն,
Աներեւոյթների բազմութիւնները պարաւանդւում են կորստեան հիւծմամբ,
Ու նեղւում անլոյծ շղթաների մէջ առաքելութիւնք սուտ-քրիստոսների:




Բ


Մթին գիշերուայ այս ժամին ահա ձեռքիս մատներով
Նշանիդ տեառնագրութիւնը քեզ եմ կարկառում.
Քեզ, որ ոչ միայն չես մթնում անգիտութեան խաւարով, ո՜վ ամենատես,
Այլեւ անմատոյց լոյսի մէջ ես բնակւում ու հանգստանում:
Աղաչում եմ քեզ գոհաբանութեամբ, ընդունի՛ր դու ինձ,
Ա՛ռ վշտահարիս հզօր թեւերիդ պաշտպանութեան տակ,
Փրկի՛ր դրսից եկող պղտոր ցնորքներից,
Մաքրի՛ր սրտիս աչքերի տեսողութեան զգայարանքը դու,
Կենաց փայտովդ ինձ ամրապնդիր տխուր անուրջների դէմ,
Արիւնովդ սրսկիր բնակարանիս շուրջ-բոլորը,
Կողքիդ կենարար արեան կաթիլով գծագրիր ճամփան իմ ելումուտի,
Քառաթեւիդ ձեւակերպումը թող պահպանարան լինի երդիկիս,
Ու խորհրդանիշն ամենափրկիչ քո տանջանքների,
Թող որ դէպի վեր նայող աչքերիս հանդէպ լինի միշտ,
Չարչարանքներիդ գործիքը թող իմ տան դռան ճակատին դրոշմուի,
Հաւատքն իմ յոյսի թող որ օրհնութեան ծառից կախուի քո:
Կաշկանդի՛ր դու, Տէ՛ր, այդ նշանովդ հոգիների սատակչին,
Եւ թող ներս մտնի առանց արգելքի պաշտպանը լոյսի,

Ցաւերիս սաստիկ ծանրութեան հետ մեղքերիս բեռն էլ թեթեւացրու.
Մահճում, մտամփոփ լռարանիս մէջ,
Մտաբերելով յուսահատութեան պտուղները դառնահամ,
Խոստովանում եմ ամենագէտիդ բոլոր անօրէն գործերը իմ չար:




Գ


Հանգստացրո՛ւ վաստակեալիս իմ բազմածուփ աշխատանքից,
Կործանուած ոգուս տարակոյսների տագնապը ցրի՛ր,
Դառնութիւնը վշտերի հետ եւ հեծութիւնը ցաւերի հետ,
Անձկութիւնը թշուառութիւնների հետ,
Հառաչանքները խորտակումների հետ,
Սրտաբեկութիւնը ապշութիւնների հետ,
Թմրութիւնը շուարման հետ,
Արբեցութիւնը յիմարութիւնների հետ,
Սառելը սիրոյ եւ հրաբորբոք ջերմութիւնը ցոփ-ցանկական ախտի հետ,
Օժանդակ եղիր` ամենատխուր տարտամութեամբ տկարացածիս.
Բարեգործ աջով քո շնորհատու, ձեռքովդ նորոգող, մատովդ կենսաբաշխ,
Մշտափայլ փառքովդ, անեղծ մշտակայութեամբդ, երեսովդ զուարթ,
Պաշտելի Էիդ իսկութեամբ եւ բարձրութեամբ երկրպագելի
Կտրի՛ր խեղդուողիս վշտալից հեծեծանքները,
Չարի հնարքը նոր եւ բանսարկուի խարդաւանքը հին,
Օտար դրդումներն ի մահ մղողի,
Անպատշաճ դէպքերն ամէնօրեայ եղեռնագործի,
Աչքակապ ճարպկութիւնները դաժան դեւի,
Փաղաքշական բոցաշնչութիւնը գրաւող կախարդի:
Պահպանի՛ր դու ինձ այս մահահանգոյն հանգստեան վայրում`
Թաքուն մտքերից, մասնաւոր սխալանքներից,
Մեծագոյն մոլորանքներից, փոքրագոյն սայթաքումներից
Եւ չար խաբուսիկ ձանձրութիւններից:
Հեռացրո՛ւ յանցաւոր ծառայիս զգայութիւններից
Խորհուրդներ անդէպ, կրքեր բասրելի, վարք անարգելի,
Դէպքեր անպատկառ, վրիպելի հետքեր, պատրանքներ ծաղրելի,
Խոհեր անգոսնելի եւ աւելորդաբանութիւններ արհամարհելի:




Դ


Քեզ ապաւինածիս զինի՛ր անսխալ հոգով եւ մաքուր մարմնով`
Հողմերի շնչից, բուռն հարուածներից,
Փոթորիկների բախումից, մրրիկների պոռթկումից
Եւ գազանների հարուածներից զերծ մնալու համար:
Երբ փակեմ աչքերս` սրտիս նայուածքը թող չստուերանայ,
Այլ զուարթանայ, պայծառանայ ու վայելչանայ,
Փայլի թող քեզ հետ, Տէր Յիսուս Քրիստոս, լուսաւոր վառմամբ անշիջանելի:
Խօսքովդ մաքրիր իմ ննջատեղին`
Խորամանկութիւններից, երկիւղներից,
Քեզ ատելի յիշողութիւններից,
Աստուածամարտ մտածումներից,
Յանցաւոր խենթութիւններից,
Տիրանենգ անշնորհքութիւններից
Եւ աստուածընդդէմ պառակտումներից:
Խնամակալ լինես ինձ երկնային քո գնդերով, պետութիւններով
Եւ իշխանութիւններով զօրաւոր ու անյաղթելի,
Որոնք մաքուր մատակարարներ են սուրբ Աստուածութեանդ.
Առաքեալներն` աւետեաց աւետարանով,
Մարգարէներն իրենց կտակարաններով,
Եւ վերջին օրը երջանիկների քեզ ընծայուող մաղթանքներով:
Այնժամ երկիւղով եւ քեզ հաճելի տրտմութեամբ ես պիտի նիրհեմ
Եւ քո շնորհիւ բուռն ուրախութեամբ արթնանամ կրկին:
Եթէ վհատութեամբ ննջեմ նոյնիսկ,
Հոգեւոր բերկրութեամբ պիտի յարութիւն առնեմ դարձեալ,
Եթէ մինչեւ իսկ մեղքով ընկողմանեմ,
Պիտի կանգնեմ կրկին` մաքուր խղճով եւ անաղտ անբծութեամբ:




Ե


Լսի՛ր խնդրանքներն իմ հառաչալից եւ հեծեծագին, միա՜կ բարեգութ,
Բարեխօսութեամբ սուրբ Աստուածածնիդ
Եւ արդարների բոլոր ու ընտրեալ նահատակների:
Բոլոր կողմերից, քո բարձունքն ի վեր, իմ ձայնով փառք եմ առաքում ես քեզ,
Միշտ սուրբ եւ անմահ զուարթունների միջոցով`
Ի գովեստ քո Հօր եւ մեր Աստծոյ,
Եւ ամէն ինչի ստեղծիչ եւ նորոգող սուրբ Հոգուդ,
Յաւիտեանս յաւիտենից. ամէն:




ԲԱՆ ՂԲ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ





Ա

ԺԱՄԱՀԱՐ ԿԱՄԿՈՉՆԱԿ Ի ՓԱՅՏՆ ԵՐՋԱՆԻԿ ԲԱՐԵԲԱՍՏՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՀԱՐԻՆ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԵԱՆ, ԱՂԱՉԱՆՍ ԵԴԵԱԼ ԸՆԴ ԿԵՐՊԱՐԱՆՍ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆՆ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ


Գոհունակութիւնս եմ յայտնում քեզ, բարեգութ,
Միակ մարդասէր, երկնքի ու երկրի արարող,
Կենդանի Աստծոյ Որդի,
Զարթնած քո յիշատակի սիրոյ անձկութեամբ
Փայտիդ հրաւէրով,
Որ հնչեցրիր մեր ականջներին.
Եւ սթափուեցինք, ելանք մահակերպ թմրութեան միջից,
Կարծես սփոփիչ խօսքի կոչումով`
Պաշտամունքի եւ օրհնութեան ժամին
Հանդիպելու քեզ ցնծութեամբ
Այս հատուցման բեմի առջեւ:




Բ


Փա՜ռք քեզ, ահա, անուն անսահման
Եւ զօրութիւնդ անընդգրկելի,
Որ փրկութիւնն իմ հոգացիր
Հնարներով բազմաքանակ.
Գոհաբանուած անեղծ իսկութիւն,
Որ այստեղ հրաշքով կերպարանեցիր
Նմանութիւնը գալոց օրերի,
Որ վայելչական խաղաղ գործիքով այս փայտե
Որոտացիր սաստիկ, երբ քնած էի անկանգնելի,
Կարծես ծուլութեան դանդաղութեանը
Խառնեցիր խրատիդ յանդիմանանքը,
Հայրական սիրուդ հեզութեանը
Ճայթման ուժգնութիւն միացրիր.
Երկու միջնորդի ընդոստ հարուածին
Քաղցր անձրեւեցիր մարդասիրաբար,
Փափուկ վանկերի մեղմ նիրհի մէջ չընկղմեցիր,
Եւ կամ անխնայ ահաւորութեամբ
Տառապած հոգիս չզարհուրեցրիր:
Երկրպագութիւն ծնրադրական
Բոլորի ստեղծչիդ,
Որ յստակօրէն` ցուցադրեցիր արդէն իսկ հիմա
Յայտնութեան մեծ օրուայ ահեղ գոչումը,
Կենդանացրիր դժոխային անբանութիւնից,
Որոնելով կանչեցիր պակասամիտներին
Ուրախութեան գինուդ.
Սրան դարձրիր անարատ հարսին հանդերձաւորող
Փեսայիդ սիրոյն.
Վախ ներշնչեցիր այս փոքր խթանով
Վիթխարահսկայ ապերասանին,
Կրթիչ ստուար լուծ դարձրիր այս իրը
Ստամբակի ուսին.
Չարախօսի կզակին զսպող սանձ դրեցիր:
Մեծդ Աստծոյ անբաւ բարձրութիւնը
Փառաբանեալ է յաւէտ,
Որ փայտի պարտքերը փոխարկեցիր
Կեանքի շնորհիդ ազատութեան,
Դարձեալ, վերստին իմաստնացրիր
Ցնդած յիմարիս`
Հոգեւոր քո հանճարով,
Կարկառ կրճտումով
Օձի հարուածի անբուժելիութիւնը
Առանց մոռացման բացատրեցիր,
Երրորդութեանդ կերպարանքի հետ
Ինձ վնասողի կապը դարձնում ես եռակի ամուր
Աշխարհի վերջին:




Գ


Ամենախնամ, խունկերի բուրմամբ
Ներբողեան գովք եմ վերառաքում քեզ,
Որ բազմաստուածեան ստապատիր կուռքերից առաւելօրէն
Մեղսական հոգիս` դարձրիր քո երկրպագութեանը:
Խրոխտ, ահարկու, նուիրական այս փայտով
Քարոզեցիր ճշմարտութիւնը,
Այս պատշաճութեամբ մեծացրիր նոր աւետմանդ պատիւը:
Հէնց սա զինավառութեանդ բարձրագոչ աղաղակն է,
Կայսրերի երկրի արքայ, Տէր Քրիստոս:
Քո մարտի աւարտի ուրախ հանդէսի նշանը, Յիսուս,
Երբ կապկպուեց փարաւոնը իմանալի.
Տաշած այս շերտը գոռոզացած չարագործի գլխի կատարի
Մշտական նեղիչն է:
Սրանով են Սիոնի որդիները խմբւում պատերազմում
Ընդդէմ խաւարի աշխարհակալին:
Այս հինօրեայ օծուած արձանը աստուածային հրահանգների մի տուն է,
Որ չի հնանում եւ անխափան է,
Որ հեռուից եկող նշանն է գալիք հատուցման ժամանակի -
Ազգակից ու համանման կենաց փայտին,
Որ Աստծոյ դրախտում է.
Կոչման վայր է շտապ ու բարուօք հաւաքումի,
Օրհնութեան վայր է.
Գիտութեան տունկի պատկերակիցը`
Չարի ու բարու ընտրութեան ունակ,
Եւ մեծ յիշեցում խաչիդ նշանով տեառնագրուելու
Սուրբ Հոգու շնորհով,
Աւետող նախասացութիւն
Սուրբ թագաւորիդ գալստեան յուսով սպասող դշխոյին.
Մաքուրների խմբի խրախճանութեան գոտեպնդող յորդոր.
Անապական սիրարկու անձնահամբոյր միացման
Շքեղաշուք քողազարդ ամենածին կոյս թագուհուն.
Յարդարիչը ծածուկ պճնանքի,
Որ հոգու վայելչութիւնն է.
Եւ նման է Սինայի պատգամին,
Որ դուրս էր յորդում Տիրոջից.
Անարատ որդիների մայր,
Պանծալի ու անշաղախ օրիորդը փառազարդւում էր սրանով:




Դ


Երիքովի եղջերափողից առաւել այս [գործիքով]
Գետնամած տապալեցիր Բելիարի բռնութիւնը.
Փայտէ այս պարսով քար արձակեցիր
Գողիաթի վրայ,
Նորոգ գայիսոն կառուցեցիր
Իբրեւ վկայ սատանայի ահեղ կործանման
Մեղքի խոր աճած արմատները այս գործիքով խլեցիր,
Իմ մոռացուած յանցապարտ գործերը սրա երախտիքով ինձ վերադարձրիր:
Թէ այն Բան Աստծուդ գալուստը յայտնող այլ ձայն անուանեմ`
Չեմ սխալուի, այլ իրաւ կլինեմ
Հոգեկիր նիւթի տկար ամանըս,
Իսկ Յիսուսիդ մեծագործութիւնները պատմուելով`
Կհռչակուեն առաւելապէս:
Վերուստ պարգեւուած բիւր օգնութիւններ,
Որ դու ես տալիս,
Այս անպատսպար ապաւինութիւնից
Ի զարմացումն` երկրայիններին տրամադրեցիր:




Ե


Հանրաճանաչ է բարեխնամ մարդասիրութեանդ
Անունն անքննելի,
Սրբամասն խորհրդով խնկարկուած,
Լոյսի կերպարանք անգծագրելի,
Որ այս կրկնաձիր նշանով
Արձակեցիր հեռաձիգ նետեր`
Ձայնատրական եւ օդագնայ եւ յարմարընթաց,
Կենդանի հոգի իրենց մէջ կրող,
Որոնցով անսխալ դիպուկութեամբ
Խաւարի աղեղնաւորի գաղտնի նպատակը
Յաւէտ կործանմամբ մերժեցիր:
Իբրեւ բարձրամուր պատնեշ բերդամարտութեան,
Կանգուն ու անխորտակելի,
Այստեղից այնտեղ, ուղարկեցիր թշնամու դէմ
Այս փայտի զարկի հունչերը
Իբրեւ կամարար սուրհանդակներ:
Մեծ ակնարկութեամբ քո հրամանի,
Արեանդ խառնուած օծութեան շնորհով,
Հեսանելով սրեցիր մոլի գոռոզի խեթիչ եղջիւրն այս,
Ինչպէս խաչդ փրկական:
Եւ մեծ ազդումից այս աղաղակի,
Երկնայինների ձայնից աւելի
Քանդուեց, վերացաւ ամուր դրանդին
Կարճամիտների անվայելուչ, երկչոտ վատասրտութիւնը,
Հրէական պատկերացումների
Եւ ստուերական տան կործանման հետ:




Զ


Վերընծայում եմ փառաբանութիւն,
Քեզ` անմահ թագաւոր,
Որ ստեղծեցիր, հաստատեցիր
Աջով քո հզօր,
Աղաչում եմ քեզ, կրկին կատարիր:
Սրանով անցկացրիր
Մեզնից հերքելով
Բանսարկուի խորամանկութեան դժնի վտանգը,
Մեղքի տապը տաժանական,
Եւ դառն հողմը խաբողի շնչման,
Մահուան երկիւղի տարրն արկածների:
Օդի ցնդման վնասակար տխրեցուցիչ հետեւանքները,
Թալկացնող դիւական հեծութիւնները:
Այս հեծանով, որ քո զէնքն է,
Նշանիդ թեւերի օժանդակութեամբ
Ցրիր վերստին հրածին ամպերը,
Եւ կարկտաբեր որոտները,
Բազմոտանի վիշապի փչումի
Հրախաւար կեղծաւորութեան ցաւագին ցոլմունքը,
Սատակիչ սուրը, յարձակողական մարտը,
Վայրենի մտքերով գրոհող դեւերի պարերը:
Այս փոքրիկ իրից զարհուրում են [դրանք]
Ու մեծ դողումով տեղի են տալիս,
Հին ծանօթութեամբ յայտնապէս գիտնալով,
Որ այսպիսի ձայնից է Տէրն ելնում դատելու
Եւ հոգեպէս խրախուսւում են արիութեամբ
Ամրապէս կզինուեն Հոգու սուսերով`
Մարտիկները բոլոր աստուածարեալ.
Այս յիշատակի կանոնով,
Որ անպատմելի գոչմամբ
Բոլոր ազգերին կազդարարի
Երջանկաբար նահատակուելու օրինաւոր ասպարեզում
Ամէն ինչ փորձող հրի դատաստանը:




Է


Ահա հնչեց աւագ փողը,
Որով համբարձաւ Աստուած օրհնութեամբ,
Պատմուեց սրանով ամէն մի երկրի,
Հնչեց աականջին աշխարհասփիւռ հեթանոսների,
Մեծ [Սիոնի] պահապանների ձայնը բարձրացաւ`
Եսայիի խօսքի համաձայն,
Եւ նոյն բարբառով կցնծանք բոլորս:
Սրանով խաչի թշնամիները ցնդեցին ջրի առակի նման
Անպատւուեց առաջին փայտի պտղի ճաշակումը,
Խորհրդաւոր նիւթն այս տօնուեց` կոչուելով կեանքի [փայտ],
Անարգուեց երկաթը պատերազմական,
Ինչպէս Տիրոջ սրբութիւն
Ձիու սանձի վրայ
Մեծ նշանի կենսաձայն փայտն այս յարմարեցուեց.
Երկնային հովուի այս օծուած ցուպով
Պատեան դրուեց մարդկային ձեռքի իշխանութեան սուրը:
Տաճարի վէմին քարտաշի մուրճ չգործեց
Իսկ աստուածակերտ խորանների մէջ
Փայտն այս նուիրական
Սլանալով խաչի թեւերով` զօրաւոր է:
Ոչ թէ ամսագլխին,
Կամ եօթն անգամ եօթ յոբելեաններին
Մի անկիւնում խափանուելով է փողհարում,
Այլ տիեզերքի չորս ծագերում
Եւ ծիրերում եզերքների,
Ծովերի անտակ ջրերի ծոցում ու կղզիներում,
Մեծ սաստկութեամբ,
Ինչ-որ աստուածային անարգել ճայթումով
Աւետելով հնչում է:
Այս փայտի յայտնութեամբ
Կոտրուեցին սատակողի սուսերները,
Մեզ համար անօգտակարութիւնից
Ձեւափոխուելով խոփերի ու մանգաղների:




Ը


Չհնչեց արձագանք խոր անձաւներից
Եւ ոչ օդը վիրաւորելով դժնդակապէս`
Ըստ օտար մի իմաստակի,
Ոչ անախորժ սրութեամբ ականջ մտնելով
Եւ ոչ ուղեղի ամանը չար տհաճութեամբ թնդացնելով,
Ոչ մարմնին ոսկոր խրտնեցնող փուշ բուսցնելով,
Եւ ոչ միտք այլայլող ապշութիւն առաջացնելով,
Ոչ պղնձանիւթ զանգ հնչեցնելով,
Եւ ոչ քարը սալարկի հետ տհաճ զարկուելով:
Նոր այս Սիոնի անխորտակ պարիսպ`
Սա արարչաւանդ գլխաւոր սպասքներից է,
Որ քրիստոնեայ եկեղեցականները
Ղեւտացիների հետ խնամում են զգուշօրէն կրելով,
Հրեշտակի ձայնի օրինակով,
Որ առակողի խօսքը այսպէս տպաւորեց
Հաւքի կանչի նմանութեամբ:
Աւետման նոր շնորհալի նուագարան`
Աստծոյ հոգին առ մեզ արթնացնող,
Քան թէ Սաղմոսարանի օրհնութիւնը Եղիսէի վրայ.
Նախընթաց սկզբնապարող է նա
Բարետաւիղ ողբերգութեանց յարմարալար ջութակների,
Բամբռի բառացի բարառնութեանց բարքը պատկերող.
Մի այլ տեսակի նոր սրինգ տրուած մեզ
Հնի փոխարէն,
Ոչ թէ հեթանոս ուրվաձայն հնչման,
Կամ հրէական խակամտութեամբ,
Որ Տիրոջ ազդմամբ մերժեց մարգարէն`
"Հեռացրո՛ւ ինձնից",
Այլ սիրեց սա ու կրկին պատուեց մաքուր հոգալով
Իբրեւ ահարկու դեւերին ու չար պատահարներին:




Թ


Եւ արդ, ստացայ օրհնաբանութեամբ,
Յարգանքով գովեցի սրբութեան այս տուրքը`
Ինձ պահպանութիւն, փառատրութիւն քեզ,
Քեզ պաշտամունք եւ ինձ գոհութիւն,
Անթերի կերտուածք արարչական բարձր փառքիդ:
Աստուածարեալ այդ ձայնը թող մտնի
Յօդերս շաղկապող պատուաստի մէջ,
Հանելու հոգուցս դեւերի խաբեութիւնը,
Ստացած անէծքներն ու զազիր մեղքերը:
Այս իմաստաւոր առարկան դարձրու
Ջահավառ ջնար, անջրելի նամակ,
Անխափան ջատագով քո տէրունի տնօրինութիւնների:
Ահա սրանով պարգեւիր, բարեգութ,
Աղաչում եմ, հզօր,
Մեզ կրկին շնորհիր պահպանութիւն
Աներեւոյթ ու երեւելի թշնամիներից:
Ամենալի ձեռք, տուր մեզ,
Որ բաց ես անում եւ մատուցում ես սիրով բաշխելով
Այլեւայլ բաներ,
Օդի քաղցրութիւն եւ անձրեւների օգտակարութիւն:
Ըստ Քո հրամանի սրա բարբառով թող պակասեն`
Տապախառն հողմ, ցաւաբեր փչում,
Գրոհները չար, խարդախ հէների,
Խափանուեն սրանով բոլոր հակամարտութիւնները
Դժնի մատնիչի զօրքերի,
Հալչեն, վերջանան, մեռնեն
Երջանիկ օծեալ այս փայտից որդ եւ ուտիճ
Եւ բոլոր նմանները,
Որ զօրանալով մեր մեղքերից`
Կռւում են մեր դէմ:
Սրանով յոյսիդ երանութեան տունկն արմատացրու
Մեզ պաշտպանելու, ստեղծիչ բոլորի,
Արարածոց Տէր, Սաբեկի ծառն այս,
Որի ոստերից կախուած է, Քրիստոս, քեզանով ծաղկած
Նոր սուրբ աւանդը արդի փրկութեան,
Պտուղը կեանքի անվախճանական:
Այս փառատրելի փայտի բարեհունչ ձայնարձակումով
Խորին խաւարի անհուն հեռուները փախչեն
Խարդաւանող բազմաձեռք ստապատիր ստորնականների
Ներհակ չարքերը:
Հերքուեն սրանով մեր սահմանների
Ստորադրուած, ընտիր-պտղաւետ անդաստաններից
Եւ քո մշակուած կենդանի երկրից`
Վատնիչ վէրքերն ու մորմոքեցնող
[միջատի] հոյլերը,
Սրանով հատուեն յաւելուած պատահարները`
Կրկնատգեղ կամ վայելուչ,
Որ գալիս են մեզ չարի հնարներից.
Իսկապէս վտարուեն սրանով,
Այն ինքնաստեղծ բաները, որ երկակ մեր բնութեան մէջ
Վերերեւում են իբրեւ մերձաւոր դաւաճան,
Մէկին վրիպակ, օտարոտի մտածումներ,
Միւսի մէջ` ապականող կեղտոտ զեռունների
Գարշ գոյացումներ.
Փրկիր, Տէր Յիսուս, աղաչում եմ քեզ,
Փրկիր, բարերար, ինձ մեկնիր աջդ ամէնքից գովուած,
Օգնելով սրանով`
Ազատիր բոլոր թշնամիներից:




Ժ


Հրամանդ թող խառնուի, միանայ սրան,
Հիմարացած ադամանդէ սիրտս փոխարկելու
Դէպի քո խօսքի արդիւնատրութիւն:
Քո սքանչելիքի հրաշքի նեցուկն այս
Խփես, մխրճես ծորած սրտերն ու լքուած հոգիները,
Ամրապէս կազմելով հաստատես
Ուղիղ, անսասանելի լինելութեան,
Իսկ անշարժին կակղեցնես, որ զարթնի
Եւ զգաստ լինի հեզ հոգով
Քո աստուածութեան պատուիրանի հանդէպ,
Պօղոսի ու Մատթէոսի նման:
Մարդասէր, յիշեցրու այս պատուեալ փայտով
Երախտիքները քո խաչի,
Որով անճառ գործեր կատարեցիր,
Իմ միջից հանիր, ապրեցնող, մեղապարտութեան վտանգը
Նոր տապանակիդ պանծալի լծակներով:
Հզօր, քո կամքով բացուի կեանքի այս ձայնին
Սրտի ականջը յամառողների,
Խուլ ականջները լսեն ակնարկութիւնդ մեծ այս բարութեամբ,
Սրա միջոցով պարզուի լեզուն համրացածների,
Լուսաւորուի տեսողութիւնը աչքերի`
Մաքրապէս նայելու քեզ անայլայլ պշութեամբ,
Կազդուրուի, զղջայ, դարձի գայ կամքը ձանձրացածների:
Տէր, տագնապածիս ընձեռելով տուր
Արցունքի անձրեւ:
Սա քեզնով լինի մեզ ցնծութեան լուր,
Ուրախութեան ձայն, բերկրանքի բարբառ,
Հանգստեան նուագ, երանութեան նիւթ,
Փրկութեան պատճառ, քաւութեան առիթ,
Վշտերի հերքում, խեղդումի խզում,
Եւ արձակութիւն նեղութիւնների,
Կրճատում խեթման, հերքում հեծութեան,
Թառանչումի թեթեւացում, կարիքից ապահովութիւն,
Կրքի կարգաւորում, վհատումի սփոփութիւն,
Բժշկութիւն ցաւերի, հեղգութեան մէջ համբերութիւն
Եւ ուշադրութիւն անտես բաներին:




ԺԱ


Անխոտոր ու անխոտորնակ այս ցանկալի կամրջով
Եւ վերնաշաւիղ բարձր սրբագնա երկնաչու սանդուղքով
Քո օրհնաբանուած, ահեղ անունով
Հօր մօտը տանես
Բարերար, Հոգուդ առաջնորդութեամբ
Միանալու քեզ անբաժանելի,
Որով եւ սուրբ մէկ ու միակ,
Միասնական տէրութեանդ
Եւ անեղծ արարչութեանդ ստեղծած
Կենդանիներից ու անշունչներից, վայելուչ գոհութեամբ`
Փառք եւ իշխանութիւն
Յաւիտեանս յաւիտենից, ամէն:




ԲԱՆ ՂԳ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ





Ա

ՄԵԿՆՈՂԱԿԱՆ ԱՂՕԹՔ ՄԵՌՈՆԻ ՍՐԲԱԼՈՅՍ ԻՒՂԻ ՄԱՍԻՆ


Սուրբ եւ ահաւոր անուն անպատում, բարձրեալ,
Միշտ ախորժելի, անձկալի փափագ,
Սրբերգու փառատրողներից միշտ սրբաբանուած,
Որ բնակւում ես սուրբ վայրում,
Լի ամենազեղ բարութեամբ,
Առատաձեռն աննուազելի,
Լոյս բարի եւ ծագումն գովելի,
Երկրպագուած փառաւորութիւն,
Ահեղ եւ անզննելի, ամէն եւ ամէն ինչի մէջ:
Դաշն յոյսի այս խօսքով
Քեզ միանալու ուխտ եմ անում,
Հզօր, այո, ամէն, ալելուիա,
Հանուրի գովեալ թագաւոր,
Բոլորի Աստուած, գոյերի ստեղծիչ եւ կամարար տէր,
Միակ առիթդ պատճառուածների,
Փրկիչ եւ օծեալ մշտապաշտելի:




Բ


Ուստի մեկնութեամբ պարզաբանելով մեզ համար
Անվախճան այս գանձը ու անփոխադրելի հարստութիւնը,
Յիսուս Քրիստոս, երկնային արքա, որին մեծ դողով սպասարկում են
Ահեղ անմահների լուսաբերան բոցաշնչութիւնները,
Խոնարհուելով կամայօժար, անխոտոր մտքով,
Գոհութեամբ ծունր եմ դնում, ստեղծո՛ղ էութիւնների,
Որ կան տեսանելի եւ ծածուկ:
Որ ես եւ էիր միակ բովանդակը` անպակասելի ամենեւին,
Մեր [պատկերն] առատ, իսկապէս համայն,
Որպէսզի քո լրութիւնից լրացնես,
Օրհնեալ եւ բարեբանեալ, յաւէտ ճանաչուած,
Միշտ անքննելի ողորմութեամբ` մեր փրկութեան համար,
Ի փառս եւ գովեստ անճառ բարձրութեանը
Ահաւոր բարերարիդ:
Սկզբնաձիրդ մեր օծման շնորհի
Մեծախորհուրդ հրաշազարդութեան,
Քանզի քո լոյսը ճանաչեցինք,
Անհաս ճառագայթ, անսահման ծագում,
Հաւասարասփիւռ արեգակ,
Երկակշիռ տարրերի սահմանազատ աստղ,
Ոտքի ճրագ եւ ընթացքի լոյս,
Որով այս խօսքիս յարմարութեան տեսութեամբ
Տօնում ենք հրեշտակական պարերգութեամբ,
Յստակ մտքով, փրկչավայելուչ կնդրուկով խնկելով
Ամէնիմաստիդ առատ պարգեւաբաշխումը,
Անբիծ դաւանման զուարթ իւղով:
Քանզի հէնց սկզբից կողոպտուեց իբրեւ շնորհուած
Բարձրագոյն շնորհից,
Ողորմելի տխրութեամբ,
Սկզբնաստեղծ հայրն իմ,
Գերի մեղքերի` մահուան մատնուեց,
Անզերծ հանգոյցով կապուեց մերժելի ապականութեան,
Ծառի պատճառով` անկումն անդարձ ամենակործան գլորման,
Լոյսից մերժուելով` մատնուեց այս խաւար վայրին:
Իսկ դու, գթած տէր ողորմութեան,
Աւելի քան նա ճանաչեցիր նրան, որ ստեղծեցիր,
Չեղածի ակնկալութեամբ չմնաց այնտեղ,
Ուր էր նախապէս,
Դառնալով անկարող տեսնելու լոյսը
Անսահմանելիիդ վերին անմատչելի գերակայութեան,
Ոչ թէ մշտափայլ յարատեւ վառմամբ
Տարածեցիր [լոյսն] անաղօտ,
Այլ գիշերի մթութեան մէջ, որ սայթաքում են ոտքերը,
Ձեռք բերիր ձէթն ու պատրոյգի նիւթին հիւսելով`
Օրինակ տուիր անախտ միութեամբ մեզ միանալուդ,
Մարդասիրաբար հիւսելով կազմեցիր.
Որպէսզի կանխակորուստ ծառի պատճառով
Մահու ստուերով տարագրուածներս,
Նրա ազգակից պտղի պատճառով
Ջահաւորուելով հաւատի վառմամբ
Վերստին դառնանք նոյն խնկարկութեան,
Ինչպէս որ մահուան փայտին կապուեցիր,
Մեզ նոյնպէս նրա մօտ տարար կապեցիր,
Մեծ խորհրդի օրինակով միաւորուելով կենաց փայտի հետ:




Գ


Արդ, ինչպէս օրը թերի է առանց գիշերի,
Նոյնպէս է տնտեսութիւնն առանց հարկ եղած ձէթի,
Քանզի ինչպէս սովորական, ոչ նուիրական
Իւղն է լուսաւորում մարմնական աչքի տեսողութիւնը,
Նոյնպէս անիմանալի կերպով
Քոյինաշունչ շնորհի ընտրութեամբ մաքրուածը
Աներեւոյթ հոգիները միաւորում է մեզ
Հրաշափառապէս պայծառացնելով:
Եւ ինչպէս իջնելով սուրբ աւազանի լուսարանը,
Մարմինը լուանալով` հաւատում ենք, թէ սրբութիւն ենք ստանում,
Այդպէս իւղի օծումով յուսավառւում ենք,
Սրանով կարծում ենք անտարակուսելիօրէն
Հոգու զօրութիւն ստացած:
Եւ ինչպէս օրհնաբանելի տէրունական հրամանդ
Նախավճռում էր մեղքերի քաւումն ախտացեալների,
Իսկ դրան չհաւատացողների հանդէպ
Հրաշալի բժշկութիւն անելով`
Մարմնական աչքով տեսանելի,
Հաստատում էիր վստահելի վկա,
Այսպէսեւ այս իւղը` կատարեալ փրկութեան լոյսով,
Լցուելով մեզ վրայ` օծում է մեր խորանն արտաքին,
Իսկ ներքին մարդու մէջ մտնելով ոչ ակնյայտ, այլ ծածկապէս`
Նոր կենդանութիւն է հաղորդում:




Դ


Նիւթի զանգուածն այս երկնի արարչիդ
Պատկերն է պանծալի.
Քանի որ ովքեր իւղի օգուտն ստացան,
Ստացան եւ ողորմութիւն,
Եւ ի գովեստ քեզ դու սահմանեցիր սա`
"Ողորմած եմ ես, Տէր",
Որովհետեւ ինչպէս սիրոյ հետ նոյնացնում ես
Աստուած անունդ
Նոյնպէսեւ մասամբ կոչւում ես սրանով,
Մեզ պարգեւուածով
Ճարպն այս վեհագոյն մեծութեան խորհուրդն է կերպաւորում
Թանձր երկրային հողանիւթ գոյացութեամբ:
Որովհետեւ կենդանու այս մասը ուտել չէր թոյլատրւում,
Ըստ հին Օրէնքի,
Այլ արարչութեանդ [արժանի] պտուղ էր համարւում,
Նոյնպէս եւ այստեղ,
Որպէս Տիրոջը մատչելի զօրութիւն,
Վայելչապէս նուիրւում է Աստուած Էիդ,
Հաճութեան աւանդն այս`
Հոգուս հարազատ զուգաշաւիղ,
Ուխտով պահուած է Արարողիդ:
Քանզի իմ հոգու օրինակն ու կարողութիւնը`
Անշունչ արիւնը եւ զուարթութեան ճենճերը
[Մատաղի] մսի հատուածների հետ չեն ոչնչանա,
Այլ վերին արքայութեանդ են ձօնւում ճաշակման,
Այդպէս` այս նիւթը ջահաւորական
Մշտաբորբոք ու անաղարտելի:




Ե


Անդրանիկն արու չէր կարող լինել
Դատաքննութեանը նախագահող`
Առանց օծումով դրոշմուած լինելու,
Եւ չէր կարող անկոխելի տեղը մտնել քահանայութեան,
Եթէ սրանով կատարեալ չլիներ:
Օծումով կնքելով քարը,
Որ խորհրդանիշն էր ընտրութեան խորանի
Յակոբը երազում տեսաւ յարմար սանդուղքը,
Որով իջնելը անճառ բարձրեալիդ
Եւ իմ ելնելը խորհրդանշուեց.
Նա վէմ կանգնեցրեց եւ օծեց իւղով
Ի ցոյց, յիշատակ գալոց օրերի:
Ահարոնի քահանայութեան պայծառութիւնը
Մեծդ Աստծոյ հրամանով օծմամբ էր ճոխանում,
Որով գլխից դէպ մորուքն իջնող գերափառ իւղը,
Ըստ Սաղմոսողի զարմանազան նկարագրութեան,
Նախահօր փառքի վերադարձն էր
Եւ կեանք բաժանող քո սուրբ շնորհի
Գիրկընդխառնումը մեր բնութեան հետ:
Թագաւորութիւնը պանծալի չէր քո ստեղծած պատկերով,
Թէ իւղի եղջիւրով չձեռնադրվեր
Պճնութեան թագ ու պսակով,
Յանուն քո, Քրիստոս,
Վեր չբարձրանար:
Եւ ինչպէս մոռացա վեհերից առաջինին,
Մեծութեանդ ծառային եւ անպարագրելիիդ պատկերին,
Մելքիսեդեկը չէ՞ր` ահաւոր ճշմարտութեանդ օրինակ,
Ձիթենեաց լեռան վրայ,
Ուր յետոյ կանգնեցին
Մարմնացած Աստծուդ ոտքերը,
Այն վերին հրեշտակների ձեռքով
Այստեղի պտուղներից օծուեց,
Ուստիեւ նախահօր շիրմի պաշտպան նստեց`
Քեզնից եպիսկոպոսական արքայապատիւ ճոխութիւն ստանալով,
Մինչեւ յայտնուեցիր իբրեւ կատարեալ իսկութիւն`
Ունակ Ադամին կենագործելու:




Զ


Արդ, որովհետեւ քոնն է շնորհը
Եւ քեզ է վայել գոհաբանութիւն,
Ո՜վ օրհնաբանուած Որդի Աստծու,
Դու յարմարեցրու իմ բարենշմար աղաչանքները`
Իւղաւոր, խնկապատար ու զմռսալիր
Քեզ պատճառ փառքի,
Ինձ` մեղապարտիս, բուժուելու առիթ:
Տէր Յիսուս, աներեւոյթ վէրքիս մօտեցրու
Ձէթն այս լուսանիւթ
Եւ մահացու խոցի այս խարանին դիր
Իւղիդ օրհնեալ կաթիլներ,
Քո սիրոյ անապակ փրկարար գինով,
Արարչական միութեամբդ
Խնամքի պատանքով պատսպարելով,
Որ մաղթական խօսքի մեկնողական շարադրանքս
Մի վայելուչ յարմարութեամբ քո Հոգու թեւերով
Իր կարգը գտնի:
Բարձրեալ, քո հոգին Դաւիթի վրայ իջաւ այն օրը,
Երբ որ օծումով նուիրագործուեց.
Սաւուղն այլ մարդ դարձաւ
Եւ մարգարէների շարքը դասուեց,
Երբ իր գագաթին օծում ստացաւ.
Ասորեստանցոց արքայութիւնը
Օծմամբ գրաւուած` կցորդուեց տանն Իսրայէլի.
Կայսրեր մի քանի`
Նշանաւոր, վեհ ու երեւելի,
Խուժիկ, բարբարոս ազգուցեղերից,
Կենսացնցուղ ցողով անձրեւած այս իւղը
Որսաց, ինչպէս կարթով, ընտանի դարձրեց
Մեծիդ Աստծոյ հպատակութեան:
Երկնային պատուասիրութեան`
Կիւրոսին ուղղուած խօսքից
Օծեալ հորջորջումը մեծ համարուեց
Եւ Սաղմոսողը մարգարէութիւնից նախընտրեց
Օծեալ կոչումը` տարբերակեց ու սահմանազատեց,
"Մի՛ դիպչէք նրանց եւ մի՛ մեղանչէք":
Քորեբում Եղիային Աստծուց առաքելութիւն շնորհուեց`
Օծելու Հեուին ու Ազայելին,
Որ նշանակում էր հրաժարեցնել
Բահաղի պաշտամունքից:
"Փեսայիդ անունը թափուած իւղ է" հոգելից խօսքով
Վերավկայել է իմաստունը,
Նախապէս գրուեց
Հոգին, որ Աստծոյ ճիշտ պատկերն ու նմանակն է,
Քեզնով փոքրի մէջ մեծդ է պատկերուած,
Շնորհդ ստանալով միանանք քեզ հետ:




Է


Այլեւս ինչու յոյժ երկար ու մանուածապատ,
Հեռու, գծագրական եւ այլաբան շարադրեմ
Վերինիդ ու ահաւորիդ առջեւ
Աղոթական բանաստեղծութիւն:
Տէրդ եւ կենդանարարդ,
Արարիչդ երկնի եւ երկրի,
Օծումից յետոյ սկսեցիր քարոզել արքայութեան Աւետարանը,
Այն օրերից վկայուելով Յովհաննէսի միջոցով
Իբրեւ օծեալ գառն Աստծու
Եւ վերացնող աշխարհի մեղքերի:
Թէպէտ քո օծմանը Հոգին էր բովանդակ էութեամբ,
Խառնուած աստուածութեանը ամբողջապէս,
Այդ [օծեալ] անունը պաշտւում է իբրեւ խորհրդանիշ
Սրբերի մէջ հրաշափառօրէն ազդող շնորհի,
Որպէսզի ադամական մարմինը ստրկացած
Պատրաստ դարձնես այս հորջորջումով
Միանգամայն բարձրանալու:
Բանալով Եսայիի մարգարէութեան այլաբանութիւնը
Դու ինքդ` մարդացած աստուածութիւնդ կարդացիր
Հաւաստելու քո ծառաների խօսքը, Տէր,
Եւ երբ օծութեամբ ճանաչեցիր խօսքը, թէ
"Տիրոջ Հոգին ինձ վրայ է, որով հէնց ինձ օծեց",
Յետոյ փակեցիր
Որոշեցիր երկու հաւասարափառ օծեալների որքանութիւնը,
Խտրոցով նշեցիր սահմանի ընդարձակ հեռաւորութիւնը
Եւ կնքեցիր,
Մերը միայն մի կաթիլով շնորհազարդելով,
Իսկ քոնը բացատրեցիր Հօր եւ Հոգու հետ
Կատարեալ հաւասարութեամբ:
Մեր կերպարանքով երբ յայտնուեցիր`
Օծեալ կոչումով, գովեստով իբրեւ,
Փառաբանիչ հրեշտակները
Երկրային արարածներին ծանուցեցին,
Որ մարգարէն նախապէս գուշակեց
Յորդանանում եւ ընտրեալ լեռ Թաբորում
Հօր ձայնի գալուստը, թէ
"Մարդկանց շրջանում պատմում է իր օծեալի մասին":
Որ եւ Սաղմոսի ձայնն է պատմում կանխաւ.
Հզօրիդ այս փառքն ու պատիւը`
Տրուած ձեռնադրութեամբ ստացածդ մարմնի.
"Օծեց քեզ, Աստուած, քո Աստուածը
Իւղով ուրախութեան":




Ը


Մարգարէի "Մեր հոգու շունչը" խօսքը,
Տէր Քրիստոս,
Որ իսկական օծեալ կոչումդ է,
Որով կենդանութեան շունչ ներարկեցիր
Լոյս բարերարութեամբդ` ի դէմս մեր.
Մի երջանիկ իմաստուն խոստովանելի մարդասիրութեամբ
Մէկին ասել է, թէ Տիրոջ օծեալի առջեւ վկայեց.
Նորից աւետեց "Անգամ կոշիկ չվերցրի բոլոր մարմնեղէններից":
Երգերի երգը սուրբ եկեղեցի հարսին գովելու համար
Աստծոյ ցոյց տուած խորհուրդը լուսաբանում է
Համեմատելով իւղեփողական գինու հետ`
Զմուռսն առաքինութեան, առաջին իւղով հանդերձ,
Եւ զմուռս ու կնդրուկ մաքուր վարքի`
Ամէն տեսակ անուշաբոյր փոշիներով ու
Իւղով շաղախած,
Առաջ բերեց այնժամ ու աժմ եւս:
Քրիստոս, երկնքի թագաւոր,
Դանիելը կենսատու մահդ յստակ գուշակեց,
Քեզ անուանադրեց գերազանց բառով,
Եւ յորջորջեց քեզ օծեալ առաջնորդ.
"Օծեալը կսպանուի վաթսունինը եօթներեակ յետոյ":
Բարեքի որդի Ադովեան Զաքարիայի ճրագակիր աշտանակին
Իւղի բարեբաշխութեամբ վառուող եօթնմասնեայ գնդերից
Քո լրութեան մասին` յանուն մեր փրկութեան եւ օծութեան
Նախապատմեցիր գերբնականօրէն:
Ըստ հին օրէնքի գուշակելիս,
Տաճարի մէջ, խորանի առջեւ
Ամէնընտելութեամբ սովորոյթ էր մատուցելու
Բաղարջաբլիթներ, իւղով խառնած շարմաղալիւր,
Իւղով օծած մատաղ եզներ,
Որ կոչւում են տիրոջական,
Եւ որոշ հաւքեր` թաթախած Ճարպին ազգակից արեան մէջ:
[Այդ ամէնը] սրա խորհրդի յայտնի նշան են,
Որ յարմար են քեզ,
Մեծ Աստծոյ Միածին ծնունդդ օրհնաբանեալ,
Միայն դու ես օծուած նոր ու զարմանալի`
Ինքնութեամբ, ամբողջ էութեամբ,
Իսկապէս լրմամբ
Եւ ամէն ինչով անպակասելի:




Թ


Եւ ի՞նչ կարիք կայ բազմապատկելու
Անհասանելի այս մեծ խորհրդի զուգակշիռներ
Եւ չճաշակել քեզ, ո՜վ քաղցրութիւն,
Քեզնով իմանալ, թէ ինչ է իւղն այս,
Որ մեղքի փայտից եկած տխրութիւնը
Նրանով ես բուժում, զուարթացնում, ըստ Սաղմոսողին
Կամ պարարումը, որով մոռանում ենք մահացու կերը,
Կամ օծութիւնը, որով մոխիրի թշուառ տեսքը
Սրա միջով պիտի փոխարկենք
Յաւերժ խնդութեան պայծառութեանը:
Եւ փրկուելով քո անուամբ, զօրութեան Հոգով
Պիտի որդեգրուենք Հօրը:
Եւ մարգարէի հոգեւոր ըղձականութիւնը,
Եւ բաղձանքը ամենատենչ
Իր ծերութիւնը պարուրուի ձէթով,
Կամ գլխի կատարը օծանել իւղով:
Հին խարդախութիւնը սաստիկ սուգի,
Մահի ու կործանման,
Կեանքի այս դեղով չկենագործուի`
Պատսպարելով պիտ օժանդակես.
Եւ ո՞րն է ճրագի լուսաւորելուն շնորհակալիքը,
Եթէ ոչ մեղքի անհասութեան մէգի եւ կռապաշտութեան խաւարի մէջ
Կերպակցելով միաւորեցիր ինձ հետ իբրեւ Էմմանուել:
Եւ կամ ինչո՞ւ մարգարէն, որ աստուածաբանում է
Սփոփիչ ու զուարթարար օրհներգութեամբ,
Յստակ ու վայելուչ աւետում է ոմանց,
Թէ "Կօծուեն իւղով` մրուրից մաքրած":
Կամ իմաստունը հարսի անունից ասում է օրիորդներին.
"Ինձ իւղով զօրացրէք եւ ծածկեցէք
Գեղեցկազարդ խնձորով",
Եւ "Ձիթենեաց պարտէզ տանելով գրկեցէք",
Թէ ահաւասիկ այս ընտիր նիւթով, քո Հոգով լցուած չլինէր,
Այս լոյսով կտեսնէինք, գովեալ, անիմանալի քո բարձրութիւնը,
Եւ այժմ քեզ, միակ խնամակալ,
Բոլոր ստեղծուածների բարի պատճառդ,
Ձեռք եմ կարկառում ես բազկատարած,
Գործակցութեամբ երիկամներիս, սրտիս հեծութեամբ,
Լեզուիս ու շրթունքներիս ձայնարկումով.
Լսի՛ր ողորմութեամբ, տէր,
Քեզ ուղղուած խնդրանքս պաղատական:
Պարգեւներով այս շնորհուած
Իմ գոհութիւնն եմ քեզ վերառաքում,
Հզօր, ահաւոր, բարձրեալ, անքնին,
Եւ միշտ համբուրուած անտակ փափագով,
Սուրբ, սուրբ եւ միակդ միշտ սուրբ,
Մշտապէս օրհնեալ` յաւերժ, անդադար երգեցողութեամբ:
Իսպառ վրիպածիս ընձեռիր առաւել բարերարութիւն,
Քաղցրութեան յոյս տուր, որ քո լոյսից մի մասին
Անարժան եմ եղել,
Քեզնով ընդլայնուել, բարի,
Ծածուկ խորհրդի նրբութիւնը,
Աղերսանքիս գոհութիւն խառնել,
Դաւթի հետ ասել` Աստուած,
Ստացանք ողորմութիւնդ
Եւ գաղտնիքների ծածուկ մասերը
Քո իմաստութեամբ յայտնի դարձրիր:




Ժ


Արդ, մեծութիւն քեզ, [ով] ամենակալ,
Աննուազելի առատաձեռն,
Գթութեան գործում [միշտ] ամենափոյթ,
Մշտայօժար բժշկութեանը,
Որ միացրիր, մերձաւորին խառնեցիր,
Դիւրագիւտ, ընտանի նիւթիս անճառ հրաշքը
Քո սքանչելիքի ահաւորութեան:
Որովհետեւ ամէն բարձրութեան երկինքը
Երկրի լայնութեամբ եւ ներքին անդունդների խորութեամբ
Ծովերի բազմութեամբ չի կարող տանել,
Այլ իբրեւ չնչինը բարի մեծից
Փոքր գոյիս մէջ տեսակաւորեցիր զօրութեամբ
Սահմանելով ճշմարտօրէն անհրապուրելի,
Որ ինչ-որ նոր երեւալով այլ էութիւնից
Հարեւանցի կասկած յարուցի
Վիրաւորելու, քան բժշկելու,
Առանց խտրութեան մտքի, կարծիքի:
Օրհներգուած Որդի Աստծու,
Ինչպէս մարմինդ ցորենի հացից ես հանդերձում`
Ուղիղ իմաստով եւ ոչ այլաբան,
Եւ խաղողի արիւնը` կայլակ քո կողից,
Իսկ ջրերի առատութիւնը`
Հոգեւոր ծննդի ու կեանքի արգանդ,
Նոյնպէսեւ անմահիդ փչմամբ մեզ տրուած հոգին
Սրանով, սրա մէջ արդիւնատրեցիր կեանքի երկունք,
Որից առաջացած կերպարանքը չի ձեւափոխուի
Անգամ հեթանոսութեամբ,
Ինչպէս չի երկրորդուի տեառնագրութիւնը
Խաչափայտի:
Տէր, խաւար երկրում նստածներիս
Քոյանման լոյս ծագեցրիր:
Որովհետեւ շնորհի այս կերպաւորումով
Աշխարհին ցոյց տուիր
Անհասիդ անպակասելի լրիւութիւնը
Եւ լուսաւորեցիր, որպէսզի տնանկը կարօտ չմնա
Եւ ոչ հարուստը մեծամտանայ,
Ինչպէս որ օդն է հաւասար բաշխւում,
Կամ արեգակի լոյսն է տարածւում,
Եւ կամ հոսում են վտակներ ջրի,
Որ երկրածիններին տալիս ես հաւասարաբար
Մանանայի զուգամասնութեամբ`
Փոքրերին աւելի, քան մեծամեծին:




ԺԱ


Իսկ այս նիւթի խորին խորհրդի տեսանելութիւնը
Բնականօրէն եւ հրաշապէս է բացատրւում,
Որ ոչ թէ երկմիտ հապշտապութեամբ
Անհաստատապէս իր տեղն է փոխում
Եւ ոչ նենգելով լքում է իր պահարանը,
Քանի որ ոչ օճառով է իսպառ հերքւում,
Եւ ոչ ինչ-որ ընդդիմակցից ողողուելով դուրս է ելնում:
Որովհետեւ ինչպէս պատահած գոյնը
Անհրաժեշտ բան է մարմնի էութեան համար,
Որ լինելով գոյացնում է, չլինելով ապականում,
Այդպիսի մի յարմարութեամբ այս իւղի զօրութիւնը,
Որը իր յատկութեան բերումով
Զբաղեցրած տեղից անբաժան է,
Դու կցորդեցիր մեզ հետ միասնաբար,
Տէր Յիսուս Քրիստոս,
Եղած իրի հետ միաւորեցիր եւ օրինակը`
Որովհետեւ աչքի տեսութեան եւ մտքին, ըղձին անիմանալին
Առաջ բերելով կերպաւորեցիր,
Երկրի պտուղներից ճզմելով ու քամելով,
Զարմանալի հրաշագործութեամբ
Պատրաստեցիր մեզ մատակարարելու:
Մանաւանդ որ ոչ թէ բազում եւ զանազան ծաղկանց
Խառնումով ու խմբակցութիւնով
Եւ բազմաբոյր այլայլումով`
Օծման այս իւղը հրահանգեցիր`
Ըստ հին ու ստուերական օրէնքի,
Այլ դա օրինակ համարելով
Եւ ինքդ խառնուեցիր
Վերնալոյս ձէթի այս մաքրութեանը:
Ու թէպէտ անճառելի են քո անուշ համեղութիւնները,
Եւ համեմատելի չեն այլ օրինակների հետ,
Այլ դաշտի ծաղիկը, հովտի շուշանը,
Ընտիր նարդոսը, եղեգնախունկը`
Հալվեով խառնած,
Քրքումի հաճելի բոյրով,
Փթթած ողկոյզի եւ ազնիւ գինու,
Ոչ սոսկ իւղի միութեամբ,
Պատշաճօրէն պատկերացար,
Փառաւորեալ եւ անքնին անուն,
Որ ամէն ինչ լիացնում ես
Եւ որեւէ բանի բնաւ չես կարօտում:
Ուստի ոչ թէ հակառակ առարկաների
Բռնօրէն խառնում,
Որ օրինակն է բաժան կամքերի,
Այլ յօժար սիրով մեր կողմից պարարւում ես
Դու աստուածապէս.
Մեզ համար ըստ մեզ պատկերանում ես
Կատարեալ վայելչութեամբ,
Եւ բարի լոյս, ջերմացնող հուր
Եւ սիրոյ տապ,
Առանց անգութ ցրտի շնչման,
Տեսնում են մաքուր մտքերը եւ ճանաչում
Ձէթի նիւթեղէն կաթիլների մէջ,
Որով հնարաւոր է իրօք Աստծուն միանալ:
Օծուած եւ Աստծուն որդեգրուած Սողոմոնի հետ
Հարսի բերանով երգում եմ երկնային փեսայիդ
Բարեբան գոհութիւն,
Մտքի ըղձանքով համբուրելով քո իւղերի հոտը,
Աւելի քան բոլոր խունկերը,
Եւ որպէս յաւիտենական կեանքի խօսք ունեցողի
Իմաստուն եւ աստուածաբան Աւետարանչի
Հոգելից խօսքի համաձայն,
Իւղերիդ բոյրով քո հետքով պիտի ընթանանք
Երեսներս լուանալով կեանքի ջրերով,
Որ վեր է քան այս օդի երկինքը,
Եւ գլուխս օծելով երկնային անապական իւղով`
Ուրախութեամբ քեզ ընդառաջ կգամ,
Զուարթօրէն եւ ոչ տխրութեամբ:




ԺԲ


Խնկելի իւղն այս,
Պաշտելի ու երանելի,
Սոսկ ուղեղի պահանոցը
Կամ գագաթի վարսերը օծելով օգուտ չի տայ,
Եթէ տէրունի կենսատու խաչովդ չտեառնագրուի
Զարմանահրաշ օրհնալոյս իւղն այս
Հրեային ու խուժին, հնդիկին ու բարբարոսին,
Սկիւթացուն ու հելլենին,
Դժնի դուժին ու արհավրատեսիլ
Սոսկավիթխար շնագլխին,
Ազատ տիրոջն ու ծառայածին ստրուկին
Քրիստոսեան դարձնելով`
Քո անուամբ է կնքում, ընծայում Սուրբ Հոգուդ
Եւ երկնային Հօրդ հարազատ որդի հաստատում:
Բազմատեսակ են սրա հրաշալիքները
Նախ` յարմարուած նիւթին, ապա` զօրութեանը:
Որովհետեւ ինչպէս փայտեղէն անօթը
Քանի չի օծուել,
Հեշտութեամբ ջարդւում է ու դառնում անպէտք,
Արժէզրկւում է,
Նոյնպէսեւ մարդը` չօծուած սրանով,
Հեշտութեամբ խորտակւում է
Եւ քեզնից հեռու լինելով` չի լուսաւորւում:
Յիսուս, սա քո մատն է, որով
Զարմանագործում ես հրաշալիքներ,
Որովհետեւ նրա անգծելի կազմութեամբ
Ու կարծր պահպանութեամբ պաշտպանելով
Ամենապատրաստ շրջաբերութեամբ
Ծածկում է այլեւայլ եկամուտ բաներից,
Այնպէս որ սրա մաքրութեամբ օծուածը
Արեամբ չի ներկուի
Եւ չի այլայլուի տխուր գոյներով:
Եւ մանաւանդ իր թափանցել-խառնուելու յատկութեամբ
Հոգեպէս մտնում է մեր թանձր մարմինը,
Ու եթէ Սաղմոսողի անէծքը ձէթի պէս
Չարի բոլոր ոսկորներին է հասնում,
Որչափ առաւել Հոգիդ
Լոյսի սոյն ճարպով կեանք տալով ողջացնում է
Ներքին վէրքերը անտեսանելի,
Եւ այն խորքերից ազդումն է տալիս
Հագագի շունչին,
Ներգործելով ծայրանդամների վերջը,
Մոռացնել տալիս մարմնի մահուան արկածները,
Որովհետեւ, միշտ ահաւոր, տեր Յիսուս Քրիստոս,
Քո կենսարար զօրութիւնը խառնուած է սրան,
Եւ բնակւում է նրա հետ:




ԺԳ


Այս օծումը բարետեսիլ
Բռնամարտիկ, մերկամրցման ըմբիշները եւս ունեն:
Իբրեւ ճգնական հնարանքների զօրաւոր խթան,
Անբռնելի` հակառակորդի համար
Պաշտւում է օրէնքով,
Հզօր եւ ահարկու է դեւերի եւ հիւանդութեան դէմ:
Զի Եզեկիէլի բազմապաճոյճ պճնած խօսքով,
Որ հեգնում էր իմանալի փարաւոնին այլաբանօրէն,
Ողբական երանգներով.
"Երբ ստեղծուեցիր, ասում է,
Օծեալ քերովբէի դէմ կռուելու պատրաստուեցիր,
Ուր հրեղէն քարեր էին հաստատուած":
Օրհնաբանուած ահաւորութիւն,
Որ ձեռքդ հասնում է ամէն տեղ,
Խօսքով անճառելի եւ քննութիւնից վեր,
Մշտապէս խնկւում ես աւետարանով,
Իբրեւ օծեալ նորածին` Դաւթի քաղաքի մէջ,
Եւ քահանայապետի հարցին` թէ
"Դո՞ւ ես Օծեալը` օրհնեալի Որդին"
Պետրոսի երանելի դաւանութիւնն էր`
"Միակ օծեալը` կենդանի Աստծոյ որդին"
Իսկ թերահաւատ քննողները հարցնում են`
"Դո՞ւ ես օծեալը, ասա համարձակ"
Նաեւ քո կանոններից հաւատում ենք
Օծեալ ուսուցչիդ եւ բոլորի Տիրոջդ:
Սրանից առաջ Հերովդեսը օծեալ անունով
Քեզ էր փնտրում յայտնապէս
"Ի՞նչպէս ես գրում, – ասացիր ինքդ, -
Աստծոյ օծեալը եւ տէրը Դաւիթի, որդին անսկիզբ,
Որդի` ժամանակով":
Այսպէս ըմբռնեցինք վայելչաբար
Այս բացատրութիւնը, որ մեզ տալիս է
Խորհրդաւոր կոչման լրումը,
Որ նախապատիւ է [դարձնում] քրիստոնեաների վիճակը:




ԺԴ


Այնքան ահաւոր, միաժամանակ այնքան սուրբ է
Իւղի սոսկալի, խնկաւոր "օծութիւն" անունը,
Այնպէս որ, ոչ ոք երկրայիններիցս չի համարձակուի
Աստուած կոչուել, այլ` լոկ աստուածային,
Նոյնպէս չի կարող մարմնաւոր մէկը
Իրեն Քրիստոս համարել, այլ` լոկ քրիստոնեայ,
Դա անհնար էր եւ առաջին մեծ մկրտչին`
Ջրերով Հոգուն հրաւիրողին,
Որովհետեւ, ասում է, ես օծեալը չեմ,
Այլ ուղարկուած եմ նրա առջեւից:
Ինչպէս Մարկոս Աւետարանչի խօսքն է`
Սրանով էին շրջում առաքելական լծակիցները,
Իբրեւ Աստծոյ ձեռք, օգտուելով սրանից,
Քո անուամբ բուժում էին, առանց մարդկային դեղամիջոցի:
Քանի որ ինչպէս խաւարը լոյսից,
Հիւանդութիւնը առողջութիւնից,
Գիշերն օրուանից ու մահը կեանքից,
Այդպէս եւ այս տիրապարգեւ նիւթից
Մերժւում են չարի բոլոր հանգամանքները,
Խափանւում են եւ իսպառ վերանում:
Քանզի ինչպէս որ զազիր ճանճերը,
Սարդեր, զեռունները ականջամուտ,
Իբրեւ թոյնից` սպառւում, պակասում են այս նիւթից,
Այդպէս այս իւղը երբ զօրանում է
Օրհնութեան շնորհիւ` ե՛ւ դեւերին է հալածում,
Ե՛ւ չարքի մուրհակներն է ոչնչացնում,
Եւ մահավճիռն է պատռում:
Աւազանը կատարեալ է լոկ օծման օգնութեամբ:
Թէ՛ աւազակներից մահացու խոցուած
Առաջին մարդուն տրուեց փրկութեան այս դեղը,
Թէ՛ Յակոբոսի եւ Իսրայէլի անբոյժ վէրքերին
[Իբրեւ դեղ] այս պատուական իրը յիշուեց:
Այս իւղն էր փափագում Դաւիթը յարակայ յոյսով
Իբրեւ պտղաւետ ձիթենի Աստծոյ տան մէջ,
Այնժամ մերժելով թլփատութիւնը`
Գուշակեց շնորհը մկրտութեան:
Եւ ինչո՞ւ եմ ես ճառում սրանից,
Կարծելով` կարող եմ սպառել նիւթը,
Մինչդեռ վերիններն իսկ ի զօրու չեն
Մասնակիօրէն բացայայտել այս խորհուրդը,
Եւ կամ` էապէս:




ԺԵ


Փառք քեզ միշտ եւ ամէն ինչում, անմահ թագաւոր,
Այժմ իմ երգած օրհնաբանութեամբ,
Որ արեցիր, կատարեցիր ինձ համար,
Բարեխնամ, գթած եւ ներողամիտ,
Հարուստ եւ առատ, ամենայաղթող,
Հայրերից սկսած` օրինակ տուիր,
Լրման հասցրիր իսկութիւնը ճշմարտապէս:
Դու` բնութեամբ` լոյս ես եւ արեգակ մշտապայծառ,
Եւ աշակերտներիդ դասը լոյս անուանեցիր,
Որով երկրի բոլոր արարածներին
Նրանց երջանիկ շնորհի շողերով լցրիր:
Մէկից անուշ իւղ ստացար ոտքերիդ`
Նշան, որ ընդունելի են քեզ ուղղուած խնդրանքները,
Եւ մի այլ պոռնկից` գլխիդ,
Նշանակ մեր հանդէպ գթառատ սիրոյդ:
Անսահմանելիդ մշտափափագ բաղձանքով հոտոտեց իւղն այս,
Հաստատուն ուխտով սահմանածդ մշտակայ օրէնք օրհնաբանելի`
Կեանքի պատգամներ քոյահրաման
Քարոզելու աշխարհով մէկ
Արժանաւորութիւնը համեստ իւղի`
Ի զարմանս հրաշքը լսողների,
Ի յուսադրութիւն գալիք սերնդի:
Դուք սրբից ունէք օծութիւնը`
Ասաց երջանիկն առաքեալներից,
Մեկնաբանելով օծման խորհուրդը,
Որ տալիս ես մեզ կենդանարարիդ
Անպակաս էութեան առաւելութիւնից:
Ուստի գերազանցօրէն քեզ նմանատիպ եւ յարմարաւոր
Լոյսիդ եւ Սուրբ Հոգուդ,
Օրհնութեան կաթեցումն այս, որ սրսկւում է մեզ վրայ անսպառ,
Նաեւ Լոյս է կոչւում,
Իբրեւ ստեղծուածներից առաջինը
Եւ արաչութեանդ պատկերակից,
Որով հալածում ես մեղքի խաւարը:
Իսկ Հուր է կոչւում, որովհետեւ
Ամէն տեսակ տարրերի հետ
Հաւասարապէս զուգաւորւում է`
Բաշխուած յայտնապէս, թէ ծածուկ,
Լուռ, թէ հռչակուած,
Ու թէ չբախուի հակառակորդի`
Չի բաղձա բորբոքուել ինքնասաստ կամքով:
Նաեւ` Օծումն, որ արքայաբար
Որդեգրելով, քեզ հետ միասին`
Մատուցես Հօրդ ի ժառանգութիւն,
Ողորմութեանդ [այս] ազգակիցը
Մեր մէջ նկատուի անեղծանելի,
Որպէսզի փայլենք գալիք փառքի մէջ:
Կոչւում է Հոգի,
Որպէսզի խաբեութեան հետքը մաքրելով,
Որ բանսարկուի ներգործութեամբ էր,
Նոր փոփոխուելով
Երկնային Հօրդ երկրպագենք
Հոգով եւ ճշմարտութեամբ
Յոյսի հաւատքով քեզ հետ բեւեռուած,
Ամենապարգեւ:




ԺԶ


Ահա արդարեւ ճշմարտագունեղ
Այս լուսապատար, խնկալից իւղը
Վերնայնիդ սիրոյ արտացոլումն է,
Որի համար եւ Պօղոսը պատշաճ դատեց
Գոհաբանական ճառի մէջ ասել յայտնապէս.
Ով մեզ օծեց ձեզ հետ միասին ի Քրիստոս Յիսուս`
Աստուած է, որ եւ կնքեց մեզ եւ մեր սրտերին
Հոգու առհաւատչեան տուեց
Ու նաեւ ասաց. Մի՛ տրտմեցնէք
Աստծոյ սուրբ Հոգին,
Որով կնքուելու էք փրկութեան օրը
Պատկառելի եւ անուանելի է
Այս օծութիւն հորջորջումը
Ինչպէս հին օրէնքում,
Առաւել եւ նորում:
Տիրական տնօրինութիւններիդ ու չարչարանքիդ
Անցած խորհուրդն է ակնյայտ դարձնում
Դաւթեան սաղմոսի այն ասոյթը, թէ`
Տիրոջ եւ իր Օծեալին դէմ
Հաւաքուեցին, կուտակուեցին
Իշխանները ժողովուրդների:
Մեծ մարգարէութիւնն էր ակնարկում
Մոլեգնաչար հրեաների խմբի`
Անջնջելի արեանդ մեղքի տակ մտնելը,
Երբ հանդգնեցին տէրութեանդ դէմ.
Ո՞վ է, որ ձեռք պիտի մէկնէ Տիրոջ օծեալին
Եւ քաւութիւն գտնի:
Որովհետեւ թէպէտ Սաւուղը
Իր ազգակցի ձեռքով սպանուեց,
Օտար ազգերի ամօթն ու նախատինքը
Իսպառ չմերժեց [նրանց],
Մինչեւ որ Աստծոյ արեանդ հաղորդուեցին:
Ապագայի մեծ յիշողութեան գրաւական են
Աղօթանուէր աղերսանքներն այն,
Որ ասում էր իր սաղմոսով.
Յանուն քո սիրելի Դաւթի
Երես մի՛ դարձրու քո օծեալից:
Ու դարձեալ. նայիր եւ տես քո օծեալի երեսը,
Եւ Ողորմութիւն արա օծեալիդ:




ԺԷ


Քրիստոս, երկրպագելի պարգեւն է ձեռքիդ
Լուսակիր հիւթն այս,
Եւ արքայական իր ճոխութեան մէջ
Չի տեսնում ուրիշ բարձրութիւն մի մեծ,
Քան քո անունից ասուած քո խօսքը.
Գտայ իմ ծառա Դաւթին
Եւ իմ սուրբ իւղով օծեցի նրան:
Ըստ սովորութեան յիշելով եւ համբուրելով
Քո լուսեղէն օծութիւնը,
Տէր Յիսուս Քրիստոս,
Քեզ ճանաչում ենք`
Անփոփոխելի մշտնջենութիւն,
Դու ես ամէնը, ամէն ինչի մէջ,
Միակ թագաւոր թագաւորութեանց,
Եւ իւղուածների ճշմարիտ օծեալ,
Երեկ եւ այսօր
Փառաբանուածդ երկրպագութեամբ:
Ինչպէս պատրոյգը ճարպի մէջ թրջուած
Նշողում չունի` մինչեւ չվառուի,
Այդպէս եւ լոյսի այս օծութիւնը` թափուած մեզ վրայ,
Ապագայում է լուսավառուելու:
Սա [օծման] մէկին բացատրութիւնն է`
Նախնիներից մինչեւ օրս,
Բարենշան օրինակով մի յարմարած,
Հրաշապայծառ գոյնով ներկած:




ԺԸ


Արդ, պատճառը ապրեցուցիչ վեհագոյն մասանց,
Աստուածային արարչութեանդ հարազատների,
Առանց որի հնարաւոր չէ քրիստոնեայ լինել,
Եւ կամ անուանուել Նազովրեցի,
Կամ յիշատակուել Յուդայի որդի,
Խրախոյս կարդալ յանուն Յակոբի Աստծու,
Այս ձէթի հիւթը, որի մէջ
Միաւորւում է սուրբ Երրորդութիւնդ,
Շնորհքի ճառագայթ, շուքը մեր դէմքի,
Նկարագիրը մեր երեսների, բարեձեւութիւնը պատահմունքի,
Աչքերի լոյսը, բիբերի տեառնագրութիւնը,
Այտերի վայելչութիւնը, կերպարանքի զարդը,
Շրթունքների պահպանարանը,
Հանդերձիչը կրօնների,
Վարքի յարմարիչ, հաւաքման շաղկապ,
Անձանց զօրութիւն, ընդդիմացող ուժ,
Հուռութ խափանող, հմայանք քակտող,
Ձեռնածուների հալածիչ, կախարդների խայտառակիչ,
Աղանդները բացայայտող, դեւերին յաղթող,
Ցաւեր փարատող, կնքուածներին սրբագործող,
Նորադարձների տենչանք, անիմանալի` իմաստուններին
Ապշութիւնը հեթանոսների, անհաւատների նախանձը շարժող,
Գաղտնիքները բացայայտող,
Յարգանք` նուաստներին, փառք` ստրուկներին,
Պճնումն կանանց, աճումն մանկանց,
Ծերերի հրճուանք, նուիրուածների ձեռնադրութիւն,
Զգուշացում մաքուրներին, պսակ թագաւորներին,
Ճոխութիւնն արքաների եւ կայսրերի մտադրութիւն,
Քանի որ կնքուած ամանը ցոյց է տալիս
Պարունակութեան մեծագնութիւնը,
Նաեւ մեզ տրուած շնորհի բարձրութիւնը`
Սրանով ծածկուած քո անուամբ,
Աստուած տէր Յիսուս Քրիստոս,
Վայելուչ ինչ-որ համեմատութեամբ
Դառնում է ճանաչ:
Իսկ նրա անունը նոյն հորջորջումով,
Ըստ հոգելից իմաստունների,
Դեռ եգիպտացիներից սկսած
Բացայայտում է իրի պատկերը`
Ահեղ խորհրդի կերպարանքը:




ԺԹ


Չէ՞ որ միւռոնը այս օրհնաբանուած,
Որ մարգարէն նախապէս աղերսելով
Աչքի լոյս էր խնդրում,
Քերթողական խօսքով բացատրած`
Հոմերոնը թարգմանւում է "իմ մայր",
Այսինքն, որ մեր բնութիւնը ուժգնօրէն ձգող,
Եւ կայունացնող չքնաղ փոփոխմամբ
Հոսուն ջրերը լուսաւոր աւազանի,
Եւ կաթ մածուցող մակարդի նման
Իր մէջ է հաստատել վայրենութիւնս
Եւ հեղեղը աղբիւրների մշտահոս:
Իսկ մառնամուտը նոյնպէս միւռոն է նշանակում,
Մի այլ բառով արտայայտուած,
Այսինքն` մթին, որ խաւարչուտ է
Եւ ծածկուած է, անտեսանելի:
Օտարացեղ չէ այս դիմառնական կոչումը բառիս,
Քանի որ իրօք անուն է դրւում իրին համաձայն
Եւ անքննելի է խորութիւնը այս,
Քան թէ ամէն մի սրբութիւն սրբոց:
Քանի որ ոչ թէ ջրի նման է աղտը լուանում,
Կամ սիրտն ամրացնում հացի բնութեամբ,
Այլ նորոգ ինչ-որ մի յարմարութեամբ
Տնօրինապէս տեառնագրւում է զգայարաններին,
Սակայն վերնական անհասութեամբ
Ունի անուն անքննելի:
Եւ ինչպէս ասւում է` Աստուած անմատոյց
Լոյսերի մէջ է, իսկ անսահման փառաւորութեամբ
Անբաւ խաւարում ծածկուած է անտես:
Արտաքուստ փակուած` հասու չենք նրան:
Նոյն կերպ է եւ այս ծորումը լոյսի
Որոշ ճարտար լեզուներից
Պատշաճ ասութեամբ անուանագրուած`
Մռայլ է կոչւում,
Քանի որ անհնար է
Երկրածին բնութեամբ իսկութիւնն զգալ:
Իսկ իր մէջ հարստաբար ու տիրականապէս
Երկու աստծոյ անուն է կրում:
Եւ բարձրեալի անուանը նմանուելով
Կրկնակի է մեծանում այս իւղը`
Նուիրագործուած ամենաբուրեան ազնիւ կնդրուկով,
Զի Աստուածը մեր սպառիչ կրակ է ըստ Մովսէսի,
Ու նաեւ լոյս է, ըստ Յովհաննէսի,
Ուստի Եսային ճշմարտօրէն է սրան ակնարկում`
Լոյսն Իսրայէլի հուր պիտի դառնա:




Ի


Դարձեալ նոր ձեւով ներկայացնեմ`
Իրը յայտնելու նոր մի պատկերով,
Չմոռանալով իմ նողկութիւնը,
Որը քաղցրացաւ գթութեամբ մեծիդ`
Նորից ու նորից գովեստով օրհնել:
Մեռայ` դառնութիւն է նշանակում,
Տաժանելի կիրք եւ չարչարանքներ:
Միւռոն` մեր լեզվով թէ ստուգաբանենք,
Պիտի թարգմանենք մահ-մեռելութիւն:
Որովհետեւ այս հոգեւոր օծմամբ
Մենք կտրւում ենք սնոտիասէր,
Մահակերպարան, տաղտուկ ու զազիր
Հեշտութիւններից հակառակուողի,
Որ օդախոնաւ մեղկութիւններով,
Ինչ-որ ջրացիր մի խոնաւութեամբ
Աղաւաղում են հունչը քնարի իմ լսողութեան,
Թմբուկ-թաղանթի ներդաշնութիւնը
Ուժգին հնչումով մի անվայելուչ
Ներքեւ է ձգում, մատնում կորստեան
Հեռանկարը մարդուս գոյութեան:
Դարձեալ, վերստին յուսով ենք կապւում
Քո խաչի անճառ խորհրդին, Քրիստոս,
Դու, որ միշտ ողջ ես` մահով մկրտուած,
Աստուած, եւ հաղորդ քո խրախոյսով`
Սրանով ենք մենք հաղորդւում կեանքիդ,
Եւ` բոլորովին անբաժանելի:




ԻԱ


Յիսուս, չորս կողմից դրոշմած այս իւղը
Բարձրեալիդ խաչի պէս հաստատում է
Կեցուցչիդ զուգափառ եւ նմանատիպ արեան շնորհը,
Եւ մեծարում է`
Նոյն անմերժելի փառքով պսակուած:
Ծառն այդ կոչւում է օրհնեալ իւղի փայտ,
Ըստ մարգարէի կանխասացութեան,
Դա սովորական անտառի տունկից կազմուածը
Հզօր մի ուժով փրկում է չարի նենգ արկածներից
Եւ օտարոտի մտածումներից,
Վերադարձնում է քեզ` ստեղծողիդ,
Հասցնում նրան կեանքի նոյն նիւթին:
Եւ մեր մտքի պատուհանը մշտաբաց ու դիւրաթափանց
Տեառնագրում ենք յանուն ահաւոր մեծիդ զօրութեան,
Որ զգայարանքս խոհականօրէն զգաստանան քեզնով,
Իբրեւ ըղձական օթեւան Հոգուդ,
Եւ խաւարահողմ խարդախող չարի
Խաբեութեան դէմ անհաղորդ մնան:
Զսպուած այս լոյսով` կենտրոնանում ենք,
Երեկոյան պաշտամունքի
Գոհաբանական նուագերգութեան,
Աստղերի հետ, որ նշանն են
Մեր մէջ վառուող քո շնորհի:
Սրանով են եւ փրկութեան բարի յուշարկումները
Տնկւում մեր սրտում ու պտղաբերում,
Քո մեծ գալստեան վերջին գիշերի
Ընթրիքի համար
Այս լոյս ճրագն ենք, ահա` կիրառում:




ԻԲ


Իսկ այժմ տառաթուերի գումարով դիտենք.
Թէ քսանը չորսով մենք բազմապատկենք,
Եւ գտնենք տառը քսաներկուերորդ`
Կբացատրենք խորին իմաստը [սրբալոյս] իւղի,
Որ թարգմանւում է ճաշակ հեշտալի,
Եւ պատրաստում ենք այն ընկալելումենք ամբողջապէս:
Երբ ութսուն նշող գրի փոխարէն դնենք չորս հարիւրը,
Ստուգաբանենք`
Ձէթի անուան հետ նիւթ է ստացւում,
Որ կերպարանքն է թթու խմորի:
Սա զանգուածն իրեն ենթարկել գիտէ,
Որ ոչ թէ քիչն է շատի ընդերքում,
Այն ամէն ինչը իր կողմն է ձգում` աճեցնելով,
Ինչպէս ասում է աւետարանը:




ԻԳ


Այս համեստ իւղը միշտօրինակն ու նմանութիւնն է
Համբարձման եւ խոնարհութեան:
Երբեմն իբրեւ կակուղ պատառ է տրւում, ընկալւում,
Համակշիռ ու յարմար խօսքի պէս,
Երբեմն, սակայն, գերափառ է նա,
Բոլոր լուծական, հոսանուտ, ծորող նիւթերի վրայ
Շրջում է իբրեւ
Այն հրաշափառ խորհրդի պատկեր:
Երբ որ լցւում է կաշուէ պարկի մէջ`
Ոչ թէ գինու կամ ջրի պէս թրջում,
Այլ պահպանում է հին պատշաճ ձեւը:
Այսպէս ստանալով առաւելական
Այս բարիքը քո,
Որդիդ կենդանի Աստծու,
Սրբանուէր այս օծելութիւնը
Մեր ճակատին ենք գրում քո արեամբ,
Ու քո Հոգով տպաւորում ենք մեր սրտում,
Եւ հաւատում ենք խորապէս,
Որ նա մի օր թէ յայտնուի
Բազմաճաճանչ շառայլներով`
Տարածուելու բազմատեսիլ,
Զարմանահրաշ ընդլայնումով,
Լոյս կընծայէ գալիք օր ու սերունդներին:
Երջանիկ ու վերնանշոյլ ճարպն հոգեւոր
Թող իմ դէմքին քո նշանով լուսավառուի:




ԻԴ


Եւ կարծես անհաս, անըմբռնելի
Մեծ զօրութիւնն այս
Մտքի սլացքի թեթեւ թեւերով,
Որ շա՜տ, շատ վեր է մեր ըմբռնումից,
Անկանգ շարժումով, անհետ փախստեամբ
Ու լայն տարածքով տարաբաժանուած,
Թաքնուեց ինձնից եւ չօրինակուեց,
Կամ զուգորդաբար չնմանակուեց,
Կամ սահմանումով չձեւակերպուեց,
Եւ չկշռուեց զուգակցի չափով,
Այլ աստուածային խաչի նշանիդ հաւասարութեամբ
Եւ, կեցուցիչ, քո արեան հետ միայն
Հոգեւորապէս գերազանց եղաւ:
Եւ հիմա օրհնիր մեզ, տէր, սրանով:
Նաեւ ահաւոր, լուսեղ, երկնային եւ զարմանալի
Քո անունը, Տէր, թող փառաբանուի,
Մաքրակրօնների բուրվառով խնկուած,
Սուրբ, սուրբ անքնին, անպատում, բարձրեալ,
Ողորմած, երգուած, ճշմարիտ,
Բարերար եւ սուրբ,
Սրանով փրկագործիր, եւ քաւութիւն տուր,
Բժշկութիւն պարգեւիր, շնորհով օժտիր,
Առատաձեռնիր, ով երանութիւն:
Օծուելով երկնանձրեւ լոյսի այս ձէթով`
Անարատ լինեմ,
Իւղուած բանաւոր այս յենքի մէջ թող
Մեղքի բիծն անգամ չտխրեցնէ,
Որ հոգուս կերպը մնայ անարատ:
Եւ թող բոլորը, որ կմօտենան օծուելու սրանով`
Հարսնապաճոյճ վեհութիւնով գեղազարդ,
Սուրբ վայելչութեամբ ու երջանկօրէն
Հոգով զարդարուեն:
Թող այս լուսափառ եւ աստուածատուր
Կրակը իրեն մօտեցողներին լինի կրկնեռաց
Եւ բարեփափագ ջերմութեանու յօրինուածքի երկաթ,
Որով ամբողջովին, ամենապատրաստ պնդութեամբ
Քո կարծր վէմի վրայ յարակայ
Միշտ արձանանում,
Աներկբայօրէն քեզ որդեգրուած:
Ով Սրանով զինուի`
Նշանակ լինի երկնամրցանակ այս մեծ պարգեւին.
Ո՛չ ջրով թրջուի, ոչ այրուի հրով, ոչ ցրտահարուի,
Ո՛չ վնասաբեր հողմն իրեն մարէ,
Ո՛չ աղտեղանայ ինչ-որ ուրուական պղծութիւններից,
Եւ պահուածները չարին չմատնէ,
Ո՛չ աշխարհից հեռանալիս անմտաբար
Դուրս նետել կեանքի գանձերն ամբարուած,
Եւ քո թեւերի օգնութիւնից զուրկ չմնալ [հանկարծ],
Մեր մէջ էացած [սուրբ] օծութիւնից
Անմաքրութեամբ չմերկանալ:
Այլ քո հաճութեամբ կիզուենք նրանով,
Պարարուենք իրմով եւ լուսաւորուենք,
Նրանով ազատուած եւ արդարացուած,
Պսակուած ու թագաւորած:
Եւ քեզ, միակիդ, միակ օծեալիդ
Բոլորի երգը օրհնաբանական,
Եւ լեզուների փառատրութիւնը,
Հնչմունք ձայների, հանդիսաւոր գովք,
Եւ շրթունքների բարեբանութիւն,
Սրբաբանութի՛ւնը սաղմոսների
Հօր եւ սուրբ Հոգու հետ
Յաւիտեանս յաւիտենից. ամէն:




ԲԱՆ ՂԴ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ





Ա

ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ


Աստուա՜ծ յաւիտենական, բարերար եւ ամենակալ,
Ստեղծող լոյսի եւ յօրինող գիշերի,
Դու կեանք` մահուան մէջ եւ լոյս` խաւարում,
Յոյս` սպասողների եւ համբերութիւն տարակուսեալների.
Որ ամէնարուեստ քո իմաստութեամբ ստուերը մահուան փոխում ես այգի,
Աննուազ ծագում եւ անմայրամուտ արեգակ,
Զի գիշերուայ մութն անզօր է իսպառ քողարկել փառքը քո տէրունական,
Որին ծնրադրում են արարածներն ու երկրպագում`
Երկնաւորներն ու երկրաւորներն եւ սանդարամետականները բոլոր:
Դու լսում ես հեծեծանքները կապեալների, ունկնդրում խոնարհների աղօթքին
Եւ ընդունում ես նրանց խնդրանքները,
Աստուած իմ եւ թագաւոր իմ, կեանք իմ եւ ապաւէն իմ,
Յոյս իմ եւ վստահութիւն իմ,
Տէ՜ր Յիսուս Քրիստոս, Աստուած բոլորի,
Սրբերի սրտում հանգչող սո՛ւրբդ դու,
Մխիթարութիւն վշտերի եւ քաւարան մեղաւորների,
Որ գիտես ամէն ինչ` նրանց լինելուց առաջ:
Ուղարկի՛ր պաշտպան զօրութիւնն աջիդ
Եւ գիշերային երկիւղից ու չար դեւից ինձ փրկիր,
Որպէսզի յիշատակը սոսկալի եւ սուրբ քո անուան
Միշտ համբուրելով հոգուս շուրթերով`
Ըղձական շնչով ապրեմ պահպանուած բոլոր նրանց հետ,
Որոնք անդադար ի բոլոր սրտէ քեզ են կանչում, Տէ՜ր:




Բ


Եւ դրոշմից խաչի քո նշանի,
Որ աստուածային արեամբդ ներկելով դու նորոգեցիր,
Եւ մկրտելով մեզ որդեգրեցիր,
Եւ նկարեցիր ու յօրինեցիր պատկերիդ փառքով, -
Պարգեւներով այդ աստուածային թող ամօթահար լինի սատանան,
Մեքենայութիւնները քանդուեն թող ու որոգայթները վերացուեն,
Մարտնչողները պարտուեն թող որ, եւ թող չլինեն զէնքեր սայրասուր,
Մշուշը ցնդի, մութը փարատուի, մառախուղն անցնի:
Բազուկդ հովանի լինի թող եւ աջդ կնքի.
Քանզի գթած ես դու եւ ողորմած,
Եւ քո անունով են կոչւում ծառաներդ
Եւ քեզ` Հօր ու սուրբ Հոգուդ հետ յաւե՜րժ փառք, իշխանութիւն:




ԲԱՆ ՂԵ





Ա

ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ


Արեգա՛կ արդար, օրհնեալ ճառագայթ, պատկեր լուսեղէն,
Փափագ անձկալի, անքնին բարձրեալ, անպատում զօրեղ,
Բարու բերկրութիւն, յուսատու տեսիլ, գովեալ երկնաւոր,
Թագաւոր փառաց, Քրիստոս արարիչ, խոստովանեալ կեանք,
Եղկելուս բազմավրէպ եւ սխալներով լի այս շարադրանքի
Պակասները դո՛ւ լրացրու խօսքով քո ամենազօր
Եւ այն մատուցիր որպէս հաճելի աղերս բարձրեալ Հօրդ:
Դու ինձ համար անէծքների փորձութեան ենթարկուեցիր`
Կերպարանքովդ նմանուելով ինձ, կենա՜ց օրհնութիւն,
Բարեխնամ տեսուչ երկնայինների եւ ողջ երկրայնոց:
Զի թէ յանձն առար մեռնել ինձ համար,
Աստուա՜ծ բոլորի,
Ո՛րքան աւելի պիտի ուզենաս կարեկցել եւ այժմ ինձ, տառապալից տագնապահարիս,
Ազգակցիդ մեզ` մեզնից մարմնացեալ,
Մեղապարտիս հետ միշտ աղօթելով
Հօրդ համապատիւ:




Բ


Եւ պատուական արեանդ միջնորդութեամբ,
Որ մատուցւում է միշտ առաքչիդ կամքին ի հաճութիւն`
Թող վերացուեն վտանգները մեղաւոր դատապարտեալիս,
Պարտքերը զիջուեն, ամօթը փարատուի,
Մոռացուեն խայտառակութիւններն ու դատավճիռն ի բարին փոխուի,
Սատակեն որդերն, ու լացը վերանայ,
Դադարի կրճտումն ատամների թող,
Ողբերն սպառուեն,
Արտասուքները ցամաքեն թող որ, սուգը հեռանայ,
Խաւարն հալածուի, ու հուրը սաստիկ մարի, մոխրանայ,
Եւ բազմապիսի տանջարաններն ի բաց մերժուեն:




Գ


Եւ թող բոլորին կեանք կամեցողիդ ու պարգեւողիդ գթութի՜ւնը գայ,
Թող լոյսդ ծագի, փրկութիւնդ փութայ, օգնութիւնդ հասնի,
Այցելութիւնդ ժամանի, եւ ողորմութեանդ ցողը կանխահաս
Թող որ շտապի` յոյժ թշուառութեամբ մահուան վիհն ընկած
Իմ ոսկորների պապակ անդաստանը ոռոգելու:
Կենարար արեանդ բաժակն երկնաւոր, որ պատարագւում է միշտ, անսպառ
Յանուն ննջեցեալների հոգու փրկութեան եւ կենաց,
Թող ծաղկեցնի եւ պտղաբերի լուսաւոր օրուանդ համար մշակուած դաշտն իմ մարմնեղէն,
Որպէսզի նրա մեղքով իսպառ մահացած հոգիս,
Քո շնորհիւ, գթա՜ծ, քո մէջ զօրացած,
Եւ մեղքերից ազատ, անմահ կենդանութեամբ
Նորոգուեմ արդարների յարութեան օրը`
Հօրիցդ օրհնուած,
Որի հետ փառք քեզ եւ քո սուրբ Հոգուն
Եւ բարեբանութիւն վայելչական գոհութեամբ,
Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:




ԲԱՆ ԺԲ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ





Ա


Եւ արդ, քանզի զղջման նախընթաց գլուխներում
Յուսահատութեան խօսքերով լքուեցի սաստիկ,
Եւ տարակուսանքի հեծանով մահու չափ ձաղկեցի ինքս ինձ,
Ուստի եւ այստեղ վերադառնալով յոյսին վերստին`
Համարձակուեմ պիտի գո՜ւթ շարժել ես,
Սուրբ Երրորդութեանը մեղաւորիս օգնութեան կանչելով:
Գիտեմ, որ եթէ օրհնաբանեմ ես եւ դաւանեմ
Արարածներին բոլոր կեանք տուող Աստծուն,
Եւ ընտանի ձայնով կանչեմ անունն ահաւոր շնորհապարգեւ Բարերարի,
Նա կենդանութիւն պիտի տայ, անշուշտ ինձ` մեղաւորիս,
Ըստ մարգարէի կանխասացութեան,
Թէ` "Ով որ կանչի Տիրոջ անունը, նա պիտի ապրի":




Բ


Իսկ ես ոչ միայն կանչում եմ նրան,
Այլ հաւատում եմ նրա մեծութեանն ամէնից առաջ.
Ոչ թէ գալիս եմ խնդրելու նրա պարգեւները ես,
Այլ նոյնիսկ իրեն, որ կենդանութիւնն է ճշմարտապէս,
Շնչառութիւնն իսկ, առանց որի չի՛ք շարժում եւ ընթացք:
Ո՛չ այնքան յոյսի հանգոյցով, որքան սիրոյ կապով եմ ես կապւում նրան.
Ու ոչ թէ տուրքի, այլ այն տուողի կարօտով եմ ես վառւում շարունակ:
Ոչ թէ փառքն է ինձ համար անձկալի,
Այլ փառաւորեալն է համբուրելի,
Ոչ թէ ապրելու կեանքի փափագով,
Այլ կենարարի յիշատակով եմ տոչորւում ես միշտ:
Ոչ թէ վայելքի տարփանքով եմ ես հեծում ողբաձայն,
Այլ այն կազմողի տենչանքովն եմ խոր հառաչում սրտանց:
Չեմ փնտրում հանգիստ, այլ աղաչում եմ երեսը տեսնել Հանգստարարի:
Ոչ թէ հարսանքատան խնջոյքի, այլ փեսայի անձկութեամբ եմ մաշւում,
Որի զօրութեան շնորհիւ` վստահ ակնկալութեամբ,
Հաւատում եմ ես աներկմիտ յոյսով,
Որ վերոգրեալ մեղքերի բեռներն ունենալով հանդերձ`
Ապաստանելով ամենակարողի ձեռքին,
Ոչ միայն պիտի հասնեմ քաւութեան, այլեւ պիտի տեսնեմ իրեն,
Ընդունելու գութն ու ողորմութիւնը եւ ժառանգելու երկինքը նրա,
Թէեւ յո՜յժ մերժելի եմ:




Գ


Եւ արդ, ամօթահար սաստիկ ու կորագլուխ,
Գրչովս, որ խօսքի միջնորդ է դառնում
Ամուր կողպէքով փակուած, պապանձուած իմ շրթունքներին,
Չկարողանալով շարժել լեզուս անհամարձակ,
Պաղատանքների նոր երգեր ահա պիտի ոգեմ ես`
Ի վեր ուղերձուած իմ աղիողորմ հառաչանքների աղաղակներով:
Ընդունի՛ր սիրով, Տէր Աստուած հզօր, աղաչանքներն իմ դառնացած սրտի.
Քաղցր գթութեամբ մօտեցիր դու ինձ` ամօթահարիս.
Փարատի՜ր, ամենապարգե՛ւ, ամօթալի տխրութիւններս,
Վերցրո՛ւ ինձնից, ողորմա՛ծ, անտանելի ծանրութիւններս,
Հեռացրո՛ւ, հնարագէտ, սովորութիւններս մահացու.
Խափանի՜ր, մի՜շտ յաղթող, հրապոյրները խաբողի.
Վանի՜ր, վերնային, մառախուղը մոլորեցնողի.
Կասեցրո՛ւ, կեցուցիչ, ընթացքը կորուսչի.
Ցրի՛ր, ծածկատե՛ս, չար հնարքները կապկապողի.
Խորտակիր, անքնի՛ն, յարձակումները մարտնչողի.
Տյառնագրի՛ր անունովդ լուսացոյց երդն իմ յարկի.
Պարփակիր քո ձեռքով առաստաղը տաճարիս.
Գծագրիր քո արիւնով սեմը սենեակիս մուտքի.
Դրոշմիր քո նշանը աղօթեալիս ճանապարհին,
Ամրացրու քո աջով խշտեակն իմ հանգստի.
Զերծ պահիր թակարդներից ծածկարանն իմ անկողնի.
Պահպանիր քո կամքով տառապած հոգիս.
Անխարդախ արա՛ քո շնորհած շունչը մարմնիս.
Կանգնեցրո՛ւ շուրջն իմ` պարը երկնային քո զօրքերի,
Որպէս դիմամարտ` դեւերի գնդին:




Դ


Տո՛ւր հանգիստ բերկրալի մահահանգոյն նիրհիս խորին գիշերում`
Բարեխօսութեամբ սուրբ Աստուածածնիդ եւ բոլոր ընտրեալների:
Տեսութեանս պատուհանները, որոնք մտքի զգայարաններ են,
Ամփոփիր այնպէս ու պարուրիր,
Որ պաշտպանուեն միշտ անսասանելի
Կենցաղական հոգսերից բոլոր, անրջական երազներից,
Խռովայոյզ ծփանքներից ու ցնորքներից խենթ ու խոլական
Ու յիշատակով աներկբայ յոյսիդ մնան անվնաս:
Որպէսզի երբ սթափուեմ իմ ծանր քնից,
Ամենազգաստ արթնութեամբ եւ հոգենորոգ զուարթութեամբ քո դէմ արձանացած,
Աղաչանքն այս իմ` հաւատքի բուրմամբ,
Ո՜վ ամէնօրհնեալ թագաւոր անճառ փառքերի,
Երգակցելով երկնագումար փառաբանող խմբին`
Քո բարձունքն ի վեր` առաքեմ առ քեզ:
Զի փառաւորեալ ես դու արարածներից բոլոր
Յաւիտեանս յաւիտենից. ամէն:




ԲԱՆ ԺԳ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ





Ա


Աստուած բարերար, հզօր, ահաւոր,
Շնորհատո՛ւ, բարի, դու Հա՜յր ողորմած.
Անունըդ անգամ քո մեծութիւնն ու գթութիւնը եւ քո մտերմութիւնն է աւետարանում,
Քաղցր ես դժնիների եւ անգոհների համար.
Քեզ հետ Որդիդ էլ նման է միշտ քեզ, ձեռքիդ պէս նրա ձեռքն էլ զօրեղ,
Անժամանակ տէրութեամբ ահեղ` քո արարչութեամբ ինքն էլ բարձրացած:
Նաեւ սուրբ Հոգին քո ճշմարտութեան` բխելով քեզնից անսպառօրէն,
Իբր աստուածային կատարեալ իսկութիւն եւ էութիւն մշտնջենական,
Ըստ ամենայնի հաւասար է քեզ եւ իշխանութեամբ` փառակից Որդուդ:
Երրեակ անձնաւորութիւն` համակ անքնին,
Յատուկ առանձնացումով տրոհուած անձեր,
Բայց միաւորուած համազուգութեամբ,
Նոյնագոյ բնութեամբ տիրապէս, անշփոթ եւ անանջրպետ
Միեւնոյն կամքով եւ գործակցութեամբ,
Ոչ մէկը միւսից աւագագոյն չէ,
Եւ ոչ էլ մի ակնթարթ նոյնիսկ մէկ-միւսից նուազ երբեւիցէ,
Այլ իբրեւ պատճառ երկնային սիրոյ անստուեր լոյսի, յայտնուած մեր մէջ,
Սրբասացութեան միակ պսակով` անսկզբնաբար աստուածաբանուած:




Բ


Քանզի արդարեւ բարձրաձայն այս խոստովանութիւնը երեք փառատրեան այդ դաւանութեան`
Պետրոսին հաւատքի վէմ կոչուելու երանութեան արժանացրեց -
Դատապարտեալիս մեղաւոր հոգին բարեհրաման քո ակնարկութեամբ,
Ո՜վ դու, որ փնտրում ես գերեալիս, հրաշանորոգ թո՛ղ արդարացնե:
Զի քոնն են թէեւ պարգեւներն ու ողորմութիւնները,
Բայց դու ո՛չ այնքան քո պարգեւներով, որքան ողորմութեամբ ես հռչակուած.
Քանզի երկրորդը քո փառքն է աւելացնում,
Իսկ առաջինն առաքինական գործի է յայտարար.
Զի պարգեւները փոխարինութիւն են ծառայութեան դիմաց,
Իսկ ողորմութիւնը` բարերարութիւն մեղաւորիս:




Գ


Եւ արդ, մարդկային գործերը թող որ չգերազանցե՜ն իրենց զօրութեամբ քո շնորհներին, գթառա՜տ Աստուած,
Եթէ մինչեւ իսկ անցաւոր բնութեան օրէնքներից էլ վեր լինեն նրանք.
Այլ յաղթող հանդիսանալով քո երկայնամտութիւնը,
Երկրածինների ընթացքը երբէք չհաւասարուի՜ թող քո գործերին:
Քանզի եւ նրանք, որ օրէնքների մաքրութեամբ իրենց պարծենում էին,
Քո արդարութեան լոյսը երբ ծագեց, -
Որ նոր օրէնքի ճշմարտութիւնն էր ծանուցանում, -
Հրեաներն հետին անձկութեամբ լքուած ու նուաստացած,
Աւելի քան տարագիրներն ողորմելի` մարդասիրութեանդ կարօտ եղան:
Եւ քանզի ամենայն ինչ հնարաւոր է քեզ, բարերա՛ր,
Լսի՛ր ողբաձայն պաղատանքներս, որ ուղղում եմ քեզ.
Ողորմիր, փրկիր եւ մարդասիրիր, զի երկայնամիտ ես դու,
Եւ քոնն են քաղցրութիւն, փրկութիւն եւ քաւութիւն եւ փառք
Բոլոր հաւիտեան ապրող ազգերից. ամէն:




ԲԱՆ ԺԴ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ





Ա


Պաղատում եմ քեզ, լոյսի՛ ճառագայթ, արքա՛ երկնաւոր,
Գովեալ անապատում, եւ անճառ որդիդ դու մեծ Աստծոյ.
Ականջ դիր դարձեալ եւ այժըմ ահա,
Բարձրեալ, բարեգութ, կեանքի ապաւեն,
Վիրաւորեալիս նուազաձայն հառաչանքներին:




Բ


Չի խօսուած երբէք, թէ քեզ աղաչեց աւազակներից խողխողուածը,
Քանզի կարկամած էր.
Ոչ էլ պաղատանքի ձայն արձակեց քո ետեւից,
Քանզի անկռինչ էր.
Կամ մատների շարժումով աղէտն ու վտանգը յայտնեց տեսողիդ,
Քանզի խորտակուած էր.
Ոչ էլ ողբագին արցունքներով լի աչքերը տնկեց բարերարիդ,
Քանզի վնասապարտ էր.
Եւ կամ միջնորդի բարեխօսութեամբ ողորմածիդ կամքը սիրաշահեց,
Քանզի լքուած էր.
Ոչ էլ ջախջախուած մարմնի արիւնով ներկուած հագուստները ցոյց տալով քեզ`
Գթածիդ սիրտը ճմլեց, քանզի յուսահատ էր.
Ոչ էլ հաստատուն ծնկներով` իբրեւ ոտքի գարշապարով` չընթացաւ,
Քանզի անկանգնելի էր.
Զի կիսամեռ ասել կենդանուն` հեռու չէ այնքան մեռելութիւնից:
Մանաւանդ որ խօսքով քո խրատուելուց,
Ողորմութեամբդ բարերարուելուց
Եւ քո փառքով լուսաւորուելուց յետոյ էլ դեռ,
Ոչ միայն չդադարեց քեզ հակառակ ընթացք բռնելուց,
Այլեւ չենթարկուելով, գլուխ բարձրացրած` իր թշնամեաց կողմն անցաւ
Եւ նրանց հետ մէկտեղ դաշն կնքած միաբանեց քեզ ատողների հետ:




Գ


Իսկ դու, բազմապարգեւ բարերար, անոխակալ եւ ամենափրկիչ,
Ոչ միայն չյիշեցիր մեղքերն այդ չարագործի,
Այլեւ ոչ իսկ խօսքով յանդիմանեցիր.
Չոտնահարեցիր ընկածին, այլ կարեկցաբար մօտենալով նրան,
Ծայրագոյն խնամք ցուցաբերեցիր:
Քահանայապէս, ըստ ահարոնեան տկար օրէնքի, -
Որ զօրաւոր է մահ գործելու մէջ,
Դատապարտիչ անէծքներով եւ բռնալիր քարաձգութեամբ, -
Դու չփութացիր վիրաւորուածին խորտակելու.
Եւ ոչ էլ, ինչպէս ղեւտական առաջնորդն այն թերապաշտօն,
Որը երկուսի միջեւ իբրեւ բաժանող անջրպետ`
Հնի լրումն էր եւ սկիզբը նորի,
Եւ որ հոգեզուրկ ապաշխարութեան հրաւիրակ հանդիսացաւ, -
Վիրաւորեալի տագնապը տեսար.
Որ չլինի թէ արմատակտուր տապարի օրինակով
Քո մէջ չարատանջ մահուան պաշտօնը նկատելով`
Սատակի գալիք փորձութիւններին դեռեւս չենթարկուած.
Այլ պահպանանուն ասորեստանցի հեթանոսներին,
Որոնք ստացան իրենց օրէնքը հրեաներից
Ու պահեցին միշտ, մինչդեռ նրանք մոռացան, -
Կցորդուելով` մեր բնութեամբ խառնուած մարմնիդ վերարկուով,
Օտար ազգերին էլ ազատութեան աւետիս համբաւեցիր
Եւ աստուածային քո ներգործութեամբ անապական` ձեռք երկարելով`
Մահացու կերպով մեղանչած մարդուն կանգնեցրիր դարձեալ իր սերունդներով:
Տխրաբեկ սիրտն ուրախացրիր եւ վհատեալին յուսադրեցիր,
Եւ թշուառին զուարթացրիր դարձեալ.
Աւազանի կենարար օծմամբ եւ բաժակով լոյսի` լցրիր.
Նորոգեցիր հացով քո երկնային` արարչական մարմնով.
Երջանիկների եւ ընտիրների վերակացութեամբ
Խնամարկեցիր ու փայփայեցիր ու դարմանեցիր,
Եւ հանդարտընթաց գրաստի խնամքին յանձնելով նրան`
Անփորձ պահեցիր, մինչեւ հանեցիր յարկը լուսեղէն:
Առաջին եւ երկրորդ կենդանատու կտակարանների միջնորդութեամբ դարման տարար դու մարդասիրաբար:
Եւ, ինչպէս երբեմն Մովսէսին թեւատարած արծուի պէս ընդունեցիր
Եւ բարի երկրի խաղաղ հանգստին առաջնորդեցիր,
Հրամայելով վարդապետներին` խօսքի կերակրով սնել նրան:




Դ


Եւ արդ, դու, որ ողջ առաւելագոյն լոյսդ բարութեան
Ամէն բանի մէջ բովանդակապէս հրաշագործեցիր,
Ցրուողի գանձը սեփականելով` քո ստացուածքը վերադարձրիր քեզ, -
Ինձ էլ ապրեցրու, մեղքերի պարտքերն իմ մաքրելով,
Ո՜վ դու, որ պարգեւում ես ձրի եւ հանպատրաստից,
Շնորհիր եւ ի՛նձ քաւութիւն ու բժշկութիւն,
Բարեգո՜ւթ, զօրեղ, անքնին, անեղծ, ահաւոր,
Օրհնեալ միշտ, յաւիտեանս յաւիտենից. ամէն:




ԲԱՆ ԺԵ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ





Ա


Արդ, նոյն ցաւագին հեծեծանքներով վշտահար սրտիս
Եւ բոլորովին տագնապած հոգուս տառապանքներով,
Այս անգամ դարձեա՛լ միեւնոյն ոճով դիմելով ես քեզ,
Ամենապարգեւ քո բարերարի գո՜ւթն եմ խնդրելու:
Պաղատում եմ իբրեւ մեռեալ` կենդանի անմահ Աստծուդ,
Փառքիդ հանդէպ իմ անարգութիւնը խոստովանելով,
Ինչպէս եւ քո բարութիւնն իմ չարութեան դիմաց.
Որոնցով յաղթուեցի ինքս, քան թէ բուժուեցի,
Ամաչեցի, քան թէ համարձակուեցի,
Ուխտակորոյսս ես եւ աւանդամոռաց:
Այն ոչխարի պէս, որին օրինակ է բերում առակն երկրորդ,
Ես էլ ծայրայեղ չափով մատնուած անզգայութեան
Ու մոլորուելով անմարդաբնակ լեռներում` երկար,
Եւ դեւերի հետ գազանաբարոյ վայրի կուռքերի մէջ թափառելով,
Առանց թեկուզ փոքր-ինչ հօտին մօտենալու, -
Չունէի լեզու, որով պատմէի ցաւերն իմ տանջող,
Ոչ էլ ձեռք, որի շարժուձեւերով համրերն են իրենց մտքերը յայտնում:
Իսկ դու, միա՜յն գովեալդ, սկսած նախնի սերունդներից մինչեւ այսօր,
Գտնելով եւ ինձ` մեղաւորիս էլ մոլորութեան մէջ անլոյս ու անել,
Ըստ գոչման առ քեզ մաղթանք երգողի,
Քո խնամարկու կամքի տեսչութեամբ
Հովիւ կոչուեցիր.
Ոչ միայն հոգ տարար, այլեւ փնտրեցիր,
Եւ, ո՜վ հրաշագործ, ոչ միայն գտար, այլեւ անճառելի բարերարութեամբ
Վերցրիր սիրով դու կենդանարար քո ուսի վրայ,
Եւ քո երկնային զօրաց հետ մէկտեղ`
Քո հայրենական ժառանգութեան մէջ դասեցիր ինձ:




Բ


Եւ արդ, դու հզօ՜ր, կենարար, օրհնեալ, այցելու գթած եւ մի՛շտ ողորմած,
Դու, որ ընդունեցիր նրանց` անաղերսներին այն անլեզու,
Որոնցից մէկը մահացու խոցուած` չարչարւում էր խիստ,
Միւսն անբանների անզգայութեամբ
Փախել էր դէպի հեռու ամայի վայրեր անբնակ,
Եւ վտարանդի, շուար ու վհատ` բառաչում էր խեղճ, անիմաստօրէն, -
Քո աստուածային բարեխնամութեամբ տիեզերահրաշ
Ցոյց տուեցիր դու հոգածութիւնդ թշուառութեան մէջ կորածի հանդէպ, -
Յայտնիր արդ եւ ի՛նձ գթութիւնդ խոր եւ բարիքներիդ յորդումներն առատ,
Ինձ, որ վեր բերուած օրինակներից շատ աւելի եմ եղել անօրէն.
Ինձ, որ մահապարտ եմ բազմօրինակ.
Ինձ, որ բարութեան քաղցր խառնուրդում` յատուկ համ եմ չար.
Ինձ, որ արժանի եմ անդամներիս հատմանն արդարեւ,
Ինձ, համաճարակ, ախտով վարակուած վիրաւոր հոգուս.
Ինձ, որ անզգայ անասուններին եմ հաւասարուել
Եւ օտարացել իմաստունների ընտանութիւնից.
Ինձ, որ նման չեմ բնութեամբ ինձ պէս բանականներին:
Եթէ մի օրինակ ունենայի, ես կասէի.
Թէ նմանակից ունենայի` կպատմէի.
Թէ հանգունակից ունենայի` կխօսէի.
Թէ ինձ հաւասարն ունենայի` կգրէի.
Թէ նոյն բանը անողն ունենայի` ցոյց կտայի.
Թէ ինձ համեմատն ունենայի` կիմացնէի.
Թէ անցեալում լիներ` կսփոփուէի,
Թէ ներկայումս` կյուսայի:
Սակայն, քանի որ ոչ նմանս ունեմ, ոչ էլ օրինակ,
Ուստի դո՛ւ միայն կարող ես քաւել ու բժշկել ինձ եւ կենսագործել,
Կենդանարարդ բոլոր մեռելների եւ նորոգո՛ղդ տիեզերաց:




Գ


Զի եթէ երջանիկ, սուրբ ու սրատես
Դաւթի գործած չարիքներն ու
Անօրէնութիւնները գլխից աւելի վեր բարձրացած էին,
Եւ մեղքերն ու յանցանքները դժուարակիր բեռների նման ծանրացած սաստիկ,
Յապա ուրեմն իմ սխալմունքներն աւելի են, քան
Տիեզերասոյզ, ամենասպառ ծովի ջրակուտակ հեղեղի յորդութիւնը
Ու անցնում են բոլոր լեռների կատարներից:
Բայց թող որ փչէ քաղցրաշունչ քամիդ, -
Ինչպէս այդ եղաւ Նոյի ժամանակ, -
Որ լեռներն անգամ կարող է հալել,
Ցամաքեցնելու բազմակոհակ ջրակոյտն իմ երկրակործան յանցանքների
Ու լեռնակարկառ բարձրութեամբ դիզուած մեղքերն իմ բոլոր:




Դ


Եւ արդ, համառօտ քո խօսքով հզօր,
Եւ ամենակարող հնարաւորութեամբ կարճ դատաստանիդ,
Ըստ մարգարէի, քաւութեան մի ելք ցոյց տուր ինձ`
Անօրէնութեան մէջ ընդերկար մոլորեալիս:
Եւ դու, ներելով յամառութիւնն իմ,
Ո՜վ երկայնամիտ, ողորմած, օրհնեալ,
Շնորհի՛ր ինձ կատարեալ թողութիւն եւ բարեգործիր ճշմարտապէս,
Ջնջի՛ր բոլորովին` անվճարելի պարտքերիս արժանահատոյց տոկոսների տոյժը տաժանակիր:
Չէ՞ որ դու չունես ցասումնալից սիրտ ու բարկութիւն բորբոք,
Ինչպէս նաեւ չկան քո մէջ նենգութիւններ եւ նշաններ մթութեան,
Քանզի դու կեանք ես կամենում եւ լոյս,
Դու մահ չստեղծեցիր եւ, ըստ Դաւթի ու Սողոմոնի,
Մարդու կորուստը քեզ ուրախութիւն չի պատճառում:




Ե


Քո բարեվիճակ կանոնների մէջ դու մեծագոյն պայման սահմանեցիր մարդկանց համար`
Չարութիւնը չարութեամբ չփոխարինել,
Այլ մի օրուայ մէջ եօթանասունեօթ անգամ գործած մեղքերը նոյնիսկ ներել պատգամեցիր մեզ,
Մեզ, որ ի բնէ հակամետ ենք միշտ ի յայտ բերելու բիւր ու անհամար չարութեան բծեր,
Որոնք աճում են ու միշտ նորոգւում
Մեր ամէն տեսակ փշեր բուսցնող բնութեան դաշտում`
Համաձայն անսուտ քո վկայութեան,
Թէ` "Մարդու միտքը իր մանկութիւնից տրամադիր է չարիք գործելու":
Քո Կենաց բանի աւետարանիչ
Յովհաննէսն անգամ,
Որը մաքուր էր կատարելապէս,
Նա ինքը` որպէս հասարակութեան բնութեան լծակից,
Ամբողջովին արդարացած` քո ճշմարտութիւնը հաստատեց իմ ստութեան հանդէպ:
"Եթէ ասենք, որ ոչ մի մեղք չունենք, – ասում է նա, -
Սուտ դուրս բերած կլինենք նրան":
Արդ, կատարուած է խօսքդ խնկելի
Եւ լիովին ստոյգ արդարացուած`
Իմ մոլորութեան խիստ դժնդակ անիրաւութեան հանդէպ:
Ուստի խնայի՛ր ինձ ողորմութեամբ, քաղցրահա՜մ աղբիւր,
Դո՛ւ միայն օրհնեալ յաւիտեանս. ամէն:




ԲԱՆ ԺԶ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ





Ա


Եւ արդ, դո՛ւ միայն Աստուած երկնաւոր, բարձրեալ, բարեգործ.
Քոնն են զօրութիւնն ու ներողութիւնը,
Քոնն են բժշկութիւնն ու առատութիւնը,
Քոնն են պարգեւներն ու շնորհները ձրի,
Քոնն են քաւութիւնն ու պաշտպանութիւնը,
Քոնն են հնարքներն անիմանալի,
Քոնն են հրաշքներն անգտնելի,
Քոնն են չափերն անչափելի,
Դո՛ւ ես սկիզբն ու վերջը:
Սրտմտութեան խաւարը երբէք չի ստուերում լոյսը քո ողորմութեան,
Քանզի լինելով ինքդ մտքից վեր` զերծ ես դու նաեւ որեւէ ախտից:
Պատկեր ես դու անպարագիր` անկշռելի որքանութեամբ,
Ո՜վ անչափութիւն փառաց լայնութեան,
Անսահմանափակ ընդարձակութիւն հատու զօրութեան,
Անամփոփելի առաւելութիւն,
Անտկարանալի բարերարութիւն գթութեան:
Դու մահուան ստուերն, ըստ մարգարէի, այգաբացի ես փոխում,
Ինքնակամ իջար տարտարոսը դու` արգելուածների բանտն ստորերկրեայ,
Ուր աղօթքների դուռն անգամ փակ էր ամուր կողպեքով,
Խլելով նրանից այնտեղ վտարուած հոգիների կողոպուտը ողջ,
Յաղթական խօսքիդ հրամայող սրով
Սատակիչ մահուան կապը կտրեցիր
Եւ փարատեցիր երկիւղը մեղքի:
Դարձի՛ր այժըմ ինձ, որ տագնապում եմ տղմոտ իմ գուբի զնդանում խորունկ,
Մեղքի շղթայով ամուր կապկապուած
Եւ բանսարկուի նետի սլաքով խոցուած կարեվեր:




Բ


Դու Տէ՜ր բարերար, բացարձակ բարի, լո՜յս խաւարի մէջ,
Օրհնութեան դու գանձ, ողորմած, գթած, մարդասէր, կարող,
Զօրեղ, անպատում, անքնին, անճառ,
Դու` յո՜յժ ձեռնհաս, ըստ սուրբ Յակոբի.
Հնարաւորութիւն միշտ դիւրապատրաստ` ամէն անհնար բաների դէպքում,
Մեղքի խռիւներն սպառող կրա՛կ,
Կիզանուտ ճաճանչ դու ընդհանրական եւ մեծախորհուրդ թափանցողութեամբ:
Յիշի՛ր ինձ, օրհնեալ, քո ողորմութեամբ եւ ո՛չ ըստ իրաւունքի,
Ներողութեամբ քո եւ ո՛չ պատժելով,
Երկայնամտութեամբ եւ ոչ թէ հաւաստի համոզուածութեամբ:
Եթէ կամենաս կշռել ծանրութիւնն իմ մեղքերի,
Արա՛ քաղցրութեամբ քո մարդասէրի եւ ո՛չ արդարութեամբ.
Քանզի ըստ առաջին պայմանի` շա՜տ են թեթեւ նրանք,
Իսկ ըստ վերջինի` սաստիկ ծանրակիր:




Գ


Արդ, մօտեցիր ինձ, ո՜վ դու բարութիւն,
Ինչպէս բուժելու համար մօտեցար քո դէմ ելնողի ականջին,
Մահուան խռովիչ հողմը հեռացրու մեղաւորիցս,
Որ հանգչի իմ մէջ խաղաղութեան մեծազօր Հոգիդ:
Փա՜ռք քեզ ամէնուր, ամէն բանի մէջ յաւիտեանս. ամէն:




ԲԱՆ ԺԷ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ





Ա


Աղաչում եմ քեզ` վտանգուած, վշտոտ ու տխրաթախիծ տառապանքներով լի հոգիների խնամակալիդ,
Մի՛ աւելացնիր ցաւն իմ հեծութեան եւ մի՜ խոցիր ինձ` վիրաւորուածիս,
Մի՛ դատապարտիր պատժուածիս եւ մի՛ տանջիր չարչարուածիս,
Մի՛ գանակոծիր հարուածեալիս, մի՛ գլորիր ընկածիս,
Մի՛ կործանիր սայթաքեալիս, մի՛ հեռացնիր հեռացուածիս,
Մի՛ ամաչեցնի պատկառեալիս, մի՛ տարագրիր հալածուածիս,
Մի՛ կշտամբիր խրտնածիս, մի՛ խորտակիր ջախջախուածիս,
Մի՛ խռովիր վրդովեալիս, մի՛ ալեկոծիր փոթորկուածիս,
Մի՛ սասանիր դղրդուածիս, մի՛ շփոթիր մրրկեալիս,
Մի՛ կեղեքիր գիշատուածիս, մի՛ ջախջախիր փշրուածիս,
Մի՛ հոշոտիր մորմոքեալիս, մի՛ կուրացնի խաւարածիս,
Մի՛ զարհուրեցնիր ապշահարիս, մի՛ խորովիր խարշատուածիս,
Մի՛ մահացնիր հիւանդիս, մի՛ ծանրաբեռնիր տկարիս,
Մի՛ աւելացնիր անուր` կարկամած թիկունքիս,
Մի՛ բարդիր ողբեր դառն հեծեծանքիս,
Մի՛ ուժգնօրէն վարվիր հողիս հետ,
Մի՛ սաստկապէս` մոխրիս հետ,
Մի՛ անաչառօրէն` ստեղծուածիս հետ,
Մի՛ ահարկութեամբ` փոշուս հետ:




Բ


Մի՛ խստութեամբ ընդհարուիր մեծդ փոքրիս հետ,
Լոյսդ` ստուերիս հետ,
Բնութեամբ բարիդ` ի բնէ չարիս հետ,
Ողկոյզդ օրհնութեան` անիծեալ պտղիս հետ,
Քաղցրութիւնդ ճշմարիտ` համակ դառնութեանս հետ,
Փառաւորեալդ անփոփոխ` իսպառ անարգիս հետ,
Կենաց նշխարդ` կաւեղէն զանգուածիս հետ,
Տէրերի Տէրդ` երկրային տիղմիս հետ,
Աննուազ լիութիւնդ` չքաւոր ստրուկիս հետ,
Անկապուտ ճոխութիւնդ` անպատսպար տառապեալիս հետ,
Անկարօտ բարութիւնդ` ամենաթշուառ աղքատիս հետ:
Քանզի ո՞վ է նա, որ առաւօտեան լոյսին հասնելով`
Կտարակուսի, թէ խաւարի մէջ կարող է ընկնել,
Կամ մօտ լինելով կեանքին` մահանալ,
Կամ ազատութեան` եւ բռնութեան ենթարկուել,
Կամ շնորհին` եւ դատապարտուել,
Կամ փրկութեան` եւ մատնուել,
Կամ նորոգման` եւ քայքայուել,
Կամ օրհնութեան` եւ տարագրուել,
Կամ բժշկութեան` եւ վիրաւորուել,
Կամ լիութեան` եւ նուազել,
Կամ առատ հացի` եւ քաղցել,
Կամ հոսող գետերի` եւ պապակել,
Կամ մայրական գթութեան` եւ նրանից նենգուել,
Կամ աստուածային խնամող աջիդ` եւ տառապել:




Գ


Արդ բորոտութեամբ մարմնի սաստկապէս վարակուածի հետ
Ե՛ս էլ վշտահար հոգովըս ահա պաղատում եմ քեզ.
"Տէ՛ր, եթէ ուզես` կարող ես ինձ մաքրել":
Մշտագիշեր խարխափումներով տանջուող կոյրերի հետ
Հառաչում եմ ձայնով մեծակական.
Ոչ թէ անուանում եմ քեզ Դաւթի որդի,
Այլ աստուածային էութեան իբրեւ ծնունդ եմ դաւանում քեզ.
Ոչ միայն կոչում եմ Ռաբբի,
Որ պատուանուն է իսկութիւնը գիտենալ կարծող վարդապետների,
Այլեւ հաւատում եմ քեզ, որպէս Տիրոջ երկնի եւ երկրի:
Ոչ միայն մօտից ձեռքդ երկարելով, ո՜վ դու բարեգութ
Աստուած մերձաւոր,
Այլեւ վստահ եմ, թէ մեծ միջոցով նոյնիսկ ինձանից հեռու լինելով`
Խօսքդ կարող է բուժել թշուառիս:
Կամեցողութեանդ եւ ողորմութեանդ միջեւ անջրպետ չեմ դնում երբէք,
Որ երկմտութիւն է նշանակում տարակուսելի,
Այլ համոզուած եմ, թէ կկամենաս որպէս բարեգութ
Եւ կկարենաս որպէս Արարիչ.
Ասա՛ խօսքովդ, եւ ես կբուժուեմ:
Հարիւրապետի հաւատքին եւ ե՛ս կլինեմ լծորդ.
Ոչ միայն մօտիկ տարածութիւնից, խորանից խորան`
Զօրաւոր ես դու տալու յարութիւն եւ բժշկութիւն,
Այլեւ երկնքում բազմելով նոյնիսկ,
Ստորեւ, երկրի վրայ բովանդակ դու սքանչելի հրաշքներ ես գործում,
Որոնց փոխարէն հատուցանելու ես ոչինչ չունեմ:




Դ


Շնորհիր եւ ինձ, ինչպէս որ պոռնիկին ընդունելիս
Վճռեցիր խօսքիդ դատակնիքով հինգ հարիւր դենար պարտքը շնորհել,
Աստուա՜ծ բարութեանց եւ Տէ՜ր երանութեանց:
Որքան շատ բաշխես, այնքան աւելի՛ կփառաւորուես.
Որքան որ շատ տաս, այնքան կսիրուես.
Եւ աւելին ողորմելով` դո՛ւ էլ կրկնակի կբարգաւաճես.
Այսքան բարիքներիդ համար իրաւամբ գովւում ես դու.
Ամէն բանի տէր լինելով հանդերձ` մեզ հաւասար ես ցոյց տալիս դու քեզ.
Եւ դու, որ ունես ամէն ինչ առատ` մեր ունեցածին արժէք ես տալիս.
Քո պարգեւների փոխարէն անճառ` մերն իբրեւ վճար ես ընդունում դու.
Երկրայինի տեղ անվախճանի տալն ես արժանի գտնում.
Մեծ համարելով մերը` վեհօրէն գոհանում ես դու.
Չե՜ս մեծամտի, երբ քո տուածի փոխարէն դոյզն-ինչ փառաւորուես:
Նո՜յն գթութիւնդ ցոյց տուր նաեւ ինձ` յոյժ մեղապարտիս,
Որ երբ թուարկեմ քո պարգեւների երախտիքը ես`
Նոյն չափով սիրելդ էլ չմոռանամ:
Ամէն բանի մէջ քեզ փա՜ռք յաւիտեան. ամէն:




ԲԱՆ ԺԸ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ





Ա


Արդ, ես ծնունդս մեղքի եւ մահացու երկունքի որդիս,
Արդարեւ պարտաւոր եմ մի օրուայ մէջ բիւր քանքարների տոյժը հատուցել:
Սակայն ոչ թէ մարդկային մտքի փոքրութեան համեմատ եմ ես ներումն հայցում,
Այլ փրկչիդ` Յիսուս Քրիստոսի աննուազելի լիութեան չափով եմ պաղատում մարդասիրութիւն:
Չկայի երբեմն, եւ ստեղծեցիր,
Ես աղաչեցի, եւ դու գոյացրիր,
Դեռ աշխարհ չեկած` տեսար դու ինձ,
Չէի յայտնուել, եւ դու գթացիր,
Չէի խնդրել ես` խնամարկեցիր,
Չէի բարձրացրել ձեռքս` նայեցիր,
Չէի պաղատել` եւ ողորմեցիր,
Չէի ձայն հանել, եւ դու լսեցիր,
Չէի հառաչել` եւ ունկնդրեցիր,
Գիտէիր, թէ ինչ կպատահի ինձ, եւ չանտեսեցիր,
Նախատես աչքով քո նկատեցիր չարագործութիւնը պատժապարտիս եւ յօրինեցիր ինձ:




Բ


Եւ արդ, ես, որ քո ստեղծածն եմ, քեզանով փրկուած
Եւ այնքան խնամօտ սիրովդ հոգացուած, -
Արա՛ դու այնպէս, որ չարահնար մեղքերի հարուածն ինձ դէպի կորուստ չտանի իսպառ:
Թող յամառութեան մառախուղը իմ` քո ներողութեան լոյսին չյաղթի,
Եւ ոչ էլ սրտիս կարծրութիւնը` քո երկայնամիտ համբերութեանը,
Եւ կամ մսեղէն այս մահկանացուն` քո լրութեանն ամենակատար,
Ոչ էլ նիւթեղէն տկարութիւնս իմ` քո բարձրութեանն անպարտելի:




Գ


Ահա՛, կարկամած բազուկն իմ հոգու կարկառում եմ ես քո անուամբ, հզօ՛ր,
Արա՛ այն առողջ, ինչպէս էր առաջ,
Երբ դրախտի փափկութեան մէջ կենաց պտուղն էի քաղում ես:
Ախտաւոր կնոջ նման կաշկանդուած, գոսացած ձեռքով,
Գլխիկոր, շուար եւ անուղղելի մեղքերով կքած թշուառ իմ հոգին
Սատանայական ամուր կապանքով ակնկոր, ահա,
Չի նայում վերեւ, որ քո երկնայնոց ողջոյնը չառնէ:
Խոնարհուիր վրաս, միայն ողորմած, եւ բարձրացրու ինձ`
Գետնահար ընկած ծառս բանաւոր.
Բարեվայելուչ կեանքով վերստին ծաղկեցրո՛ւ չորացեալիս,
Ըստ աստուածաբանութեան սուրբ մարգարէի:




Դ


Ինչպէս ի ծնէ լուսազուրկ մի կոյր` չունեմ տեսողութիւն,
Որ կարողանամ տեսնել արարչիդ դէմքն ու պաղատեմ,
Հզօ՛ր բարեգութ, դու միա՜յն պաշտպան,
Քո անճառ սիրոյ հոգածու, ակնարկն ինձ դարձընելով`
Շնչաւոր, խօսուն քո անօթի մէջ անէութիւնից լո՜յս գոյացրու դու:
Տասներկու տարուայ ախտով տառապած, տանջահար, տխուր
Կնոջ նման ես մեղքի արեան մէջ ողողւում եմ, տե՛ս.
Անմատոյց լոյսով քո պարածածկուած` նայիր բարձունքից,
Ուր չկայ քղանցք ձեռագործ վերարկուի, որին ես դիպչեմ,
Բայց ամէնուրեք տարածուած են քո հրաշքներն հզօր:




Ե


Մեղսոտ կնոջ պէս պատժապարտս ես
Օծման իւղով չէ, որ մօտենում եմ կենսաձիր ոտքիդ,
Կաթիլներն աչքիս գլխիս վարսերով բերելով ընծա, -
Այլ հաւատս անբիծ` իմ բազուկների վերամբարձումով, ստոյգ դաւանմամբ,
Հոգու ողջոյնով եւ փակ շուրթերով երկրպագելով:
Եւ աղբերահոս արցունքներիս հետ խառնելով նաեւ հեծեծանք, ահա,
Բժշկութիւն եմ աղերսում հոգուս:




Զ


Գոյութիւնն հոգուս` մեղկութեամբ լուծուած եւ քայքայուած է մեղքերով համակ,
Եւ մարմնիս շինուածքը իրենց վրայ վերցնող ոտքերս,
Որոնք քայլում են կաղալով տխեղծ ու խիստ անհաստատ,
Եւ որոնց չարը արգելք է լինում մտնելու ուղիղ -
Դէպի կենսաթիռ պտղաբեր ծառը տանող ճամփի մէջ, -
Զօրացրո՛ւ դարձեալ, ո՜վ ամենազօր, քանզի դո՛ւ միայն կարող ես փրկել:
Քո ստեղծած լեզուս, որով քեզ էի փառաբանում միշտ,
Ամրափակ խցմամբ կապեց, համրացրեց հողմը բանսարկուի:
Զգայուն հոգուդ մեծ ողորմութեամբ,
Ինչպէս բուժեցիր Աւետարանում յիշատակուածին,
Հրաշափառօրէն շնորհիր եւ ի՛նձ Բանդ կենդանի,
Որպէսզի ես էլ խօսեմ անսայթաք:




Է


Ախտով վարակուած` մեղքի մահիճն եմ ընկել ես, ինչպէս կենդանի մեռեալ.
Ի լուր ողբագին հեծեծանքներիս եւ թշուառութեանն իմ կարեկցելով,
Ո՜վ դու բարերար Որդի Աստծոյ,
Քո օրհնաբանուած աչքերի ցողով ինձ ոտքի՛ հանիր կրկին կենդանի,
Ինչպէս սիրելուդ` անշարժ ու անշունչ մեռելութիւնից:
Ստոյգ անօրէն եմ տարակուսեալ` մեղքի գուբն ընկած.
Ձեռքըդ ինձ տալով, արե՜ւ անստուեր,
Որդիդ բարձրեալի,
Քո ճաճանչափայլ լոյսի՛ն հանիր ինձ:




Ը


Ինչպէս աղեխարշ թշուառ ճիչերով, մատների տխուր տատանումներով
Կուրծքը ծեծելով, արցունք թափելով, տխրամած դէմքի տուայտանքներով
Իր միամօրիկ որդուն ողբացող Նայինի այրին, -
Ես էլ սրտագին, սաստիկ հեծութեամբ պաղատում եմ քեզ,
Տո՛ւր յուսահատիս քաջալերութիւն քո մխիթարիչ եւ գթոտ խօսքով,
Ասելով եւ ինձ, ո՜վ բարեբանեալ ստեղծիչ աշխարհի,
Թէ` "Մի՛ լար այդպէս սաստիկ ողբալի".
Որպէսզի կրկին կենդանացած այն պատանու հետ,
Որ սփոփեց վիշտն իրեն ծնող մօր,
Ես էլ քեզանով իմ ամենապարտ հոգին ընդունեմ վերանորոգուած:




Թ


Այսահարութեամբ անզգայացած, դիւալլուկ ու քարակոշկոճ,
Հեղձամղձուկ ու եղկելի, քստմնելի, գիսախռիւ մազերով,
Վայրենադէմ ու ցնորամիտ մարդկանց հետ, որոնց դու ողորմեցիր,
Ես էլ նրանց պէս քեզ պիտի դիմեմ, ամենափրկի՛չ:
Հեռու վանիր դու ապականարար գնդերը չարի մարմնիս խորանից,
Որպէսզի հասնի հոգին քո բարի եւ հանգստանայ այնտեղ վերստին,
Եւ մաքուր շնչով լցնելով մարմինս ու անդամներս`
Զգաստացնես ինձ` խելագարուածիս ամենաթշուառ:




Ժ


Դժոխաբնակ եւ վտարանդի հոգիների հետ գերուած` նաեւ ես
Արգելափակուած տառապում եմ խիստ:
Փառայեղ ճառագայթը քո ողորմութեան, լոյսդ իմ անձկալի,
Ծագելով վրաս` ինձ պառակտիչի կապերից փրկիր:
Վհատ կերպարանք է առել հոգիս,
Որ գաղտնորոգայթ եւ աներեւոյթ արահետներում մոլորաթափառ`
Գարշ իմ մեղքերով է հիւանդացած:
Իմ` չարագործի թոյնից գոյացած այտուցքներն անտես,
Որդի՛ Աստծոյ,
Քեզ միայն յատուկ քո կարողութեամբ առողջացրու դու գթասիրաբար:
Զանազանակերպ եւ բազմատեսակ ախտերն մահացու,
Որոնցից ամէն մէկն իր առանձին արդիւնքն ունի,
Եւ որ ժանտամատ շառաւիղներով հաստատուած են մեր անօրէն մարմնի մեղկ անդաստանում,
Ամենակալի քո ձեռքով թող որ կորզե՜ս արմատից,
Դու, որ արորով` մեր հոգիների դաշտերն անոպայ մշակում ես միշտ,
Որպէսզի կենաց քո խօսքը յաւէտ արդիւնաւորուի:




ԺԱ


Եւ քանզի ճարակող քաղցկեղի նման
Յանցանքներիս վէրքն այս իմ բերած օրինակները գերազանցեց,
Եւ ախտն ամբողջովին անդամներիս մէջ տարածուեց, -
Չիք սպեղանի, ինչպէս Իսրայէլին, որ դրուի անչափ իմ խարանների վրայ,
Ազդրերիս խարսխից մինչեւ ծայրն իմ անդամների կառուցուածքի`
Չի մնացել մի տեղ լիովին առողջ եւ բժշկելի:
Իսկ դու, ողորմա՜ծ, բարերար, օրհնեալ եւ երկայնամիտ թագաւոր անմահ,
Լսիր վշտահար սրտիս խղճալի պաղատանքներն այս,
Որ դառնահառաչ քեզ եմ ուղերձում իմ նեղութեան մէջ,
Տէ՛ր ամենակալ:




ԲԱՆ ԺԹ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ





Ա


Ով դու, բարի կեանքի յուսատու ամենահայեաց տեսողութիւն,
Ուշք դիր ցաւագնած հոգուս հեծեծանքների բարձրաձայն աղաղակին,
Անհա՜ս մեծութիւն, անուն ահաւոր, բարբառ կենդանի,
Լուր ցանկալի, ճաշակ ախորժելի, կոչումն պաշտելի,
Բարութիւն խոստովանելի, ազդումն խնկելի,
Դաւանելի իսկութիւն, էութիւն փառատրելի, գոյութիւն օրհնաբանելի,
Ո՜վ դու Տէր Յիսուս, Հօրդ հետ գովուած ու երկրպագուած
Եւ սուրբ հոգուդ հետ բարձրացած ու հռչակուած,
Որ մարմնացար մեզ պէս ու մեզ համար,
Որպէսզի մեզ էլ անես քեզ համար ու քեզ նման,
Լոյս ամենայնի, համակ ողորմած, հզօր երկնային:
Եւ այժմ քայքայուած ու խորտակուած անօթն իմ հողեղէն
Աստուածօրէն հրաշակերտելով, աղաչում եմ, գթա՛ծ, նորոգիր նորէն:
Մեղքերով հնացած պատկերն իմ` քո ինձ տուած,
Հալելով կրկին քուրաների մէջ խօսքիդ կայծակով`
Պաղատում եմ քեզ, ձուլի՛ր վերստին:
Հոգիս պահպանող մարմնիս խորանի շինուածքը խախտուած` հանգստարանը քո,
Աղաչում եմ, ո՜վ բարերար, մաքրագործիր քեզ ի բնակութիւն:
Իմ չար գործերի փոխարէն մի՛ հատուցիր նոյնը դու ինձ:
Արբած եմ ես, բայց ոչ թէ գինով, ինչպէս մարգարէն է ասում.
Թափիր հրամանով քո ազատարար, ամենակեցո՛յց,
Մահուան բաժակիս թմրեցնող մրուրն անօրէնութեան,
Որ բաժակդ ես չքամեմ վերջին օրը հատուցման:




Բ


Արդար ես դու իրաւունքիդ մէջ եւ յաղթող` քո դատաստանում.
Թէ մատնես մահուան` ճշմարիտն արած կլինես.
Թէ դատապարտես, այստեղից սկսելով կշտամբութիւնդ տանջողական` հատուցում է ճիշտ
Թէ անդունդների խորքերը սուզես,
Թէ կենդանութեան շարժումները դադարեցնես,
Թէ զօրութիւնն իմ խօսքի ունայնացնես,
Թէ պատուհաններն աչքերիս ստուերացնես,
Թէ կեանքի ճաշակն ինձնից հետ առնես,
Թէ ընդհանրական կերակրից ինձ զրկես,
Թէ օրերիս երկարութիւնը կարճացնես,
Թէ իջնող քաղցր ցողի հետ մէկտեղ վերից հուր թափես,
Թէ խօսքդ լսելուց ինձ քաղցած թողնես,
Թէ ականջներիս դռները խցես,
Թէ շնորհիդ պատկերն ինձանից կտրես,
Թէ ոտքիս տակի հողը սարսես,
Թէ ինձ անձկալի քո լոյսից հանես,
Թէ այս աշխարհից ինձ բոլորովին դու դուրս վտարես,
Թէ հրաբորբոք փայլատակումով ինձ ահաբեկես,
Թէ անբուժելի ցաւերով պատժես,
Թէ ինձ չարչարող դեւերին մատնես,
Թէ ցասման հողմով ինձ հեռու քշես,
Եւ թէ ուրիշ նոր չարչարանքների գործիքներ կազմես -
Տարտարոսից վատ եւ գեհենից էլ աւելի սաստիկ,
Աւելի թունոտ, քան թէ որդերը, եւ քան խաւարը տարակուսելի
Եւ երկիւղալի` խորխորատից էլ, եւ ողորմելի` մերկութիւնը քան, -
Ես ինքս անձամբ վկայում եմ, թէ արժանի եմ խիստ այդ բոլորին:




Գ


Եւ քանզի մեղքերս նման են իրար,
Ուրեմն եւ նրանց հատուցումներն էլ պէտք է որ նման լինեն իրարու,
Իբրեւ միմեանց պատկերակից, միատեսակ եւ զուգակշիռ,
Այս հասկացողութեան կրողներն են,
Ուստի կարեւոր է խոստովանել եւ քողը վերցնել նրանց երեսի,
Որպէսզի տեսնի փնտրողը նրան եւ ծանօթանայ,
Քանի որ ջերմ սիրով չմօտեցայ ես ընկերոջս կարիքներին,
Իրաւացի է, որ առաջին իսկ վտանգի պահին սառեմ տագնապած:
Եւ որովհետեւ ես չսանձեցի ցանկութիւններս ապերասան,
Ուստի եղկելուս արժանի է, որ կրում եմ կիզումն անզովանալի:
Եւ քանի որ ես չսիրեցի աւետիսը լոյսիդ`
Արդար է, որ ես կորստեան մէգի թանձր խաւարում խարխափեմ մոլորագնաց:
Եւ քանզի խտրութիւն չդրի մանր ու մունր յանցանքների միջեւ, համարելով նրանք անվնասակար,
Զազիր զեռունների խայթումներից խոցոտւում եմ արդ արժանապէս:
Եւ քանի որ ես ձեռք չերկարեցի վտանգի մէջ վշտակրին օգնելու,
Տեղին է, որ գարշ ապականութեան գուբին մատնուեմ:




Դ


Եւ արդ, ո՛չ աստուածային քո գանձերից` չարիք,
Ո՛չ քո լոյսի շողերից` խաւար,
Եւ ոչ էլ քեզ ապաւինելուց սայթաքումներ առաջ կգան,
Այլ ես ինքս` կորստեան որդիս գտայ այս բոլորը:
Բազում անօրէն մեղքերս են, որոնք նիւթեցին այսքան բարկութիւն:
Մոլորեցուցիչ իշխանի կամքին հնազանդելով` նրան թողի ես քո տեղն իսկական,
Ըստ Գրքի յանդիմանութեան:




Ե


Եւ քանզի յայտնի դարձաւ մարմնիս անդամների գաղտնիքն ու խայտառակութիւնը,
Եւ երեսիս ընկաւ անվայելուչ ստուերն ամօթանքիս, ըստ մարգարէի առակի,
Ինձ բոլորովին տգեղացնելով` մերկ, խայտառակուած պոռնիկի նման, -
Ծագիր իմ մէջ լոյսը քաւութեան, երկնաւո՛ր արքա,
Որպէսզի թոթափելով մեղքերիս փոշին,
Աւետեաց ձայնը լսած,
Բաբելոնից ետ դարձողների պէս,
Հողից վեր կենալով` վերստին նստեմ,
Եւ անսասան` յոյսիդ ամրութեանը հիմնուելով, ինչպէս Եսային է ասել,
Նախնի մաքրութեամբ հագնեմքո բազկի զօրութիւնը կարող,
Քո քաղցր փառքի մեծութեան համար եւ աստուածութեանդ ամենապարգեւ,
Օրհնեա՜լ յաւիտեանս. ամէն:




ԲԱՆ Ի ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ





Ա


Տէ՜ր անոխակալ եւ երկայնամիտ, ներող, բարեգութ, հզօր, ողորմած,
Ահա՛ ճշմարիտ են քո գործերը եւ դատաստաններդ խոստովանուած,
Եւ որոշումներդ վկայուած են, ո՜վ ծածկութիւնների տեսանո՛ղ:
Երեք երջանկայիշատակ երիտասարդների հետ,
Որոնք կիզանուտ բոցով փորձուեցին ու չվնասուեցին Բաբելոնի մէջ,
Նրանց թախծալից ե՜րգն եմ հառաչում. -
"Ես մեղանչեցի եւ անօրէն դարձա,
Ապստամբուեցի եւ պատուերներին քո չանսացի":
Մաքուր լինելով հանդերձ` այսպէս գոչեցին նրանք խոստովանաբար,
Իսկ ես, որ իսպառ մահապարտ եմ մի,
Ձայնակցելով նրանց այդ ողբերին,
Այս ողբերգութեանս դեռ ուրիշնե՜ր էլ պիտի աւելացնեմ ես` ամէն բանով մահապարտս,
Դանիելի հետ` երանելի եւ սուրբ մարգարէի,
Որը հարազատ ազգական էր քեզ եւ Հուդայի տան ընտիր շառաւիղ,
Նրա հաճելի եւ նուիրական պաղատանքների խօսքերն առնելով`
Իմ պատժապարտի հեծեծանքներով դեռ ուրիշնե՜ր էլ պիտի կրկնեմ ես:




Բ


Գիտակցելով մէկտեղ` անպատշաճ ընթացք ունեցայ,
Զարտուղելով շարունակ եւ դժնդակօրէն սխալուելով.
Եւ այսպէս` մեղանչեցի ես ամէն բանի մէջ, ամէն եղանակով:
Կամքիդ որոշակի սահմանից ես ի դուրս սլացայ,
Որ եւ իսկական օրինակ է մի անմաքուր անօրէնութեան:
Անչափելի չարիքներն յաճախակի կրկնելով` իրենց լրումին հասցրի,
Ինչ որ ճշգրիտ մի պատկեր է յանցաւորութեան:
Սպառնացիր` չզարհուրեցի, խրատեցիր ինձ, եւ չանսացի,
Որ յայտնի նշան է ըմբոստութեան:




Գ


Արդարութիւն յարդարեցիր քեզ, ո՜վ բարերար,
Եւ ինձ` պատրաստեցիր ամօթ ու պատկառանք:
Քեզ` փառք վայելչական եւ ինձ` նախատինք յարմարաւոր.
Քեզ` քաղցր յիշատակ եւ ինձ` մաղձ քացախեալ վերջում.
Քեզ` անլռելի բարեբանութիւն եւ ինձ` ողբ ու կոծ.
Քեզ` օրհներգութիւն խնկելի եւ ինձ` մերժումն ի բաց.
Քեզ` իրաւունք բազմարժան եւ ինձ` ամենավարան պատասխանատւութիւն.
Քեզ` փառք անճառ գովեստներով եւ ինձ` մոխիր լիզելու անարգական պատիժ:




Դ


Արդ, ընդունեցիր դու, ո՜վ անկշիռ սահման ընտիր բարութեանց,
Քոյիններից վեր առար կնդրուկներ ախորժանուշ` քեզ համապատասխան,
Իսկ ես ստացայ այստեղ բազում պարսաւանքներ սրանց դիմաց` կրկնակի բարդութեամբ:
Եթէ անբիծներն յանձն էին առնում այսպէս աղօթել,
Իսկ ես պարսաւի ի՜նչպիսի տողեր հիւսեմ ինձ համար,
Երբ քան բոլոր դժնաբարոներն առաւել վրիպեցի:
Անառակ ընթացքովն իմ ես մոլորուեցի որպէս վայրենամիտ,
Եւ հանդգնեցի իմ շրթունքներով երկրաւոր խօսքեր բարբառել:
Մոլի դարձայ անկասելի կերպով ամօթալի գործերի մէջ,
Փքուեցի եւ վերացայ ես, որ փոքր-ինչ ժամանակից յետոյ մահուան հողն եմ իջնելու.
Գոռոզացայ եւ բարձրամտեցի ես, որ տէրն իսկ չեմ հոգուս գրաւական եղող շնչառութեանը:




Ե


Ամբարտաւանացայ՜ փոշիս շնչաւոր,
Ամբարհաւաճեցի կաւս ձայնաւոր,
Հպարտացայ հողս անգոսնելի,
Դէպի վեր ելայ մոխիրս մերժելի,
Բազուկ բարձրացրի` բաժակս փշրելի:
Տարածուեցի առաւել, քան իբր վեհ,
Եւ իբրեւ հետ մղուած` դարձեալ ինքս իմ մէջ ամփոփուեցի:
Բարկութեան բոցով ցոլացա` տիղմս բանաւոր:
Իբրեւ անմեռ մի` մեծամտեցի, ես, որ չորքոտանիների հետ մահից եմ կառչած:
Այս կեանքի սիրոյն բացի գիրկս ես եւ դէմքիս փոխարէն քեզ թիկունք դարձրի.
Մտքիս թեւերով մութ խորհուրդների միջից սլացայ.
Անարատ հոգիս մարմնիս փափկութեամբ յաւէտ հիւծեցի.
Զօրութիւնն իմ աջ կողմի տկարացրի,
Իսկ ձախակողմիս ուժգնութիւն տալով` յաղթեցի նրան:
Հոգածութիւնդ իսկ տեսայ ինձ համար, – որն այստեղ գրել անկարող եմ ես, ու չպատկառեցի.




Զ


Վայրի հաւքի պէս սլացայ դէպի սովորութիւնն իմ վաղեմի,
Ինչպէս Ովսէէն Եփրեմի վերաբերեալ է ասել:
Աղօթավայրում ես այս կենցաղի զբաղումներով շրջանակուեցի.
Մտքիս երիվարը բանականութեան երասանակով ոտքի չհանեցի:
Հին չարութիւնների վրայ ես ինքս նորերն ստեղծեցի,
Եւ, ինչպէս Յոբն է ասում, անտանելի ծանր անուրներն ինձ վրայ ես ինքս ծանրացրի:
Ինքս ինձ սփածանելի արի անկարկատելի, ըստ Երեմիայի.
Եւ առակողի խօսքի համաձայն,
Անունն անգրելի մի վիժուածի պէս` մարդահամարից ջնջուեցի,
Եւ ըստ Եսայու` դաշտանաւորի զգեստի նման զազրելի դարձա:
Որպէս թրծուած խեցեղէն աման` աննորոգելի կերպով փշրուեցի:
Եդովմին ուղղած մարգարէական մեղադրանքների համաձայն, ե՛ս էլ
Անօրէնութեան սատակիչ չորրորդ չափն իմ ինձ պատրաստեցի:
Եւ սո՞ւտ կլինի, որ աւելացնեմ ես այդ բոլորին,
Թէ Մողոքի դիւանուէր վրանն անգամ առայ ես` դժոխքը ժառանգելու համար:
Երկնայինը լքած` ես ինքս էլ ձեւակերպեցի խայտառակ պատկերն Ռեփանի աստղի,
Որն Իսրայէլից պաշտուեց Սինայում:




Է


Եւ արդ, քանզի զրկուեցի ես նախկին շնորհի համարձակութիւնից,
Ելայ նրանից, հեռացայ դարձեալ եւ բաժանուեցի,
Եւ անպատուաստելի կերպով կտրուեցի, -
Ընդունի՛ր ինձ, Տէր, հոգուդ պատկերով կերպարանելով ինձ կրկին անգամ,
Ինձ, որ անարժան եմ ապրելու իբրեւ մահապարտ եւ չարագործ,
Իբրեւ ամօթահար ու ոտքի կոխան եղած բանսարկուի կողմից,
Որպէս անբժշկելի մանրուած,
Որպէս մահուան յատակը հասած,
Որպէս գարշելի դարձած,
Որպէս կոչումիդ խոտան համարուած,
Որպէս միանգամայն կորստեան մատնուած,
Որպէս դեգերեալ, որպէս վտարուած,
Որպէս տարակուսեալ, որպէս թշուառացած,
Որպէս վհատեալ, որպէս կործանուած,
Որպէս խորտակուած, որպէս կոտրուած,
Որպէս թախծոտուած, որպէս խիստ տրտմած,
Որպէս թշնամանուած:




Ը


Իսկ նայելով վրաս, գթա՜ծ, մարդասէր, հզօր,
Ինչպէս նաեւ աղերսական այս խօսքերիս`
Ընդունիր ինձ դարձեալ որպէս զղջացած, որպէս խոստովանուած,
Որպէս ոտքիդ դիմած, որպէս ապաշխարած:
Դու, որ կշռում ես, չափում ու համարում մեծ`
Հառաչանքն հոգու, ձայնն հեծող շնչի,
Կսկիծը շուրթերի, ցամաքելը լեզուի, տխրութիւնը դէմքի,
Կամքը խորհուրդների եւ յօժարութիւնը սրտի խորքերից.
Դու, որ փրկութիւնն ես հոգիների
Եւ տեսնում ես չգործուածները,
Ստեղծիչն ես բոլորի եւ աներեւոյթ վէրքերի բժիշկ,
Պաշտպանն ես քեզ յուսացողների
Եւ բարեխնամ տէր ամենեցուն`
Ամէն բանի մէջ քեզ փա՜ռք յաւիտեան. ամէն:




ԲԱՆ ԻԱ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ





Ա


Եւ քանի որ ես ինքս ինձ անձամբ մատնեցի մահուան իմ ինքնագրութեամբ,
Ու չկանգնեցի երբէք ինչպէս մարդ` ոտքի,
Ոչ էլ ստացայ սիրտ բանականի,
Գրքի համաձայն,
Չթողի նախկին մեղանչումներն իմ ու չփոխուեցի,
Չընթացայ ուղիղ ճանապարհով ես, -
Ինչո՞ւ խաւարի հետքերը խոտոր ցոյց չտամ ես այս խօսքիս սկզբում:
Ուստի նախընթաց խօսքերի իմաստն ու ձեւն անփոփոխ պահելով, այստեղ,
Ըստ այդմ պիտի ես խոստովանեմ
Մնացած բոլոր չարութիւններս` յաջորդ տողերով:




Բ


Արժանապատիժ ժանտագործս օտար`
Գունդը Բելիարի աճեցրի անսաստ իմ ընթացքով:
Ճարպիկ, խաբեբայ եւ գարշօրէն պարող դեւերի համար
Կաքաւումներ, կայթեր, ցոյցեր ու վազքեր պատրաստեցի ես իմ ծուլութեամբ,
Եւ ընդունեցի դահիճներից այդ կործանուած`
Հարուածներ գաղտնի եւ խոցեր անյայտ:
Քրիստոսի խաչով չհալածեցի ես այդ վտարուածներին,
Այլ առաւել եւս զօրացրի նրանց:
Հեգ ողորմելուս անօրէնութեան հետեւանքով
Հայհոյւում է Յիսուսիդ անունն այսականների մէջ,
Ինչպէս մի ժամանակ հեթանոսների մէջ`
Իսրայէլի պատճառով:
Ես ինքս իմ ձեռքով տնկեցի իմ մէջ
Ապականարար եւ վնասակար բազում պատուհասներ`
Հոգուս ծաղիկն ուտող եւ սպառող ժանգն ու թրթուրը եւ այլ ուտիչներ,
Որոնց սուրբ Հովելն է նկարագրում իսրայելացոց երկրի համար
Իբրեւ օրինակ աւազակների եւ չար ոգիների` իր հրաշակերտ ողբերգութեան մէջ:
Սատակեցնելու փոխարէն` իմ մէջ ինքս ստեղծեցի, աճեցրի նրանց,
Եւ իմ անձի դէմ հաւաքեցի բիւր մահազէն մարտիկներ.
Շուրջս անպատկառ եւ անիրաւ կշտամբիչներ գոյացրի.
Զինեցի իմ դէմ անզգամ եւ անպարտելի հակառակորդներ.
Քաղցրի փոխարէն դառնութիւնն առա ինձ իբրեւ բաժին`
Ես` արարչի դէմ նենգաւորս միշտ եւ բանսարկուի հանդէպ` հաւատարիմ:




Գ


Աւա՜ղ աղէտիս, վիշտ ու վտանգիս, մթին ամօթիս եւ անարգանքիս.
Ես ինչպէ՞ս հիմայ պիտի հանդգնեմ խօսքերս յայտնապէս հրապարակել:
Մեծ է գուժկան ձայնս ու բարձրաղաղակ բողոքն իմ ահա յոյժ անտանելի:
Քանզի եթէ հնար լիներ հոգիս տեսնել,
Պիտի երեւար, թէ ո՜րքան տգեղ է նա, տկար եւ ազազուն,
Հեծեծագին ցաւերով մատնուած ծայրաստիճան վարանումի,
Եւ մրոտուած, աղտոտ գոյնով զազրելի, ինչպէս մեհեանի պաշտօնատար,
Զի միեւնոյնն է, թէ`սպասարկել կուռքին ձուլածոյ եւ կամ ծառայել մեղքերի ախտին:




Դ


Արդ, ես քայլեցի կորստեան այս խաւարահետ ճանապարհով
Եւ ցանկալի բաժինը դարձրի անկոխ անապատ,
Ինչպէս մեղադրում է մարգարէն
Իսրայէլի քահանաներին:
Եւ ես, որ տմարդների կարգն եմ դասուած` ինչպէ՞ս համարեմ ինձ մարդ.
Ինչպէ՞ս անուանուեմ բանական, երբ կցորդուել եմ յիմար անբաններին,
Ինչպէ՞ս կարող եմ կոչուել տեսանող, երբ խաւարել եմ ներքին լոյսս ես,
Ինչպէ՞ս համբաւուեմ ես իմացական, երբ իմացութեանս դռներն են փակուել,
Կամ ինչո՞վ ցոյց տամ ինքս ինձ որպէս պատկեր Աստծոյ անեղծ եւ անմահ, երբ անձնասպան եմ եղել հոգեպէս.
Եւ ոչ իսկ շարժուն եւ կամ շնչաւոր կարող եմ կոչուել, թո՛ղ թէ հոգեւոր եւ իմացական:




Ե


Անօթների մէջ անպիտան եմ ես եւ անարգագոյնը` որմնաքարերի մէջ,
Արհամարհուած եմ կանչուածների մէջ եւ վատթարը` հրաւիրուածների խմբում,
Ահաբեկուած մահուան արհաւիրքով եւ բոլորից լքուած անխրախոյս:
Երուսաղէմի ցաւերով ու տանջանքներով եմ ես պատժուած, ըստ Երեմիայի խօսքի.
Պակասել են օրերս հեծութեամբ եւ տարիներիս ընթացքը` հառաչանքներով,
Ըստ սաղմոսողի նուագերգութեան:
Ինչպէս ասուին ցեցից եւ փայտը որդից`
Այդպէս նաեւ ես սրտիս խիթերից հալուեցի իսպառ ըստ իմաստունի:
Ու սաղմոսողի խօսքի համաձայն սարդոստայնի պէս մաշուեցի ահա եւ դարձայ անպէտ.
Առաւօտեան ամպի եւ վաղորդեան ցողի պէս ցնդեցի ես, մարգարէութեան խօսքի համաձայն:




Զ


Բայց ես իմ յոյսը մարդու վրայ չեմ դրել,
Որ տեսանողի ակնարկած անէծքն վրաս առնելով վհատուեմ անյուսօրէն,
Այլ քեզ վրայ, Տէ՜ր իմ ոգեսէր,
Որ լցուած անբաւ բարեգթութեամբ
Նոյնիսկ խաչի վրայ բեւեռուած պահին`
Մեծ ողորմութեամբ աղօթեցիր դու առ հայրդ բարձրեալ` քեզ չարչարողների համար:
Արդ, շնորհի՛ր ինձ դու քաւութեան յոյս, կեա՜նք եւ ապաւէն,
Որպէսզի թշուառ շունչս երբ փչեմ` ստանամ հոգին քո բարի:
Եւ քեզ քո Հօր հետ ու քո սուրբ Հոգուն`
Զօրութիւն, յաղթութիւն, մեծութիւն եւ փառք, յաւիտեանս. ամէն:




ԲԱՆ ԻԲ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ





Ա


Նախատուած անձիս կշտամբանքների շարքը նոյն ձեւով ու պատկերներով
Պիտի կրկնեմ ես այստեղ վերստին նոր-նոր բարդութեամբ.
Կսկծեցուցիչ դառն այս խօսքերիս դատակնիքը յանդիմանական
Ամենագէտը թերեւս համարի ճիշտ խոստովանանք
Իմ բոլոր գաղտնի եւ չար գործերի:




Բ


Խօսուն մի ձի եմ ես, կարծրերախ, սանձակոտոր եւ ապերասան,
Հովանակ անհամբոյր, վայրենի եւ անկրթական,
Երինջ խրտչող, անուղղայ եւ անվարժական,
Մարդ մոլեգին, տարագրուած եւ կորստական,
Մանուկ մեղաւոր, անխրատ եւ թափառական,
Տնտես մահապարտ, տարտամ եւ անգործնական,
Բանական անասնաբարո, գազանացեալ եւ անմաքրական,
Ձիթենի լքուած, անպտուղ եւ կործանական,
Մարմին` հոգիս տրտմեցնող, դատող ու տանջողական,
Խոցուած եմ անբուժելի, անխնամ եւ անկանգնական,
Վատնուած եւ անգտնելի ոսկի շարոց եմ կայսերական,
Ծառայ եմ սխալական, փախստական եւ թշուառական:




Գ


Եւ այսպէս, ահա, ես ինքս իմ դէմ եղա կամովին անձնամատ սաստիկ եւ մարմնակործան,
Հոգեկորոյս եւ միշտ մտախաբ,
Կամակոր իսկական եւ սրտաբեկ,
Ուշագնաց եւ խելակորոյս,
Զգայազուրկ եւ իմաստասպառ,
Հայրատատես եւ եղեռնալուր:
Ես ամէն կողմից բռնուած ամբողջովին մահաբեր երկունքի բորբոքումներով`
Մի լաւ բանի մէջ, Տէր իմ, ոչ մի կերպ քեզ պիտանի չեմ:
Ողբում եմ ես այն որովայնը, որ ինձ երկնել է,
Ողբում ստինքներն այն, որ սնել են ինձ:
Ինչո՞ւ կաթի հետ մակարդուած ես մաղձ չծծեցի,
Եւ ինչո՞ւ քաղցրութեան փոխարէն չտրուեց ինձ դառնութիւն:




Դ


Զի եթէ ես իմ խօսքերով այսքան ինքս իմ դէմ եղայ անձնադատ դատախազ դժնի,
Եւ իմ բարկութեան սուրն է տակաւին անխոնարհելի,
Ո՞ր երկրածինն ինձ կկարողանայ ողոքել այլեւս:
Ամէն ինչ պիտի հրապարակեմ,
Էութիւնս համակ ես պիտի դատեմ ու դատապարտեմ,
Ողջ վնասակար գնդերը պիտի ես գանակոծեմ,
Ես ինձ խոցոտող զինուորների դէմ պիտի բողոքեմ
Եւ իմ գլխաւոր զգայարանքներս պիտի կշտամբեմ:
Ամէն բանի մէջ եւ ամէն ձեւով ես մեղանչեցի, ողորմի՜ր, գթա՛ծ:
Նոր չէ, որ գտար յանցապարտութեան մառախուղն իմ մէջ,
Այլ նոյնն եմ յաւէտ, միշտ նոյն արատով յանցապարտութեան
Անկարկատելի ձորձով սխալուած անփոփոխելի քո առջեւն եմ ես,
Եւ ինքդ միայն իսկապէս գթած, օրհնեալ, մարդասէր,
Քո ներողութեամբ անայլայլելի փութա աջ կողմս ի փրկութիւն ինձ:




Ե


Արդ, ո՜վ երկնաւոր, հզօր ու բարի դու խնամակալ,
Ստեղծիչդ ամէն ինչի` ոչնչից,
Կայծն իմաստութեան զօրաւոր խօսքիդ մօտեցրու լեզուիս,
Որպէսզի դառնայ առիթ մաքրութեան`
Քո ձեռքով կերտուած մարմնիս մաս կազմող զգայարանքներիս:
Եւ ես նրանցով` քո կամքով կազմուած եւ քեզնով բուժուած`
Նոր պատրաստութեամբ, անպակաս ձայնով, անհատ բարբառով
Քեզ վերընծայեմ գոհաբանութիւն`
Ի փառս քո Հօր` մեծ Աստծոյ, յաւիտեանս. ամէն:




ԲԱՆ ԻԳ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ





Ա


Տէ՜ր, Աստուած ամենայնի եւ զօրաւոր ամէն բանում,
Տէ՜ր անպարագիր եւ անվայրափակ,
Բոլո՜ր իսկութեամբդ ամէնքին մօտիկ,
Ամէնուր ես դու, եւ չկայ ոչ մի սահման առանց քեզ:
Չես երեւում երբէք, բայց առանց լոյսիդ չի տեսնւում ոչինչ,
Ո՜վ ահաւոր փառք եւ անհաս անուն,
Մեծութեան կոչում, ձայն անբաւելի,
Իսկութիւն անքնին, անմատչելի հեռաւոր եւ անընդմիջելի մերձաւոր,
Տեսնող` հեծութեան եւ նկատիչ` թշուառութեան,
Տխրութեան այցելու եւ ամենաբոյժ հնար` անճարութեան,
Հայր գթութեան, ծագող ողորմութեան եւ Աստուա՜ծ մխիթարութեան:




Բ


Տէ՜ր, ողորմութեամբ նայիր բազմավտանգ ախտերի դառնավիշտ իմ պատկերին,
Որ քո հանդէպ եմ տածում ահա:
Կարեկից եղիր ինձ բժշկապէս եւ ոչ թէ որպէս քննիչ-դատաւոր:
Արդարեւ մեծ է տագնապն այս ցաւատանջ տարակուսանքի եւ վարանման,
Երբ մեղքով է տարուած մարմինն ամբողջովին,
Իսկ հոգին չի մեկուսացած չար գործերից,
Երբ զգայարանքները կապկապուած են մոլորութիւնների սովորութեամբ,
Եւ զանգուածը շաղախուած է մահացու կրքերով.
Երբ սրտի զգայութիւնը խայթերո՜վ է խոցոտուած,
Եւ բարիքների ակնկալութիւնն իսպառ վերացած.
Երբ բանականութեամբ հանդերձ` անասունների շարքն է դասուած,
Եւ գոյութեան հետ զազրելի գարշութիւններ են շարամանուած.
Երբ արտաքնապէս թէեւ առողջ, սակայն ներքնապէս է վիրաւորուած
Եւ յիշելով իր մեղքերը սաստիկ` յուսահատութեան է միշտ մատնուած.
Երբ որ նախապէս գործած մեղքերի տագնապումներով է տարակուսուած,
Եւ աղօթքի յստակութիւնն իսպառ պղտորուած.
Երբ խղճմտանքը խռովանքներով է յոյժ տոչորուած
Եւ ձեռքը մաճին` հետեւի գործերն հետազօտելով է միտքն զբաղուած.
Երբ դէմքով դէպի առաջ է դիմում, ոտքերով` դէպի հետեւ ընկրկած
Եւ գիտենալով հանդերձ ճշմարիտ գոյութիւնները, անգոներից է շարունակ խաբուած
Եւ մտքի մղած մարտերի մէջ միշտ փոքրութիւններից է յաղթահարուած,
Եւ սրտի սաստիկ հառաչանքներից հագագի դուռն է համակ հրդեհուած.
Երբ ամէնուրեք` խոնաւութիւնն է քիմքի տոչորուած
Եւ ամէն կողմից անարեւ մէգով է շրջապատուած.
Երբ ակնկալութեան ընդարձակութիւնն է իսպառ ամփոփուած,
Եւ անտանելի տառապանքներն են զգայարանների վրայ դրոշմուած.
Երբ որ կորստեան եղկելիութիւնն է մտաբերուած,
Եւ հատուցումի դատավճիռն է մտքի դիւանում արձանագրուած.
Երբ բարերարի աչքն է զայրալից երեւոյթ առած,
Եւ լոյսը խնդութեամբ հողազանգուածիս դէմ է զայրագնած.
Երբ որ Աստծոյ ահաւորութիւնն փոքրիկ էութեանս հետ է ընդհարուած
Եւ իր խօսքերի որոտումով միշտ` բանաւոր մոխրիս դէմ է բարկացած,
Երբ արդարութեան իր քարերով նա մահուան արժանուս է միշտ քարկոծած,
Երբ որ ինձ տրուած տաղանդը այստեղ անառակութեան մէջ եմ կորցրած,
Եւ իմ պատուական ասացուածքն իբրեւ անարգ անարժէք` հողի տակ է թաղուած.
Երբ ողջ արգասիքն իմ աշխատանքի` ծուլութեան մութով է ծածկուած
Եւ չի երեւում ճրագի լոյսի պէս հեռու տարուած,
Երբ իրաւազուրկ պատասխանարանն է լեզուիս կարկամած,
Եւ իմ անհամբոյր բարբառող շուրթերս իրօք արժանի կերպով պապանձուած.
Երբ հուզեալ միտքս ամէն ուղղութեամբ ցրիւ է եկած
Եւ օգտակարին հասու լինելու անկարող դարձած,
Եւ լաւն ու բարին ընտրելու կշռի մէջ յիմարացած.
Երբ ճանապարհը չարի արգելքով է խափանուած,
Եւ վառարանն է իւղի` հնոցի մոխիրով լցուած.
Երբ կենաց մատեանից իմ անուան գիրն է ջնջուած,
Եւ երանութեան փոխարէն այնտեղ կշտամբանք գրուած:




Գ


Թէ զինուոր եմ տեսնում` սպասում եմ մահուան.
Թէ պատգամաւոր` խստութեան.
Թէ գրագիր` կորստեան մուրհակի.
Թէ կրօնաւոր` անէծքի.
Թէ աւետարանիչ` ոտքի փոշին թոթափելու.
Թէ բարեկրօն` յանդիմանութեան.
Թէ անզգամ` կսկծանքի.
Եթէ փորձուեմ ջրով` կխորտակուեմ.
Եթէ մի դեղ քննութեան առնեմ` կսատակեմ.
Թէ բարիք տեսնեմ, կասկածելով չար գործերիցս` կփախչեմ.
Թէ բարձրացած մի ձեռք` կկորանամ.
Թէ խրտվիլակ փոքրիկ` կսարսեմ.
Թէ լսեմ թնդիւն մի թեթեւ` կընդոստնեմ.
Թէ կերուխումի հրաւեր ստանամ` կդողամ.
Թէ մեծիդ ներկայանամ` կսարսափեմ.
Թէ հարցաքննութեան կանչուեմ` կկարկամեմ.
Թէ իրաւամբ քննուեմ` կհամրանամ:




Դ


Արդ, իրար վրայ բարդուած իմ այսքան տարակոյսները ամենաթշուառ եւ ողորմագին,
Որոնք ի ներքուստ խոցում են սիրտս անբոյժ ցաւերով, նետերով անտես,
Եւ բեւեռուելով անարտաքսելի` նրանք հոգուս հետ հանապազամուխ ու յարամնաց,
Եւ շարաւներով լցնելով հոգիս, հարուածելով միշտ`
Սատակիչ մահուանս վտանգն են սաստիկ նախագուշակում:
Իր ներսը մխուած երկաթը պատող կոյտը թարախի,
Տագնապը ծածուկ ու մէջս պահուած վէրքերն անդարման
Իմ շնչառութեան միջոցին սաստիկ ցաւ են պատճառում:
Ուստի եւ նրանց նեղութիւններից չարաչար ճնշուած,
Թախծալից հոգուս ձայնով բարձրագոչ եւ աղերսախառն իմ արցունքներով
Ինձ համար նաեւ աղօթող բոլոր նահատակների հետ այն երկրաստեղծ,
Եւ հեծութեամբ ողբակից նրանց արտասուանուէր իմ այս ողբերով,
Ըղձակաթ աղերսն իմ` Բարեգործիդ ամենահնար`
Երկրիցս դէպի երկինքը, ահա, առաքում եմ քեզ:
Շնորհիր, ո՜վ Տէր, հանգիստ ու խաղաղ կեանք ողորմելի վաստակեալիս,
Ինձ, որ ընդունա՜յն երկրագործեցի.
Ո՜վ համայնդ դու ամէն ինչի մէջ, քեզ փա՜ռք յաւիտեան:




ԲԱՆ ԻԴ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ





Ա


Եւ արդ, ի՞նչ բաների արժանի համարելով ինքս ինձ, մօտենամ ես քեզ աղերսելու,
Արքայությա՞ն, որից վրիպեցի,
Թէ՞ վայելուչ փառքիդ, որից զրկուեցի,
Թէ՞ անմահ կեանքիդ, որից վտարուեցի,
Թէ՞ պարակցութեանը հրեշտակների, որից տրոհուեցի,
Թէ՞ արդարների մասնակցութեանը, որից ջոկուեցի,
Թէ՞ ուռն լինելու կենդանի որթի, որից պոկուեցի,
Թէ՞ ոստը բերկրութեան ծառի, որից գօսացայ,
Թէ՞ ծաղիկը փառքի շնորհի, որից թափուեցի,
Թէ՞ ժառանգաւորն պանծանաց, որից կորացայ,
Թէ՞ հայրական հարազատ գրկին, որից դուրս ընկայ:




Բ


Լուսեղէն զգեստո՞վ պարծենամ, որից մերկացայ,
Թէ՞ ստացողի դարձին յուսամ ես, որից խորթացայ,
Ըղձալի լոյսի՞ն դիմեմ ես արդեօք, որից մեկնեցի,
Թէ՞ ոսկորներին յօդուեմ Յիսուսի, որից մերժուեցի,
Նրա թեւերի՞ն մօտենամ, որից օտարացայ,
Թէ՞ ապաւէնին ապաստանեմ ես, որից զատուեցի,
Նորոգությա՞նը յուսամ փրկարար, որից մահացայ,
Թէ՞ զուարթարար զգաստութեանը, որից լքուեցի,
Կամ ուխտադրական կենաց կանոնին, որից փոխուեցի,
Թէ՞ հաստատական օրինադրութեան, որից սահեցի,
Անշարժ, անսասան Վէմի՞ն կառչեմ ես, որից սասանեցի,
Թէ՞ սրբոց գնդին լինեմ դասակից, որոնցից ինքս ինձ ի դուրս մղեցի,
Անդրանիկների քաղաքո՞ւմ շինուեմ, որից ես գերի քշուեցի,
Թէ՞ ամէնօրեայ հացին աղօթեմ, որ չվաստակեցի,
Թէ՞ տաժանքների վերացումն խնդրեմ, որոնց համար չքրտնեցի,
Թէ՞ պարգեւներով պսակուեմ ես այն, որոնց արժանի չհանդիսացա
Կամ կենաց գրքո՞ւմ արձանագրուեմ, որից ջնջուեցի,
Թէ՞ երախտիքներդ յիշեմ ես արդեօք, որոնք մոռացայ:




Գ


Եւ ահաւասիկ, ապրելու յոյսի լարը կտրուեց,
Ու վարակուեցի՜ ես բոլորովին գարշ բորոտութեամբ.
Տգեղ, սպիտակ ու փոքր-ինչ փայլող պալարի պէս այն,
Որը կրկնակի մեր անմաքրութեան իբրեւ նշանակ`
Նախնական ախտի սպին է պահում երկդիմի կերպով,
Ապականութիւնն ինձ պաշարելով` սպառեց մարմինն իմ բոլորովին
Պարծանքի նշոյլը բոլորովին շիջաւ ինձ համար,
Փրկութիւնը վտանգուեց, բարին ստուերացաւ,
Կեանքի դուռն ընդմիշտ փակուեց,
Մխիթարութիւնը վերացաւ,
Դատաստանի ատեանը մօտեցաւ,
Մահուան թոյնն արծարծուեց իմ մէջ,
Սպանուածն իմ մէջ կրկին կենդանացաւ,
Նաւահանգիստը քարերով խցուեց,
Յոյսի շաւիղը կուրացաւ,
Շնորհի ծածկոյթն ինձանից հանուեց,
Փառքի վայելչութիւնն աղօտացաւ,
Առաջնորդող հանճարը խափանուեց,
Կշտամբանքների փուշը շատացաւ,
Անօրէնութեան ուղեշը ծաղկեց,
Գեհենի բոցը բորբոքուեց իմ դէմ,
Ծառայութեան լուծը սաստկացաւ,
Ստրկութեան կապը զօրացաւ,
Կառոյցը պահող սիւնն ահա ընկաւ,
Բարձրութեան վստահարանը կործանուեց,
Ընտանի միաբանութիւնն անջրպետուեց,
Եւ տխրեց սաստիկ սրբութիւն սիրող
Աստծոյ հոգին:




Դ


Եւ քանզի ես դառնութիւնների մրուրը ճաշակեցի, -
Տանջանքներ, խայթեր ու տխրութիւններ, վշտեր հոգեկան,
Ցաւեր անդարմանելի եւ տարակոյսներ անյուսադրելի,
Ամօթանքներ անպարտակելի, խայտառակութիւններ անծածկելի,
Պատկառութիւններ անհամարձակ, փախուստներ անդառնալի
Եւ հալածանքներ անմարդասիրելի,
Երկար ու ձեռնունայն, անպաշար ուղեւորութիւն, -
Ուստի եւ դու, ո՜վ փրկութիւն, զօրութիւն եւ օգնութիւն,
Ողորմութիւն, լուսաւորութիւն, քաւութիւն եւ անմահութիւն,
Տէր Յիսուս Քրիստոս, Որդի կենդանի Աստծոյ, արարիչ երկնի եւ երկրի,
Որ ջուր ես տալիս ծարաւներին անջուր անապատում,
Օրհնեալ, բարեգութ, հզօր, մարդասէր,
Երկայնամիտ, խնամակալ, հնարաւոր, այցելու,
Պաշտպան աննախանձ, պահապան յաղթող եւ կեանք անկորուստ,
Միջնորդ երկնային, լիութիւն աննուազ, երանութիւն տօնելի,
Քո ողորմութեան աջ ձեռքը սիրով երկարելով ինձ`
Ընդունի՛ր եւ ներկայացրու քաւուած եւ սրբուած ամենապարտիս`
Քեզ հաւասարապատիւ Հոգուն, ո՜վ կենդանի Բան,
Որպէսզի քեզնով հաշտուած վերստին` իմ մէջ դառնայ նա:
Եւ քո միջոցով Նա, որ զօրեղ է ինքնութեամբ
Իր մաքուր կամքով ինձ սրբագործած`
Հօրդ ընծայելով`
Միաժամանակ ամբողջ իմ շնչով անբաժանօրէն
Կապի, միացնի բարեշնորհիդ հետ:
Որի համար` քեզ, Հօրդ ու սուրբ Հոգուդ`
Երրեակ անձնաւորութեանդ` մի բնութեամբ եւ մի աստուածութեամբ -
Փա՜ռք եւ բովանդակ արարածներից գոհաբանութիւն
Յաւիտեանս յաւիտենից. ամէն:




ԲԱՆ ԻԵ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ





Ա


Եւ քանզի նախորդ իմ ողբերի մէջ ես մասամբ միայն նկարագրեցի
Մէկը միւսից ծանր ու գերազանց մեղքերն իմ այնքա՜ն,
Որոնց գերին է դարձել վշտակիր եւ թշուառ հոգիս, -
Ուստի ես պիտի փոխեմ իմ խօսքի եղանակն հիմա,
Բայց ո՛չ աւաղանքն իմ աղէտների:




Բ


Կեանքըս ինձ համար նման է սաստիկ ծփացող ծովի,
Ուր հոգիս, մարմնիս շինուածքով` իբրեւ նաւակում,
Իրար վրայ խուժող անթիւ, անհամար ալիքներից
Տարուբերւում է միշտ այս աշխարհում:
Եսային եւս այս օրինակով պատկերացրեց
Երուսաղէմի հախուռն ու հանկարծադէպ քանդումը պարսիկ հրոսակներից,
Որ եւ սխալ չի լինի համեմատել իմ հոգեւոր խորտակման հետ:
Մինչ ես չւում էի անհոգ անտարակոյս վստահութեամբ,
Հազիւ թէ մտքիցն իմ անցկացնելով դոյզն-ինչ կասկածանք ինչ-որ արկածի
Փոքր այն միջոցին հանգստի միջեւ եւ աշխատութեան,
Իբրեւ թէ արդէն նաւահանգիստը հասած լինէի, -
Եւ ահա, ամառուան մէջ ձմեռն յանկարծահաս` հողմով իր բքաբեր
Երեքալեան ուժգին բախումով խաղաղութիւնը խռովեց հանկարծ:
Խորտակուեց նաւը` վայրագ ալիքների բախումից.
Թիակների կազմուածքը քայքայուեց.
Պոկուեց իր տեղից կայմը վերամբարձ,
Թռչարանն առագաստի պատռուեց ծուեններով անկարկատելի.
Շինուածքի շքեղութիւնն անշքացաւ,
Ու խզուեցին բոլոր առասանները ձիգ.
Գլխակողմի բարձրադիր դիտարանը խոնարհուեց,
Կտրուեց պարանն ապավանդակի,
Խարսխի յենարանը քայքայուեց,
Ու բաժանուեցին իրար կցորդուած գերաններն երկու.
Ուղղիչների սամիները գալարուեցին,
Ընկղմուեց լաստի յատակը իսկոյն, հիմքն ու հաստարանն ամբողջ շինուածքի.
Ղեկի սարքն ամբողջ սուզուեց տեղնուտեղ,
Չուելու յարմարանքները պակասեցին,
Կոտրուեց իսկոյն ողնափայտն ամուր.
Կապարանները զիստի ջարդուփշուր եղան,
Նաւագոգն անպէտքացաւ,
Հետնակողմը նաւի, եզերող շրթներով, խախտուեց ու դուրս թռաւ.
Բազմոցներն ընկնելով` անհետացան.
Վայելչագեղ վանդակապատն իջաւ յատակ.
Շուռ եկաւ գահաւորակն հանգստաւետ.
Իրար կպած տախտակաշարքերն անջատուեցին իրարից,
Եւ նրանց ամրապնդող բեւեռները ելան:




Գ


Ողբերի յիշատակարան դարձած արդիւնքն ինձ նմանուեց:
Նաւապետը դէմ-յանդիման նաւի` դեգերում է, ողբում,
Ձեռքը ծնոտին դրած` արցունքի գե՜տ է հոսեցնում:
Նաւից մնացած սակաւաթիւ բեկորները ալեկոծ ծովի ծփանքի վրայ
Բանականների նման խողխողուած` հեծում են թախծոտ ու ողորմագին:
Եւ այսպէս, ահա, սխալուած չենք լինի, եթէ ասենք,
Որ նաւապետը բարի իր երկնաւոր զօրքով` այս աշխարհի ծովում
Իմանալի իմ գոյութեան խորտակուած տապանն է աշխարում.
Քանզի արդարեւ բարեգութ Տէրը լացեց
Իր թաղուած ազգակցի վրայ, որպէս օրինակ` համայն մարդկութեան,
Լացեց նա նոյնպէս մոլորեալ Երուսաղէմի, ինչպէս եւ մոլեգնած Հուդայի վրայ,
Որոնցից երկուսը մնացին անյոյս` նման քայքայուած նաւի.
Իսկ մէկը նրանցից արդէն անդունդի յատակը հասած`
Յոյսի առասանն իր ձեռքն ունենալով`
Դէպի ապահով խաղաղութիւնը դուրս եկաւ նորէն:




Դ


Կտեսնե՞մ արդեօք ես երբեւիցէ մարմնի տապանակն իմ բազմախորտակ` կրկին նորոգուած.
Կտեսնե՞մ արդեօք ողբալի հոգուս նաւը փշրուած` կրկին ողջ-առողջ.
Մեծ տարածութեամբ բաժանուածս ես կլինե՞մ արդեօք դարձեալ միացած.
Կտեսնե՞մ արդեօք հոգնաթախիծ վշտացեալիս սիրտը դարձեալ ուրախ.
Կարո՞ղ եմ յուսալ` յաւէտ խաթարուած պատկերն իմ բնութեան յարդարուած նորից.
Կտեսնե՞մ արդեօք թշուառացեալիս քանդուած տաղաւարը կրկին կանգուն.
Յուսա՞մ, թէ պիտի տեսնեմ տարամերժ հոգիս ազատուած,
Եւ լոյսիդ շնորհից զրկուածիս կրկին վերակազդուրուած.
Պիտի ցոյց տա՞ս արդեօք ողորմաբար վայելքն ընտանի քո պայծառութեան.
Կտեսնե՞մ արդեօք երբեւիցէ ամենատխուր դէմքը հոգուս` ժպտուն.
Արդեօք կլսե՞մ գուժկան ձայնի տեղ աւետեաց համբաւն ինձ առաքուած.
Կտեսնե՞մ արդեօք իմ բիւրակործան փշրուած անօթն վերանորոգուած.
Պատուհաններն իմ մտքի աչքերի կտեսնե՞ն արդեօք պարտամուրհակն իմ մի օր պատռուած.
Օրն իմ անձկութեան քաւութեանդ շնորհիւ` կծագի՞ արդեօք քո լոյսը վրաս,
Արդեօք կմտնե՞մ լուսախորանի խնջոյքը մի օր քո առաջնորդութեամբ.
Անկեանք, ցամաքած ոսկորներս կրկին կկենդանանա՞ն,
Ըստ Եզեկիէլի` ներգործուն շնչիս ետ գալով դարձեալ զօրութիւն առած.
Կլինի՞ արդեօք, որ կրկին նայեմ քո սուրբ տաճարին, -
Ինչպէս մարգարէն, որ աղաղակեց կետ ձկան պորտից. -
Ես, որ կանգնել եմ դէմդ ամօթահար` լոյսիցդ մերժուած.
Մթնածիս վրայ խաւարասնունդ կծագի՞ արդեօք պայծառ առաւօտ.
Եւ մշտասառոյց տագնապեալս ես կհասցնե՞մ արդեօք գարուն տեսնելու.
Կտեսնե՞մ արդեօք ճարակ ինձ համար հոգիները դալարեցնող ցողն անձրեւային.
Կլինի՞, որ տեսնեմ գազանաբեկ մերժելի ոչխարս կրկին քո ամենագութ կամքի հօ՜տը դարձած:




Ե


Եւ, սակայն, ինչպէս որ Յոբն է ասում,
Չարի թակարդներն անելանելի պաշարել են ինձ,
Իսկ եթէ քո բարերար կամքի ողորմութեան լոյսն ինձ ցոյց տրուի,
Քո գթութեան դուռը բացուի,
Փառքիդ ճառագայթը ծաւալուի,
Ձեռքիդ խնամքը յայտնուի,
Կենացդ արեգակի օրը տարածուի,
Քո առաւօտեան ըղձալի դէմքը պարզուի,
Քաղցրութեանդ առատութիւնն աղբիւրի պէս բխի,
Արարչի կողի վտակը հոսի,
Անապակ սիրոյդ ծորումը թափուի,
Աւետեաց շնորհիդ ծագումն երեւա,
Պարգեւիդ ծառը ծաղկի,
Քո օրհնեալ մարմնի մասունքը բաշխուի,
Սակաւ ակնկալութիւնն իրագործուի,
Ընդհատուած ձայնը ողջոյնիդ լսուի,
Հեռացած խաղաղութիւնդ մօտենայ:
Այնժամ յաւիտեան այս պայմաններով երանելի,
Հաստատուն յոյսով եւ հաւատով զինուած,
Ապաւինելով սուրբ Հոգուդ, որ պաշտւում է
Հօրդ հետ եւ փառաբանւում քաղցրաձայն,
Քեզ հետ լոյսի մէջ անմատչելի, քաւութեամբ հանդերձ,
Ինձ` մեղապարտիս կընծայուի ե՛ւ կեանք, ե՛ւ երանութիւն:
Եւ սրանք որպէս անկորուստ աւանդ կպահուեն իմ մէջ,
Իբր առհաւատչեայ ճշմարիտ յիշատակի` ի ձիր անեղծութեան,
Երրեակ անձնաւորութեամբ հզօր, սուրբ ու միակ
Եւ անքննելի տէրութեանդ անճառելի, ահեղ անունով,
Դո՛ւ ես, որ իսկութեամբ քո եւ էութեամբ,
Եւ բարձրութեամբ քո յարակայ, քաղցրութեամբ, ողորմութեամբ
Եւ մարդասիրութեամբ պսակուած յաւէտ թագաւորում ես:
Այո՛, բոլորի համար եւ ըստ ամենայնի, ամենայն բանում կարող ես, գթա՜ծ:
Եւ քեզ վայել է փա՜ռք երկրիս վրայ,
Նաեւ հանդերձեալ մշտնջենական աշխարհում,
Մեծ օրն յայտնութեան, յաւիտեանս. ամէն:




ԲԱՆ ԻԶ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ





Ա


Եւ արդ նրանց հետ, որոնք ողբագին եղանակների
Համաձայն խօսքեր են շարահարում, յօրինում յարմար,
Ամէն մի տողի վերջում միեւնոյն գիրը դնելով,
Որով արտասուք հոսեցնելու չափ մորմոքեցուցիչ
Առաւել սաստիկ ու սուր են ճմլում սրտի ցաւերը, -
Ուստի ես ինքս գլուխն անցած այժմ այդպիսիների,
Որոնք լալագին բանաստեղծութիւն են եղանակում,
Նրանց ողբաձայն հեծեծանքներով վշտակիր հոգիս եմ պարզում ահա,
Որը չի մեռել դեռ բոլորովին աշխարհի համար,
Ոչ էլ իսկապէս կենդանի է նա Աստծոյ համար.
Ոչ իսկապէս ջերմ, ոչ էլ ցուրտ իրօք, -
Ըստ աւետարանչի առակի` գրած իր յայտնութեան մէջ, -
Որը երիցս ատելի է երրեակ տէրութեանն ու ամենատես արարչութեանը:
Այս է եղանակն ամենայարմար` թախծութիւնը մեր նկարագրելու,
Հանգաւորելով իւրաքանչիւր տող,
Որով եւ հոգու յոյզերը տխուր ե՛ւս առաւել են հնչում սրտառուչ:




Բ


Դրամական պարտքն ուրանալով, ես վատս, յիրաւի,
Գործովս անարժան մատնուել եմ վաղ տոյժ ու տուգանքի.
Կրկնայանցագործ վատնիչս կորած` գանձին արքունի,
Որ մեծ Աստծոյ հաշիւ պէտք է տայ եւ պատասխանի.
Պէտք է բիւր քանքար, մինչդեռ ես չունեմ կշիռ մի ունկի:
Ես անբարեխօս դառն արգելքի տակ կապկապուած գերի,
Ճաշակում եմ խիստ ցաւ ու հեծութիւն խաւարում բանտի.
Տանջւում եմ անօգ հեգ ողորմելիս առանց պաշարի.
Ինձ համար ողբի մի այլ եղանակ այստեղ ընտրեցի,
Եւ այս խօսքերովս այն կսկծալի կոծի փոխեցի.
Նոյն չափով ու նոյն վերջաւորութեամբ ես շարադրեցի,
Թիւ անհատելի եւ խորհրդաւոր երկեակ տասնեակի:
Հնոցն աղքատութեան մրրկւում է ամէն կողմից ուժգնակի.
Անպաշտպան, թշուառ` դրուած է տխուր սիրտն իմ գրաւի.
Ապաշնորհ, տկար մարդ եմ ենթակա միշտ վրիպանքի,
Շուտով ինձանից անզիջում կերպով դատ կպահանջուի:
Զգայարանս մահուան ու մեղքի զէնքով կխոցուի,
Գերիս` անփախուստ կերպով մատնուած բռնի ախտերի,
Հոշոտում է ինձ սաստը սուր սրով իր սարսափելի:
Այժմուանից, նոյնիսկ, երբ բեմն եմ յիշում ես դատաստանի,
Անլոյս մռայլը չարատես աչքիս առջեւ կփռուի.
Անօգ, կապկապեալ եղկելիս մատնուել եմ տարակոյսի.
Երեւում է ինձ պատկերը երկիւղ ազդող վերնայնի:
Տարտարոսի մէջ անարեւ սաստիկ եւ անծածկելի,
Գեհենի հրում մորմոքւում է յոյժ անձն իմ եղկելի,
Անյայտ ու անհետ կորած-կործանուած անդնդում մեղքի:
Ահա ունեցածս արծաթն անպիտան, որ արժէք չունի,
Որ չի ընդունուի տէրունի գանձում եւ չի ամբարուի:
Յանցանքս է պղտոր, եւ ձեռքս անմաքուր, աննուիրելի.
Բայց ես սրտաբեկ, մատներս շարժելով, յուսալով դարձի,
Երեսս հողին` պաղատում եմ քեզ, դու մա՜յր Յիսուսի.
Բարեխօս եղիր ինձ մեղաւորիս, երկնի՛ց իսկուհի.
Մաղթիր քաւութիւն ինձ, ո՜վ զօրաւոր փրկանակ կեանքի,
Թող երկրի վրայ միշտ օրհնութիւններ, բուրումներ խունկի
Եւ անուշահոտ իւղեր մատուցուեն քեզ ախորժելի:




Գ


Իմ այս ողբերի հիւսուածքի վրայ ես մի ուրիշ մաս եւս աւելացրի,
Շնորհապարգեւ մեծ բարերարին առատ արցունքներ ընծայ բերեցի.
Չկարողացայ չափելով երբէք գտնել խորութիւնն ես իմ կորուստի,
Հազիւ թէ հակիրճ խօսքերով միայն ես նրան հանդէս բերել ջանացի,
Չհասայ նրան ես մինչեւ անգամ արագացնելով թեւերն իմ մտքի:
Խորունկ մեղքերից խելքըս պարտուած` բարկութեան բաժակն իմ ձեռքը առի,
Տարակուսանքի տարտամութիւնն իմ ես ինքս իբրեւ մահ ճաշակեցի:
Եւ այժմ էլ, ահա, յանցանքներս անթիւ երգեցի ձայնովն իմ ողորմելի:
Մի աներեւոյթ բարկ կրակարան բորբոքւում է մէջս անզովանալի,
Ասես թէ անտես հալոց-քուրաներ եռում են սաստիկ, անշիջանելի:
Թունաւոր նետի սլաքներ կան սուր` շտեմարանի խորքը իմ սրտի.
Ցաւառիթ խիթեր մահացու կերպով խոցում են բոլոր երակներս լյարդի:
Ճեպելու անճար` աղիքներիցս չեն կարող ելնել ցաւերն երկունքի.
Երիկամունքներն իմ երկու կողմից այրում է ջերմը անդարմանելի.
Անչափ կուտակուած դառն մաղձն ահա նախադուռն է իմ հասել կոկորդի:
Շնչափողիս մէջ հնչում են ուժգին վհատեցուցիչ ձայներ աւաղի,
Էութեանս բազում մասերը` ներհակ իրար դէմ ելել են պատերազմի.
Կասկածանքների վախով վարանած` մատնուել եմ ես անհուն տագնապի,
Թէեւ հարազատ` ջարդում են իրար դաւաճանաբար, ինչպէս թշնամի,
Թաղուած մեղքերի գարշելի տիղմում` ո՛չ մեռած եմ ես եւ ո՛չ կենդանի:
Հայեացքս քեզ եմ ուղղում, բարերա՛ր, կասկածը սրտումն իմ պատժապարտի,
Որպէսզի կեանքի անյոյս այս վիհից դուրս հանես դու ինձ լոյսին անձկալի:




Դ


Նա, որ մատեանը այս շարադրեց`
Երջանիկների շարքում պսակուի,
Ակնկալելով ողորմութիւնըդ`
Անարատներին թող հաղորդակցի,
Եւ յանուն Բան-Աստծուդ զենման`
Բարեգործութեամբըդ կենդանանա,
Գովեալ շուրթերիդ օրհնութիւնը թող
Գիրքս ընծայողի գլխին [միշտ] մնա,
Հաստուի ըղձական խօսքը առակի:




ԲԱՆ ԻԷ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ





Ա


Քանզի ողբաձայն բանաստեղծութեան հետ վերընծայեցի ե՛ւ չափական խօսք,





Конец ознакомительного фрагмента. Получить полную версию книги.


Текст предоставлен ООО «ЛитРес».

Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию (https://www.litres.ru/grigor-narekats-i/matean-oghbergowt-ean/) на ЛитРес.

Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.



Նարեկացու՝ մեզ հասած գրական ժառանգության կարեւորագուն ստեղծագործությունը «Մատյան ողբերգության» պոեմն է։ «Մատյան Ողբերգության» պոեմը հայ միջնադարյան գրականության մտքի ամենամեծ արգասիքն է, պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը ամփոփում է այն լավագույնը, ինչ ստեղծել է հայ քերթողական միտքը հնագույն ժամանակներից մինչեւ 10–րդ դարը։ Պոեմը բաղկացած է 95 գլխից։ Ժանրային առումով այն քնարական–հոգեւոր է։ Հայտնի չէ, թե քանի տարի է գրվել պոեմը, սակայն ավարտվել է մահվանից մեկ տարի առաջ՝ 1002 թվականին։Պոեմը հայտնի է «Նարեկ» անունով։ Տարբերվելով քնարական պոեմների մյուս հեղինակներից՝ Նարեկացին բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր։ Բայց պոեմն էապես ունի իր սկիզբն ու վախճանը, ներքին գարգացման կուռ միասնությունն ու ամբողջականությունը։ Պոեմում խտացված են բանաստեղծի ողբերգական ապրումները, տարակույսները, թե ինքը կարո՞ղ է միանալ Աստծուն։ Նա տարակուսում է, որ կարող է հասնել իր իդեալին՝ Աստծուն, որովհետեւ գնալով աճում են իր մեղքերը։ Մինչդեռ Աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մաքուր լինի ամեն տեսակ թերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։ Կատարյալ մաքրության հասնելու համար մարդ պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։ Բանաստեղծն իրեն է վերագրում մեղքեր ու հանցանքներ, դատապարտում այն բոլոր բացասականը, ինչ դիտել է մարդկային կյանքում ու իրականության մեջ։

Как скачать книгу - "Մատեան Ողբերգութեան" в fb2, ePub, txt и других форматах?

  1. Нажмите на кнопку "полная версия" справа от обложки книги на версии сайта для ПК или под обложкой на мобюильной версии сайта
    Полная версия книги
  2. Купите книгу на литресе по кнопке со скриншота
    Пример кнопки для покупки книги
    Если книга "Մատեան Ողբերգութեան" доступна в бесплатно то будет вот такая кнопка
    Пример кнопки, если книга бесплатная
  3. Выполните вход в личный кабинет на сайте ЛитРес с вашим логином и паролем.
  4. В правом верхнем углу сайта нажмите «Мои книги» и перейдите в подраздел «Мои».
  5. Нажмите на обложку книги -"Մատեան Ողբերգութեան", чтобы скачать книгу для телефона или на ПК.
    Аудиокнига - «Մատեան Ողբերգութեան»
  6. В разделе «Скачать в виде файла» нажмите на нужный вам формат файла:

    Для чтения на телефоне подойдут следующие форматы (при клике на формат вы можете сразу скачать бесплатно фрагмент книги "Մատեան Ողբերգութեան" для ознакомления):

    • FB2 - Для телефонов, планшетов на Android, электронных книг (кроме Kindle) и других программ
    • EPUB - подходит для устройств на ios (iPhone, iPad, Mac) и большинства приложений для чтения

    Для чтения на компьютере подходят форматы:

    • TXT - можно открыть на любом компьютере в текстовом редакторе
    • RTF - также можно открыть на любом ПК
    • A4 PDF - открывается в программе Adobe Reader

    Другие форматы:

    • MOBI - подходит для электронных книг Kindle и Android-приложений
    • IOS.EPUB - идеально подойдет для iPhone и iPad
    • A6 PDF - оптимизирован и подойдет для смартфонов
    • FB3 - более развитый формат FB2

  7. Сохраните файл на свой компьютер или телефоне.

Рекомендуем

Последние отзывы
Оставьте отзыв к любой книге и его увидят десятки тысяч людей!
  • константин александрович обрезанов:
    3★
    21.08.2023
  • константин александрович обрезанов:
    3.1★
    11.08.2023
  • Добавить комментарий

    Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *