Книга - Շխնոց

a
A

Շխնոց
Ատրպետ


«Շխնոց» վիպակում ազատ հողագործի ողբերգության ակունքը վաշխառու-ավատատիրոջ տնտեսական ձգտումն էր` ճորտացնել գյուղացուն: «Մարաբայությունը», որից այնպես սարսափում է Վարդեւանը, ուրիշ բան չէր, բայց եթե ստրկության մի եղանակ, որով գյուղացին կապվում էր ավատատիրոջ հողակտորին` այս անգամ պարտավորվելով ոչ միայնպետության պահանջած բոլոր հարկերը վճարել, այլեւ վաստակածի կեսը կամ երկու երրորդը ուղարկել ֆեոդալին եւ մնացածով (իսկ մնո՞ւմ էր արդյոք) քարշ տալ գոյությունըմինչեւ գալ տարի, մինչեւ նոր բերքահավաք: Հողի վարձակալման այս եղանակը սուլթանական Թուրքիայում դարերի խորքից էր գալիս: Դարավերջին քաղաքներում տնտեսականհզորության հասած վաշխառուները ձգտում էին օգտագործել իրենց կանխիկ դրամը` հողային ռենտայից եւս օգտվելու համար: Նրանք ունեզրկում էին մասնավորապես հայգյուղացիներին, քանի որ սրանք կարողացել էին սեփական հողակտորին ավելի երկարատեւ համառությամբ կառչած մնալ: Վաշխառու ֆեոդալների դասը շուտով սկսեց նեղել ոչմիայն ազատ հողագործներին, այլեւ թուրք եւ քուրդ մանր ավատատերերին:





Ատրպետ

Շխնոց





1


Ապրիլի սկզբներում դեռ ձյունը թանձր շերտով բռնած էր սարերն ու ձորերը, դեռ քամին փչում էր ցրտաշունչ սուլումներով, սրսփացնում երկրագործին: Թեև ծիծառներն ու արագիլները վերադարձել էին հարավից, բայց բների մեջ դեռ չէին քարացել: Թեև դաշտերի երեսից անհետացել էր սպիաակ սավանը, բայց խրամատներում ձյունից կազմված սառույցները ճգնում էին դիմադրել արևի ոչշատ տաք ճառագայթներին: Արդեն վաղ սպառվել էր գյուղացու անասունների պարենը, և նա քշում էր լղար ու թույլ անասուններին այս ու այն կողմ, ձյունի տակ չորացած, փտած և փափկած նախորդ տարվա խոտի մնացորդներով սովալլուկ ստամոքսներին հագեցում տալու և մի կերպ կյանքը հինգ-տասն օրով ևս քարշ տալու, մինչև նորածիլ բույսերի գետնի երեսից քիչ բարձրանալը: Մարդ ու անասուն բոլոր ճիգերով վեց-յոթ ամիս դիմադրել էին մահաբեր ձմռանը և հասել հուսատու գարնան, բայց այնպես ուժասպառ էին եղել, որ նրանց հուսահատեցնում էին պառավի չորս-հինգ օրվա սառնաշունչ հովերը: Բայց և այնպես կյանքն այնպես քաղցր էր, այնքան սիրելի ու գրավիչ, որ կսկծացնելով մկաններն ու ոսկորները, ջղերն ու կաշիները, դիտողին քստմնեցնելով, տքնում էին մի կերպ հեռացնել մահը և դիմադրելով նրան, մտնել հուսաբեր գարուն:

Գյուղի մեջ՝ Շխնոցում, առավոտ վաղ կյանքը եռում էր: Արդեն գոմերն ու ախոռները դատարկվել, արածելու էին տարել անասուններին: Միայն նորածին հորթերին և գյադակներին արևի ճառագայթների տակ կիփարներում էին տեղավորել, և նրանց տերերը լափով, խաշած թեփով աշխատում էին դրանց կերակրել: Ամեն երկրագործ յուր գութանն ու արտն էր կարգի բերում և երկրագործական գործիքները դուրս հանած պակաս-պռատ էին լրացնում, որպեսզի գետինը քիչ ցամքելու պես դաշտ դուրս գան, վարուցանքն սկսին: Պառավներն էլ իրենց քուղան ու կովկիթը, խաբի չաթալան ու խնոցին, փարչն ու բղուղը, քյաղանն ու տաշտը լվանում, սրբում, մաքրում, արևի տակ էին դնում, որպեսզի կենսատու արևը վերջ տա մեռելության և կյանք տա գործելու այդ բոլոր գործիքներին, որոնցով պատրաստվելու էր ռանչպարի ամբողջ տարեկան ապրուստը և սրա ձեռքով աշխարհի ուտեստը:

Վարդևան աղբարը ուրագն ու սղոցը ձեռքին առավոտ վաղ դուրս էր եկել և արորի պարագաները դուրս բերելով բաց օդում, միայն երկու կողմից քամուց պաշտպանված դռան առաջ, արևի անջեռուցիչ ճառագայթների տակ տաշտշում էր սեպեր և ուրիշ գործիքներ ու պատրաստվում ցանքսի գնալու: Արորը ամբողջապես գլգլել էր մի կողմը կարկատելիս, մյուս կողմը քայքայվում էր: Հերիք չէր Վարդևանի մտատանջությունը յուր փչացած արորի մասին, կինը՝ Գարանը, երկու– երեք տաշտ էր բերել, որպեսզի կարկատել տա, ջուրը դնե, որ մի կերպ ամրանա և փռելիք կաթը չսուզվի: Վարդևանը վրդովված շարժում էր գլուխը, ծռմռում էր դիմագծերը և ինքն իրեն խոսողի նման գլխով, ուսերով և թևերով անդադար շարժումներ էր կատարում:

– Վարդևան, քա, ախար թե՜զ արա, առաջ մեկ այս տաշտերս կարգի դիր, որ տանեմ ջուրը դնեմ, ես գործ ունիմ, պիտի մածուն շինեմ, որ կոտրած բղուղը ծեփեմ: Դեռ հլա խոստացել եմ Մելքոնիս, որ չուխան կարկատեմ, գիշերը մալը տանում է արածելու, ցրտին զնգզնգում է: Բախտներիցս անձրևներն էլ չեն կանգնում, թե ցերեկը մի երկու ժամ արևի երեսն ենք տեսնում, թոնը գիշերը մինչև լույս շաղ է գալիս: Մեկ թո՜ղ արորդ, այդ շտապոք չէ, երկու գամ զարկ տաշտերիս:

– Զահլա տարար, գիտես թե քու տաշտերն ե՞ն տունը պահելու:

– Տաշտերս էլ իրենց տեղն ունին, կաթդ, մածունդ, յուղդ, պանիրդ կարգի պիտի դրվի. խո առանց կերակրի չե՞նք կարող ապրիլ: Մենք էլ մեր ուժի չափ…

– Լա՜վ, գլուխս մի դանկ անիլ, կշինեմ… Չորս կովդ ու տասներկու ոչխարդ ձմեռս իմ եզների կերածից չորս անգամ ավելի կերան, դրանց տված օգուտն ի՞նչ է… Թե ես յոնջաս ու հորթս ծախեի և դրա գնով պանիր ու յուղ գնեի, բոլ-բոլ մեզ օգտելուց ջոկ, մի բան էլ փողից ետ կգցեի…

– Լա՜վ, լա՜վ, շատ վրա մի կախիլ, յոնջիդ ու հորթիդ գինը տվել եմ, չորս լիտր եղ ծախեցիր, տասներկու լիտր էլ պանիր, էլ ի՞նչ պիտի լինի:

– Ծախեցի՛ ր… Ծախեցի չէ՞, փողերն էլ գրպանս, քսակս դրի ու պահեցի…

– Ինձ ի՞նչ, թե ինչ արիր, ես որ քեզ տվի, ես որ քեզ հանձնեցի, տնտեսեցի իմ աշխատությունով, դեռ տնեցոց բոլորիդ գուլպացուն, չուխացուն այդ ոչխարի բուրգից ելավ, երկու ջեջիմ գործեցի և դեռ աղջկանդ բաժինքի անկողնի բուրգը մատակարարեցի, էլ ի՞նչ պիտի լինի:

– Եղը Մեղրենց ուղարկեցի մեր պարտքի տոկոսի շահի տեղ, իսկ պանիրը, այն էլ անքաշ պանիրը, զապթիեի բինբաշին կերավ մյուդեիի (պրոկուրոր) հետ: Կարծես թե մենք ստեղծվել ենք միմիայն այդ քաղքցոց ստրկի պես ծառայելու համար: Արզերում չեղավ այս քաղաքը, արզուլում (այրարևիչ) մեզ համար: Էս քաղքցիների ճանկում մինչև ե՞րբ պիտի մենք տապկվինք…

– Բարո՜վ, Վարդևան, – ասաց ու ձիուց վար իջավ մի ճանապարհորդ, որբ, ինչպես երևում էր, քաղաքից էր գալիս:

Վարդևանը նրան նկատելուն պես, սիրտը տակնուվրա եղավ, մորմոքաց, բայց կրքերը զսպելով, կանչեց յուր որդուն, որը գոմի փլած պատն էր կարկատում.

– Մելքո՜ն, Մելքո՜ն, շտապիր, Կարապետ աղայի ձին. ներս քաշե…

Մինչ այդ Գարանը հյուրի ձիու սանձն առած կանգնել էր դռանը և սպասում ամուսնի կարգադրությանը: Երբ լսեց Մելքոնին եղած հրամանը, առանց սպասելու ձին ներս քաշեց Մելքոնն էլ նրա ետևից եկավ, և Վարդևանը ուրագը վար դնելով, ձեռքերով նշան տալով՝ ասաց.

– Աղա ջան, հրամմեցե՜ք, ներս հրամմեց՜եք, – և բոլորը ներս քաշվեցան հյուրասենյակ: Սենյակը բավական ընդարձակ էր, թեև առաստաղը շատ բարձր չէր և լույսը նվազ, բայց մաքրությամբ կարող էր օրինակելի լինել քաղաքացի արհեստավորների տներին: Փռվածքը, բարձերը և սարքը թեև չթից էին, բայց իրենց նուրբ գույները պահած և մաքրությամբ ծփծփում էին: Երևում էր, որ տանտերը թեև աղքատ, բայց սաստիկ մաքրասեր և հյուրասեր էր: Տանտիկինը բավական չհամարելով յուր տնական սովորական կահավորությունը պատվավոր հյուրին, անմիջապես ծալքի լայն փեղկը բացեց և մի մաքուր երեսով թանձր մինդար իջեցրեց հյուրի տակը փռելու:

Կարապետ աղան իսկույն ավելորդ շորերը հանեց և լվացվելու ջուր ուզեց: Մարգարիտը՝ Վարդևան աղբոր աղջիկը, լվացարանը, ջրկիչը և մաքուր սպիտակ սրբիչը ուսերին, մոտեցավ Կարապետ աղային լվացվելու ջուր տալու: Հասած էր Մարգարիտը կարմրած խնձորի նման, սպիտակ ձեռքերն ու մորթը չէր կարելի զանազանել հագած սպիտակագույն չիթ դերիայից: Բազմահյուս մազերը, որ շարքով սփռված էին թիկունքի վրա, փայլում էին սև սաթի նման: Խոշոր աչքերը ցոլում էին և բոցեր արձակում շուրջը, իսկ այտերը մայիսի վարդից էլ վարդագույն և է՜լ հրապուրիչ: Կարապետ աղան գայլի նման աչքերը չռած անմեղ օրիորդի դեմքին, լվացվում և բորբոքվում էր, երբեմն-երբեմն էլ հառաչում:

Գարանը տուն էր գնացել, որ հավ մորթե ու տապակե, իսկ Մեքոնը ձիուն իրենց յոնջայի մնացորդ կապոցը տալուց հետո եկել էր հյուրասենյակ և դռան մոտ կանգնած սպասում էր հոր նոր հրամանին: Վարդևանը հեռուն նստած դիտում էր, թե ինչպես տատանվելով և կրկնակի օճառվելով էր լվացվում վաշխառու աղան՝ հայացքով կուլ տալ ցանկանալով նրա հրեշտակատիպ աղջկան:

Երբ լվացվեցավ աղան, Մարգարիտը, արյուն-քրտինք մտած նրա դաժան հայացքի և կիզիչ շնչվածքի ազդեցության տակ, տվեց երեսսրբիչը, հեռացավ բակում երեսի քրտինքը և սրտի բաբախումները դադարեցնելու տենչով, որտեղից դարձյալ պարտավորվեցավ ներս մտնել աղայի ինչ-ինչ ծառայությունները կատարելու համար: Բայց և այնպես այս բոլորը պարտավորված էր տանել ու տոկալ Վարդևան աղբարը, քանի որ աղային պարտք ուներ և պարտքի, մուրհակի վճարման ժամանակն էլ անցել էր:

Դեռ այդ հերիք չէ, Գարանը իր վերջին վառեկն էլ մորթեց, պուտկի որքում մնացած յուղով տապակեց և շտապեց հյուրասիրել աղային: Կարապետ աղան այդ նախաճաշը վերջացնելուց հետո վրան մի պնակ մածուն, մի անքաշ պանիր և մի քանի խաշած ձու ևս վայելելով, սեղանից ետ քաշվեցավ, կրկին լվացվելու ջուր պահանջելով: Ի՞նչ պիտի աներ Մարգարիտը, հոգին դուրս գար, պարտավոր էր ծառայել աստծու հյուրին, մանավանդ որ այդ հյուրը իրենց աղան էր, նրան մեծաքանակ պարտք ունեին և դեռ ավելին` վախենում էին–որ նա գանգատ տա և կրակ գցե Վարդևանի տունը: Պարտքը, մուրհակով պարտքը սոսկալի բան էր, իսկ տոկոսիքը, ո՛ւհ, մկից, խոզից ավելի կատաղությամբ էին աճում… Երբ փորը կշտացուց և թիկն տվեց Կարապետ աղան, գլուխը բարձին կռթնելով, սիգարեթը ծխելով, ասաց.

– Գիտե՞ս ինչի եմ եկել, Վարդևան աղբար, դու մեզի չես փնտրում, չես երևում, ե՜ս եկա…

– Ի՞նչ, ձմեռը, բուքն ու բորանը ե՞րբ հեռացան, որ մենք կարողանայինք քաղաք գալ, գործ անել…

– Ես չգիտեմ, մենակ դու խոստացար, որ գոմեշներդ կբերես, զատկից հետո կծախես ու մեր հաշիվները…

– Այո՜, ես էլ էի մտածում, ես էլ վճռել էի, բայց գոմեշները աստված առավ ձեռքիցս…

– Ինչպե՞ս թե:

– Երկուսն էլ սատկեցան… Ձմեռս մեր մալի կերը շատ նվազ էր, ցուրտն էլ դեռ այսօր շարունակվում է: Աստված ե՞րբ է խեղճի երեսին աշել, որ մեզ աշե: Ես որոշել էի, մտադրել էի պարտքից ազատվելու, բայց աստված որ չկամենա, ես, ի՞նչ կարող եմ անել…

– Այդ չեղավ, մեր հաշիվը ետ գցել չի լինիլ… Դու խո ճանաչում ես մեծ եղբորս՝ Գևորգ աղային, նա չի համբերիլ, մեկ էլ տեսար մեմուրն եկավ տունդ, դուռդ գրելու: Գործիդ աշե, գնա քաղաք իրեն տես, կարգի բեր հաշիվդ, թե ոչ դու գիտես, հետո կզղջաս:




2


Վարդևանը հնար չուներ Գևորգ աղայի հրավերը լսելու և Արզրում գնալու: Ցանքի գործի ժամանակ էր, այդ օրերի աշխատության արդյունքով պիտի կերակրեր յուր ընտանիքը, պիտի պարտքերը, հարկերը տար և կարգի բերեր տնտեսությունը: Դժվար էր, անտանելի մշակի դրությունը, փողի կանխիկ դրամի, պակասությունը սպանում թողնում էր: Դեռ լավ էր, որ Վարդևանի մեծ որդին՝ Գեդեոնը, Ղարսում հյուսնություն էր անում և տարեկան յոթ-ութը ոսկի էր ճամփում ծնողներին, որով վճարում էին պետական հարկերը, ապա թե ոչ սովամահ կկոտորվեր Վարդևանի ընտանիքը, և հարկահանը վաղուց կծախեր նրա անասունները, արտերն ու տունը, իրեն էլ երկար ժամանակ բանտերի խորշերում փտեցնելով:

Սոսկալի էր Վարդևանի վիճակը: Ճշմարիտ է, որ նա բանտում չէր, սոված ու մերկ էլ չէր, ընտանիքն էլ ուրիշների դռները մուրալու աստիճանին չէր հասել, բայց առանց հառաչելու, առանց մորմոքալու ո՜չ հաց էր կարողանում ուտել և ո՜չ քնել անվրդով ու հանգստացնել տանջված մարմինը: Ամբողջ տարին ցանում, գութնում, քաղում էր, կալսում, վազում, ձգվում, բայց և այնպես էլի կիսակուշտ, էլի կիսամերկ, էլի կարիքի մեջ խեղդված, էլի պարտատերերի ճանկում: Գեդեոնը նշանված էր: Երեք տարի էր սպասում էին խնամիները, որ կգնա Վարդևանը հարսին տանելու, բայց տարեցտարի հարսանիքը ետ էր ընկնում, մինչև իսկ Գեդեոնը չէր կարողանում Ղարսից վերադառնալ: Աշխատանքը այնչափ քիչ էր, որ հարկերը ծածկելու հազիվ էր բավում, էլ ինչպե՞ս գար Ղարսից Արզրում, ծախսեր աներ, հարսին նվեր տար և կամ հարսնիք առներ:

Գալարվում էին հոր ու մոր սրտերը, երբ մտածում էին, որ չեն կարողանում հարսը տուն բերել: Ծնողական սիրուց ավելի տանջում էր ամոթը, այն միտքը, թե դուռ-դրացի ծիծաղում է նրանց վրա, որ չեն կարողանում հարսը իրենց շեմքից ներս գցել: Ամեն տարի հույս էին դնում իրենց բերքի, կալի վրա, բայց կալի մեջ այնպես էր ցրվում, այնպիսի ավարի էր մատնվում նրանց հույսը, որ մնում էին շվարած ու ապշած:

Ցանքսերը շարունակվում էին: Վարդևանը Մելքոնի հետ իրենց երկու լուծ արջառներով չէին կարողանում արտից ու հանդից դուրս գալ: Անձրևն էլ կարծես թշնամի էր ընկել չարատանջ երկրագործին, բարակ մաղում էր, թրջում գետինը և ուժասպառում լղարած արջառներին ու տերերին: Դանդաղ էր ընթանում նրանց գործը, մինչև ապրիլի քսանը, տասնևհինգ օրվա մեջ հինգ օրավար տեղ (հավասար մոտավորապես հինգ դեսյատինի) հազիվ էին ցանել և տափնել: Ունեին մի-երկու օրավար տեղ ևս, բայց հուսահատվել էին, չէին իմանում ցանե՞լ, թե թողնել… Բայց ե՞րբ կարող էր երկրագործը ձեռք քաշել հողից, մի օրավարը հաջող տարում տասնևհինգ սոմար (30 չետվերիկ) ցորեն կարող էր տալ, իսկ այդ բերքի գնով ոչ միայն պարտքերը, հարկերը, այլ մինչև անգամ նոր լծկանների կարող էին վճարել… Բայց ռանչպարի հույսը լոկ երազ էր մնում հաճախ և համարյա երկար տարիներում նա յուր ցանածի կրկնապատիկը, եռապատիկն էր հավաքել, որով հազիվ յուր անասունների կերն էր դուրս եկել և իր ընտանիքի սովամահ չլինելու չափ պարենը, իսկ հաջորդ տարվա ցանքսի սերմացուն միշտ կիսատ էր մնացել:

Այդ բոլորը աստծու պատիժն էին համարում, քանի որ ժամանակին անձրևից, կարկտից, չորությունից նեղվում էին ցանքսերը և կամ մորեխը, մանավանդ մուկը կտրատում ու փչացնում Էին ռանչպարի դառն աշխատության պտուղը: Բայց փորձված ծերուկները միշտ կրկնում էին. աղբա՜ր, առաջ էլ կային մորեխ, մուկ, առաջ էլ պատահում էին ամեն տեսակ փորձանքներ, բայց մենք մեկին տասը, գոնե ութը անպատճառ ժողովում էինք, դեռ չեմ ասում հաջող, բերրի տարիների մեկին տասներկուսն ու տասնհինգը, որին շատ ու շատ անգամ դիմավորել ենք: Այս աստծու պատիժ չէ՞, աստված յուր ստեղծածին տառապանքի մեջ ինչի՞ պիտի թողնե, այս մեր խելքի պատիժն է, մեր անփորձության հետևանքն է: Տասը–քսան տարի շարունակ ցանում ենք ու ցանում, առանց մտածելու, որ երկիրը պառավել է, թուլացել է, պետք է նրան պարարտացնել, որ մենք էլ բերք ունենանք: Տեսե՜ք, լավ տեսեք գութնվար արտերը, խոպանից ետև ցանված հողերը կամ աղբով պարարտացրած հանդերը, բոլորն էլ կարգին բերք են տալիս: Եթե մենք երկար խոպան թողնենք կամ աղբենք, ինչի պիտի առաջվա նման բերք չստանանք: Պապերի ժամանակ հողը պարարտ էր, ուժեղ և միշտ չորրորդ տարին արտը խոպան էին թողնում, իսկ մենք, հողերս այնքան քչացել են, ոք ոչ միայն խոպան չենք թողնում, այլ մինչև անգամ չենք աշխատում աղբով պարարտացնել և մեջընդմեջ կտավատ, ոսպ և ուրիշ հատիկներ ցանել, որ հողը գիրանա: Ամեն տարի ցորեն, գարի որ ցանենք, բերքն էլ նրա համեմատ կքաղենք: Վարդևանը ցանում էր և մտածում, մտամոլորվում: Հույսը անչափ մեծ էր սրտում և վստահաբար վարում էր գործը, վարում և երբեմն էլ վարանում, թուլանում, դառն մտքերի մեջ խորասուզվում: Հապա թե հույսը չիրականանա՞ր, կարկուտը կամ մուկը նորից փշրեին նրա հույսերը… Այո՜, – ասում էր նա յուր մտքում, – հողս շատ է հալից ընկել, պարարտության կարոտ է, բայց ինչո՞վ պարարտացնել… Աղբը իրեն կարևոր է, աղբով էլ շատ դժվար էր ութ-տասն օրավար հողը պարարտացնել, մանավանդ որ աղբն էլ տնտեսության մեջ յուր որոշ դերն էր կատարում, յուր տան վառելիք աթարն էր թխում, որից մի մասն էլ ծախում էր քաղաքացուն, ինչ-ինչ պետքերը հոգում… Արտը պարարտացնելով կարող էր ավելի վաստակել և տան վառելիքը գնել, բայց և այնպես հակառակ պարագան էլ կար, կարող էր մուկը ամենալավ արտն էլ ոչնչացնել, հետևաբար նա ձմեռը առանց վառելիքի կմնար… Իր անասունների աղբով նա չէր կարող ամբողջ յուր հողերը պարարտացնել, բայց եթե մեկը-երկուսը պարարտացներ, էլի մեծ օգնություն էր, միայն թե տատանվում էր, կասկածում էր: Պապերը այդ բանը չէին արել, դրացիները չէին անում, ինքը աշխարհի առաջ ինչպե՞ս մինակ օրինակ դառնար և անհաջող դեպքում բացի զրկանքից և ծաղրի մատնվեր:

Եղանակը ամպամած էր, և արջառները հալից ընկել, թուլացել, արորը չէին կարողանում քաշել: Դիտում էր մտամոլոր Վարդևանը, թե ինչպես տաժանելի տանջանքներով էին շարժվում, փոփոխում քայլերը ուժասպառ անասունները, և ինքն էլ նրանց հետ հալվում էր ու տանջվում, առանց կարողանալու վշտի առաջացրած թմրությունից սթափվել: Մելքոնը երբեմն-երբեմն հառաչելով, կրկնում էր. հո՛, օհո՛, հո՛, – և ճիպոտը օդի մեջ շարժելով վախեցնում էր արջառներին և առաջ մղում: Սա տեսնելով, որ հայրը սաստիկ մտատանջվում է և մոռացել է անասուններին, ասաց.

– Ապար, արջառները չարձակե՞նք, անասունները կարողությունից ընկան:

– Արձակե՜նք, արձակե՜նք, – ասաց Վարդևանը և շուռ տվեց արորը:

Արջառները քշեցին արտամեջը արածելու, իրենք էլ հայր ու որդի, իրար դեմ նստան, որ հաց ուտեն: Բայց հացերը պարպել էր, Գարանն էլ հաց չէր ուղարկել, ուշացել էր:

– Մելքո՜ն, տոպրակի մեջ ո՜չ հաց կա, ո՜չ էլ մածուն: Գարանն էլ չեկավ:

– Է՛հ, ով պիտի հիմի տուն երթա ու հաց բերե, ես սաստիկ դադրել եմ: Քիչ նստենք, հիմի ուր որ է կերևնա: Գարանս կամ Մարգարիտը հացերս կբերեն:

Հենց այդ միջոցին հեռուն՝ խրամատի մոտ, երևցան Մարգարիտը և Վարդևանի դրացու` Մանուկի աղջիկը, որոնք իրար հետ կապոցներով հաց էին բերում: Երկուսի միասին երևալը նոր մտքեր ծագեցրեց Վարդևանի սրտում, մանավանդ որ հանդարտ քայլերով և իրար հետ շարժումներով խոսակցում էին երկու թշվառ արարածները: Անպայման նրանց խոսակցության նյութը իրենց սրտերին շատ հաճելի առարկայի մասին էր և հոգով այնքան վրդովված էին երկուսն էլ, որ մինչև անգամ ակնարկները չէին ուզում հեռուն, շրջապատները ձգել ու դիտել: Վարդևանի աչքը պլշած մնաց նրանց վրա, մինչև եկան, արտը մտան:

– Աղջիկ, ինչի՞ այսքան ուշացար, մեզ քաղցած թողիր, – ասաց Վարդևանը ուրախ դեմքով, դուստրից մի աներկյուղ պատասխան ստանալու մտքով:

– Գարանս ուշացուց: Մեկ էլ որ Մարջանը ասաց «Սպասի՜ր, միասին գնանք»: Ես էլ վախենում էի մենակ գալու, քիչ կեցա, ու մեկտեղ եկանք:

– Վախենալու ի՞նչ կա, ճվաս՝ ձայնդ գյուղ կհասնի, հանդվորները կիմանան, էլ ինչի՞ ես վախենում…

– Մարթան էլ շատ ճվաց, բայց մինչև գեղացվոց հավսարի հասնելը, Մահմեդը խեղճ աղջկան լեղաճաք արավ:

Վարդևանը չկարողացավ պատասխանել, նա իսկույն կապոցն առավ աղջկա ձեռքից ու բաց անելով՝ նշխարքի նման, բարակ ու սպիտակ հացից բերանը գցեց: Մելքոնը մոտեցավ և մի պատառ հացով մածնի պուտկի երեսից սերը քաշեց և կուլ տվեց: Մարջանը հանդի մեջ կանգնած սպասում էր, որ Մարգարիտը նրան ընկերակցի մինչև իրենց արտը: Մարգարիտը նրա սպասողական հայացքը զննելուց հետո սիրտ արավ և ասաց դողդղալով.

– Ապա՜ր, Մարջանի հետ գնամ նրանց արտը, մենակ վախենում է…

– Գնա՜, աղջի՜կս, գնա՜, շուտ էլ դարձե՜ք, մի մնաք: Մի վախենաք, գնացե՜ք, աչքս ձեր ետևից է:

Երկու ընկերակիցներն արագ քայլերով հեռացան: Վարդևանը նրանց ետևից դիտելով մնաց նստած տեղը արձանի նման և սրտի խորքից մի դառն հառաչանք արձակեց: Ամպերը հետզհետե կուտակվեցան, մռայլեցին Վարդևանի թախծալի դեմքը, անձրևի բարակ կաթիլների հետ խոնավությունը թափանցեց ռանչպարի մարմնի, ոսկորների ծուծը, և նրա վշտացած սիրտը կսկծացրեց ու մղկտացրեց: Նա երբ յուր լղար արջառներով կրկին փորձեց ցանքը առաջ տանիլ ու վերջացնել գործը, արորի կապերը քայքայվեցան ու ցրվեցան, և Վարդևանը շվարած մնաց անձրևի տակ, առանց մի կտոր թաղիքի կամ կարպետի ծածկոցի:




3


Գիշեր էր անցել: Վարդևանը արորը հազիվ մի քիչ կարգի էր բերել և Մելքոնին հանդի մեջ լծկանների քով թողած, եկել էր տուն հանգստանալու: Փոշենման թոնը սփռվում էր, և դաշտերը ամեն կողմ թրջվել, խխմել, այնպես էին կակղել, որ ման գալն անհնար էր դարձել, մարդիկ քայլելիս մինչև ծնկները խրվում էին ցեխի մեջ: Այնպես թանձր ամպերով էր պատել երկինքը, որ ո՜չ միայն ոչ մի աստղ չէր նկատվում, այլև խավարը կատարելապես տիրապետել էր, դաշտում ոչինչ չէր տեսնվում: Շխնոցը անհայտացել էր մառախուղի մեջ և բացի շների երբեմնակի տխուր ոռնոցից, ոչ մի շշուկ չէր լսվում: Աղջամուղջը կարող էր կատարելապես հուսահատեցնել, եթե մարդիկ զարթուն և սթափման վիճակի մեջ նրանում գտնեին, բայց քնի ժամանակ տպավորություն չէր կարող գործել այդ մառախուղը մարդկանց սրտերում:

Շների ոռնոցը աստիճանաբար սաստկանում էր, և գյուղի սահմանից լսվում էին սոսկալի հաչոցները: Մարդիկ՝ գյուղացիք, այնպես էին հոգնել ու դադրել, այնպես էին լքանել ու թմրել, քնել ու խորթացել, որ ոչ ոք ուշք չէր դարձնում այդ հաչոցներին: Բայց հավատարիմ կենդանիները իրար հետ բոլոր ուժերով հաչում էին անընդհատ: Հեռվից լսվում էր ևս ձիերի ոտնաձայներ, որոնք աստիճանաբար մոտենում էին գյուղին, և կարծես ձիերն էլ հոգնած, ուժասպառ գյուղի շների ոռնոցի ձայնից քաջալերված, աշխատում էին ժամ առաջ հասնել իջևան և հանգստանալ: Ձիավորները շատվոր չէին, չորս հոգի էին և բոլորն էլ զինված: Նրանց բարձրացրած աղմուկը բորբոքում էր Շխնոցի շներին:

Վերջապես մտան գյուղ և այս ու այն կողմ ոլորվելուց հետո եկան իջան Վարդևանի դռանը: Մի քանի անգամ դուռը զարկին և ձիավորներից ավելի համարձակը իջավ ձիուց, բարձրացավ կտուրը և ձեռքի մտրակով շների հետ կռվշտելով երդիկից ձայն տվեց.

– Վարդևա՜ն, Վարդևա՜ն, դուռը բաց:

Մի քիչ հետո Վարդևանը ճրագը ձեռքը դուրս եկավ և բակից ինչ-ինչ հարցեր տալուց, պատասխաններն ստանալուց հետո դուռը բացեց և ներս քաշեց անկոչ հյուրերի ձիերը: Չորս ձիավորներից երկուսը դատաստանական ատյանի ծառայող էին, մինը ոստիկան և չորրորդը Վարդևանի պահանջատերը` Գևորգ աղան էր: Հենց այդ միջոցին ամպերը սաստիկ գոռգոռում էին, և օդը փայլատակում էր, բայց Գևորգ աղայի անակնկալ գալուստը միայն շանթահարեց Վարդևանին:

Հյուրերին ներս առաջնորդեց Վարդևանը, ձիերը ախոռը կապելով, բայց դրանց կերակրելու ոչինչ չուներ տանը: Ո՜չ կաթ ուներ, ո՜չ մածուն, եղն ու պանիրը վաղուց էր սպառել, իսկ հացը առավոտ միայն թխելու էր Գարանը: Խոտ, գարի, դարման, յոնջա՝ նշույլն անգամ չէր մնացել:

– Ձիերին յոնջա տո՜ւր, – ասաց ոստիկանը հրամայական եղանակով:

– Յոնջա՞, – ասաց ապուշ–ապուշ Վարդևանը, – այս տարվան բքերն ու ցրտերը տունը երդ շատ թողի՞ն, որ ես մարագի անկյուններից ձեր ձիերի համար յոնջա գտնեմ:

– Խոտ բե՜ր, – ասաց վրդովված ոստիկանը:

– «Ես ասում եմ, թև ներքինի եմ, նա կրկին հարցնում է, քանի՞ որդի ունիս»:

– Ահա, էֆենդի, թե ի՞նչ անխիղճ են այս գյուղացիք… Ես որ ձեզ պատմում եմ, դուք չեք հավատում, – ասաց բորբոքված Գևորգ աղան: Կեսգիշերին, այս անձրևին, փայլատակումներին ու ցեխին ես ո՞ւմ դուռը գնամ և պարեն գտնեմ մեր ձիերին: Դադրած անասունները հիմի տանջանքից կկոտորվեն:

– Ինչի՞ չեք հավատում, աղա՛, ինչի՞ եք ամբաստանում, ահա ճրագը, ահա մարագներս… Հրամմեցե՜ք, ես ձեզ կառաջնորդեմ ամեն տեղ, դուք խո տանս լավ ծանո՞թ եք: Եթե մի բան գտնեք, ես արժանի եմ ձեր նախատինքին ու մեղավոր, ապա թե ոչ, դուք ինչ եք պատասխան տալու ձեր խղճին…

– Ծո՜, հիմի հավատա՞մ, որ մի բուռը խոտ կամ դարման էլ չունիս:

– Արևս վկա՜, գլուխդ վկա՜, աղա՜, ինչի՞ ես անհավատացել:

– Ախար անլեզու անասուններին խո չե՞նք կարող սպանել:

– Ի՞նչ անեմ, ո՞ր ջուրն ընկնիմ:

– Դրկիցից փոխ ա՜ռ, պարտք վերցրու, գնա փողով գնե, ես կվճարեմ:

– Այո՜ , եթե լինի, եթե ունենան, – ասաց Վարդևանը հառաչելով:

– Ծո՜, փողն որ ցույց տաս, հոգիներն անգամ կծախեն, – ասաց Գևորգ աղան:

– Չկա, չունին… Հավատա՜ խոսքիս:

– Գնա՜, – ասաց պաշտոնապես էֆենդին Վարդևանին, – այս ոստիկանին էլ տար և ձեր քեհյային ասա, որ մեզ համար խոտ, գարի գտնի և ինքն էլ գա, նա մեզ անմիջապես հարկավոր է:

Վարդևանը ոստիկանի հետ գնաց և բավական ուշացան, մինչև մի խուրձ հոտած ու ապականած խոտ գտան ու բերին: Մինչ երկուսով էին մնացել սենյակում՝ վաշխառուն ու պաշտոնականը, առաջինն ասաց.

– Էֆենդի՜, սաստիկ համառ է այս անիծածը, դուք պիտի աշխատիք սրան վախեցնել, հետո քիչ-քիչ համոզել, որ գրավ դնե ինձ մոտ հողերը, մինչ փողիս վճարելը: Հակառակ պարագայում դուք սպառնացեք, որ աճուրդով ծախել կտաք ինչպես շարժական, նույնպես անշարժ կալվածները:

– Դու անհոգ կաց, Գևորգ աղա՜, ես նրան մեղրամոմից կփափկացնեմ:

– Դուք չգիտեք, էֆենդի, սրանք ի՞նչ սերունդից են, որ կտրտես, դարձյալ իրենց խոսքը չեն փոխիլ: Պետք է խիստ վարվել և դաժան դեմք ստանալ: Հակառակ պարագայում զուր կանցնի մեր այցելությունը…

– Զուր կանցնի՞: Դու շնորհքս չտեսա՞ր այսօր այնտեղ, այստեղ էլ միևնույն բանը կպատահի…

– Այնտեղ ուրիշ էր դրությունը, այնտեղ ձեռքումդ հրամանագիր ունեիր դատարանից, այնտեղ կարգադրված էր անել, այն բոլորը, իսկ այստեղ պետք է հանգամանքից օգուտ քաղել և նենգությամբ, երկյուղի ազդեցությամբ գործ տեսնել: Դուք վստահ եղեք, ես կարող եմ երեք-չորս օրից կարևոր թղթերը դուրս բերել հուգուգից (դատարան) և սրա համար, բայց ասում եմ, որ առանց այդ ծախսին այս գործն էլ կարգի բերենք:

– Քու խոստացածդ երկու լիրան պատրաստիր, ես քո գործդ, ինչպես խոսք տվի, գլուխ կբերեմ: Գրավականով մուրհակ չե՞ս ուզում, կալվածների ապահովագրության թերթը չէ՞ քու կամեցածը, ես կարգի կբերեմ, էլ ի՞նչ ես ուզում:

Վերջապես քեհյան եկավ Վարդևանի հետ: Գյուղում դեսից-դենից քիչ գարի էին գտել, հավի կուտից, բունկալների խոտից հավաքել, բերել էին ձիերին: Էֆենդին երկար-բարակ գյուղապետ քեհյային նախատելուց, անարգելուց և հայհոյելուք հետո ասաց.

– Քեզ կանչել եմ, քեհյա՜, որ վկա լինիս այստեղ: Գիշերս ես, Արզրումի հուգուգ մեջլիսի կարգադրության համաձայն, ցուցակագրելու և գրավելու եմ Վարդևանի կայքը Գևորգ աղային ունեցած պարտքի հաշվին: Թե՜ շարժական և թե՜ անշարժ, ինչ որ ունի, բոլորը պիտի ցուցակագրեմ: Քեզ կանչելուս պատճառն այն է, որ ինչ որ ունի, չունի, բոլորը մեկ-մեկ մեզ հայտնես, առանց ծածկելու, որպեսզի ապագայումն էլ պատասխանատու մնաս ծածկված ապրանքների համար:

– Իշխանության հրամանին հնազանդելու պարտավոր ենք, բայց խնդրում եմ թողե՜ք այդ գործը մինչև լույս: Մինչև այն ժամանակ գուցե աղան հաշտվի մի կերպ Վարդևան աղբոր հետ: Եթե չհաշտվեն, գոնե ես միջոց կունենամ առավոտ դրացիներից նրա ունեցած չունեցածի մասին տեղեկություններ հավաքել և ձեզ լիովին, ճշգրիտ զեկուցում տալ:

– Այդ ես չգիտեմ, – ասաց Էֆենդին, – եթե Գևորգ աղան համաձայնի, ես արգելք չունիմ: Ես էլ կխնդրեմ, որ եթե հնարավոր է` հաշտվի…

– Վարդևան աղբար, ախր գործդ ինչի՞ ժամանակին կարգի չես դնում, – ասաց քեհյան, – որ դուռդ կեսգիշերին պաշտոնյա գա: Ամոթ է, մենք հայ քրիստոնյա ենք, ես կխնդրեմ Գևորգ աղայից, որ ներողամիտ լինի քու պակասությանը: Մենք առանձնանանք ու կարգի բերենք հաշիվդ, առանց դրացիներդ բանը լսելու: Առավոտ վաղ վեր կենան ու գնան, պատիվդ էլ դուռ-դրկիցի մոտ հողի հետ չհավասարվի:

– Չգիտեմ ի՞նչ պատասխանեմ… Մի՞թե այս քրիստոնեություն է, մի՞թե այս մարդկություն է… Մի՞թե աստված չկա, խիղճ չկա, – ասաց հեկեկալով Վարդևանը և ձայնը կոկորդի խորքերում խեղդվեց:

– Անխի՜ղճը, անաստվածը, դո՜ւ, դո՜ւ, ես, ապերախտ, – ասաց կատաղած Գևորգ աղան: – Փող ուզելու գալիս հրեշտակ եք դառնում, ողորմելի, անմեղ արարածներ, իսկ մենք երբ փողերս ետ պահանջելու լինենք, օձի նման՝ ազուն ու թույնը բերաններդ, մոտենում եք մեզ խայթելու: Մեղավո՞ր եմ, որ փողս ետ եմ պահանջում, հանցավո՜ր եմ, երբ իրավունքս եմ պաշտպանում…

– Փողդ պահանջելու իրավունք ունիս, քեզ բան ասող չկա, բայց պաշտոնյայով դուռս գալդ օջախս քանդեց, կրակամարեց…

– Ես տասնևհինգ օր առաջ աղբորս ուղարկեցի, քեզ կանչեցի քաղաք, բայց դու անտարբեր, մի պատասխան անգամ չճամփեցիր:

– Ես խոստացա գալ, բայց ցանքից չպրծա:

– Ո՜չ, ո՜չ, դու փախս ես տալիս, դու երեք տարի է ինձ մատի վրա խաղացնում ես, խաբխբում ես…

– Ի՞նչ երեք տարի, ի՞նչ խաբխբել, աշունքը քեզ մոտ չեի՞, որ երկու լիրա տվի, կալին ինձ մոտ չէի՞ր, որ երկու սոմար գարի տարիր, անցյալ գարնան մատակներս չծախեցի և քեզ չհանձնեցի՞ երեք լիրա: Ախր, խի՜ղճ ունեցիր: Հինգ լիրա հինգ տարի առաջ փող ես տվել, քանի տարի է վճարում եմ, տալիս եմ, չեմ պրծնում, հիմա էլ…

– Անօրենի լեզվին աշե՜, խոսածն իմացիր և զրպարտությունները լսե… Թե մուրհակդ մոտս չլիներ, պիտի ուրանաիր և կուլ տայիր փողերս: Երեք տարի առաջ տասներկու լիրա եմ տվել կանխիկ փողով, ահա՛, կարդա մուրհակդ…




4


– Այո՜, այո՜, ես չեմ ուրանում, ճիշտ է, այդ մուրհակը ես եմ տվել, միայն հինգ ոսկի փոխարինությանս վրա երկու տարեկան տոկոսիքը, ծախսերը և տուգանքը վրա եկաք, ինձ պարտավորեցրիք, ստիպեցիք ստորագրելու այդ մուրհակը: Նեղն էի, հանգամանքից օգտվեցիք և հարյուրին քառասունութ տոկոս վեր առիք, տոկոսի էլ տոկոսը վրա եկաք, գլորեցիք ինձ հորը և այժմ ի՞նչ է մտքերինդ, աղա՜, եկել եք ձեր ոչխարին մորթելու, ահա՜, մորթեցեք… Բայց առաջ մանր ու խոշորիս խեղդեցե՜ք, սպանեցե՜ք, հետո էլ ինձ ուզում եք բութ դանակով…





Конец ознакомительного фрагмента. Получить полную версию книги.


Текст предоставлен ООО «ЛитРес».

Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию (https://www.litres.ru/atrpet/shkhnots/) на ЛитРес.

Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.



«Շխնոց» վիպակում ազատ հողագործի ողբերգության ակունքը վաշխառու-ավատատիրոջ տնտեսական ձգտումն էր` ճորտացնել գյուղացուն: «Մարաբայությունը», որից այնպես սարսափում է Վարդեւանը, ուրիշ բան չէր, բայց եթե ստրկության մի եղանակ, որով գյուղացին կապվում էր ավատատիրոջ հողակտորին` այս անգամ պարտավորվելով ոչ միայնպետության պահանջած բոլոր հարկերը վճարել, այլեւ վաստակածի կեսը կամ երկու երրորդը ուղարկել ֆեոդալին եւ մնացածով (իսկ մնո՞ւմ էր արդյոք) քարշ տալ գոյությունըմինչեւ գալ տարի, մինչեւ նոր բերքահավաք: Հողի վարձակալման այս եղանակը սուլթանական Թուրքիայում դարերի խորքից էր գալիս: Դարավերջին քաղաքներում տնտեսականհզորության հասած վաշխառուները ձգտում էին օգտագործել իրենց կանխիկ դրամը` հողային ռենտայից եւս օգտվելու համար: Նրանք ունեզրկում էին մասնավորապես հայգյուղացիներին, քանի որ սրանք կարողացել էին սեփական հողակտորին ավելի երկարատեւ համառությամբ կառչած մնալ: Վաշխառու ֆեոդալների դասը շուտով սկսեց նեղել ոչմիայն ազատ հողագործներին, այլեւ թուրք եւ քուրդ մանր ավատատերերին:

Как скачать книгу - "Շխնոց" в fb2, ePub, txt и других форматах?

  1. Нажмите на кнопку "полная версия" справа от обложки книги на версии сайта для ПК или под обложкой на мобюильной версии сайта
    Полная версия книги
  2. Купите книгу на литресе по кнопке со скриншота
    Пример кнопки для покупки книги
    Если книга "Շխնոց" доступна в бесплатно то будет вот такая кнопка
    Пример кнопки, если книга бесплатная
  3. Выполните вход в личный кабинет на сайте ЛитРес с вашим логином и паролем.
  4. В правом верхнем углу сайта нажмите «Мои книги» и перейдите в подраздел «Мои».
  5. Нажмите на обложку книги -"Շխնոց", чтобы скачать книгу для телефона или на ПК.
    Аудиокнига - «Շխնոց»
  6. В разделе «Скачать в виде файла» нажмите на нужный вам формат файла:

    Для чтения на телефоне подойдут следующие форматы (при клике на формат вы можете сразу скачать бесплатно фрагмент книги "Շխնոց" для ознакомления):

    • FB2 - Для телефонов, планшетов на Android, электронных книг (кроме Kindle) и других программ
    • EPUB - подходит для устройств на ios (iPhone, iPad, Mac) и большинства приложений для чтения

    Для чтения на компьютере подходят форматы:

    • TXT - можно открыть на любом компьютере в текстовом редакторе
    • RTF - также можно открыть на любом ПК
    • A4 PDF - открывается в программе Adobe Reader

    Другие форматы:

    • MOBI - подходит для электронных книг Kindle и Android-приложений
    • IOS.EPUB - идеально подойдет для iPhone и iPad
    • A6 PDF - оптимизирован и подойдет для смартфонов
    • FB3 - более развитый формат FB2

  7. Сохраните файл на свой компьютер или телефоне.

Книги автора

Рекомендуем

Последние отзывы
Оставьте отзыв к любой книге и его увидят десятки тысяч людей!
  • константин александрович обрезанов:
    3★
    21.08.2023
  • константин александрович обрезанов:
    3.1★
    11.08.2023
  • Добавить комментарий

    Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *